ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2023
ԵԹՈՎՊԻԱ
«Մատթեոս» գիրքը լույս է տեսել սիդամո և վոլայտա լեզուներով
2023 թ. հուլիսի 23-ին Եթովպիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Լեմա Կոյրան հայտարարեց սիդամո և վոլայտա լեզուներով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի թվային տարբերակի լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի համաժողովների սրահում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ։ Միջոցառմանը ներկա էր շուրջ 1 800 մարդ, իսկ 12 669 հոգի ծրագիրը դիտեց տեսակապի և արբանյակային հեռուստաալիքի միջոցով։ Հանդիպումից անմիջապես հետո թվային ձևաչափով տարբերակը հասանելի դարձավ բեռնելու համար։ «Մատթեոս» գրքի տպագիր օրինակները ժողովներին հասանելի կդառնան գալիք ամիսներին։
Վոլայտա և սիդամո լեզուներով հիմնականում խոսում են Եթովպիայի հարավում։ Վոլայտա լեզվի թարգմանչական խումբը ձևավորվել է 2005 թ.-ին, իսկ սիդամո լեզվինը՝ 2007 թ.-ին։ Երկու խմբերի թարգմանչական գրասենյակներն էլ տեղակայված են այնպիսի տարածքներում, որտեղ տվյալ լեզուն բնակչության մեծ մասի մայրենին է։
Թեպետ երկու լեզուներով էլ առկա են Աստվածաշնչի ամբողջական թարգմանություններ, սակայն դրանք թանկ արժեն, իսկ գտնելը շատ դժվար է։ Թարգմանիչներից մեկը սիդամո լեզվով խոսող հավատակիցների իրավիճակը այսպես նկարագրեց. «Ժողովների մեծ մասը Աստվածաշնչի միայն մեկ տպագիր օրինակ ունի։ Հանդիպումների ժամանակ միայն հռետորն է կարողանում օգտվել դրանից։ Ուստի Աստվածաշնչի անձնական ընթերցանության համար պետք է գնանք Թագավորության սրահ և օգտագործենք Աստվածաշնչի միակ հասանելի օրինակը։ Բայց այժմ, երբ ունենք սիդամո լեզվով «Մատթեոս» գիրքը, կարող ենք Աստծու Խոսքն ընթերցել և ուսումնասիրել մեր տներում»։
Վոլայտա լեզվի մի թարգմանիչ էլ իր գնահատանքն արտահայտեց պարզ ու հասկանալի «Նոր աշխարհ թարգմանության» համար։ Նա ասաց. «Աստվածաշնչի թարգմանություններից մեկը Մատթեոս 28։19 համարում սուրբ ոգին ներկայացնում է որպես անձ։ Դրա հետևանքով ծառայության ժամանակ շատ դժվար է բացատրել Հոր, Որդու և սուրբ ոգու միջև եղած տարբերությունը։ Բայց «Նոր աշխարհ թարգմանությունը» հստակ է դարձնում, որ սուրբ ոգին ուժ է։ Վստահ եմ, որ վոլայտա լեզվով «Մատթեոս» գիրքը մեծ օգնություն կլինի քարոզչական գործում»։
Սիդամո և վոլայտա լեզուներով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի լույսընծայումը փաստում է, որ բարի լուրը հասանելի է դառնում «ամեն ազգի, ցեղի [և] լեզվի» (Հայտնություն 14։6)։