Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 7, 2017
ԵԳԻՊՏՈՍ

«Փափագում եմ տեսնել այն օրը, երբ անարդարացի արգելքը կվերացվի»

«Փափագում եմ տեսնել այն օրը, երբ անարդարացի արգելքը կվերացվի»

52-ամյա Էհաբ Սամիրը բնիկ եգիպտացի է ու Եհովայի վկա։ Ինչպես նշում է պրն Սամիրը, Եգիպտոսի կառավարության կողմից իրենց պաշտամունքի վրա դրված արգելքների պատճառով Վկաներից շատերին վերաբերվում են «որպես հանցագործների»։ Ուստի նրա համար մխիթարական էր կարդալ ինտերնետային մի հոդված, որը իրավիճակը ներկայացնում էր այնպես, ինչպես կա։

«Դոկտոր Ռիհամ Ատիֆը գրում է. Եհովայի վկաներ» վերնագրով հոդվածը հրատարակվել է 2016թ. օգոստոսի 19-ին «Շբաբ Միսր» եգիպտական օնլայն լրատվամիջոցի կողմից։ Դ-ր Ատիֆը, որը լրագրող է և Կահիրեի համալսարանի դոցենտ, կասկածի տակ է դրել Եգիպտոսում Վկաների մասին տարածված սխալ պատկերացումները։ Նա անձամբ ճանաչում է Եհովայի վկաներից մի քանիսին և նրանց վերաբերյալ ուսումնասիրություններ անելուց հետո ասում է. «Ես համոզված եմ, որ նրանք սիրում են մարդկանց և հարգում են ուրիշների համոզմունքները»։

«Նրանք նպաստում են սիրուն և խաղաղությանը»

Դ-ր Ատիֆը իր հոդվածն ուղղել է այն ընթերցողներին, «որոնք ոչինչ չգիտեն Եհովայի վկաների մասին կամ ատելություն են տածում նրանց նկատմամբ ապատեղեկատվության պատճառով»։ Նրա հոդվածում ամփոփ ներկայացվում են Վկաների հիմնական համոզմունքներից մի քանիսը և նշվում, որ «դրանց մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է գտնել www.pr418.com կայքում»։

Եհովայի վկաների մասին օբյեկտիվ գնահատական տալուց հետո դ-ր Ատիֆը նկատել է, որ Վկաների մասին Եգիպտոսում տարածված կարծիքը մեծապես տարբերվում է իրականությունից։ Նա ասում է. «Նրանց գործունեությունը արգելված է, և ես չեմ հասկանում, թե ինչու։ Նրանք քաղաքական հարցերում չեզոք են.... Նրանք նպաստում են սիրուն և խաղաղությանը»։ Հետո դ-ր Ատիֆը տրամաբանում է իր ընթերցողների հետ. «Արդյո՞ք սրանք պատճառներ են նրանց գործունեությունը արգելելու համար։ Թե՞ նրանց կրոնը արգելված է, քանի որ նրանց սովորեցրած աստվածաշնչյան ուսմունքները տարբերվում են եկեղեցու ուսմունքներից»։

«Փափագում եմ տեսնել այն օրը, երբ անարդարացի արգելքը կվերացվի»

Պրն Սամիրին այնքան դուր եկավ Վկաների մասին հոդվածը, որ նա մղվեց շնորհակալական նամակ գրելու հոդվածի հեղինակին։ Նա գրեց. «[Եգիպտոսի] լրատվությամբ բազմաթիվ հոդվածներ եմ կարդացել Եհովայի վկաների մասին, սակայն դրանցից միայն մի քանիսում են դրական բաներ գրվել։ Ուստի գովեստի է արժանի դ-ր Ատիֆի համարձակությունն ու անկեղծությունը»։ Օնլայն լրատվամիջոցը հրապարակեց պրն Սամիրի արձագանքը 2016թ. դեկտեմբերի 11-ին։

Նամակում պրն Սամիրն արտահայտում է իր խոր ափսոսանքը Վկաների հանդեպ դրսևորվող անհիմն վատ վերաբերմունքի համար և նշում է, որ դրա պատճառը եկեղեցու հոգևորականների հորինած սուտ պատմություններն են։ Պրն Սամիրը նաև գրում է, որ արատավորող պատմությունները վատ վերաբերմունքի հիմնական պատճառն են, որի հետևանքները անձամբ իր վրա է զգացել։ Հետո ավելացնում է. «Մարդուն ճանաչելու լավագույն կերպը նրա հետ անձամբ զրուցելն է։ Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դ-ր Ռիհամ Ատիֆին իր հոդվածի համար»։

Պրն Սամիրը ավարտեց իր նամակը հետևյալ սրտաբուխ խոսքերով. «Փափագում եմ տեսնել այն օրը, երբ Եհովայի վկաների գործունեության վրա դրված անարդարացի արգելքը կվերացվի, և մենք կկարողանանք մեր երկրում առանց խոչընդոտների դավանել մեր կրոնը»։

Կրոնի ազատության հեռանկար

Տասնամյակներ առաջ Եհովայի վկաները Եգիպտոսում անարգել օգտվում էին պաշտամունքի ազատության իրավունքից և ունեին պետական գրանցում։ Սակայն 1960թ.-ին նրանց զրկեցին իրավական կարգավիճակից, ինչպես նաև կրոնի ազատության և մարդու այլ իրավունքներից, որոնցից օգտվում են Եգիպտոսում այլ քրիստոնեական կրոններ։

Այդ ժամանակվանից ի վեր Եգիպտոսում Եհովայի վկաները շարունակում են փաստել, որ իրենք հասարակության կայացած անդամներ են և, ինչպես գրեց դ-ր Ատիֆը, ցանկացած հանգամանքներում «նպաստում են սիրուն և խաղաղությանը»։ Շատերն են պրն Սամիրի նման փափագում տեսնել այն օրը, երբ Եգիպտոսում Վկաները կկարողանան օգտվել իրենց հիմնարար իրավունքներից՝ կրկին ունենալով կրոնի ազատություն։