ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 2023
ԶԻՄԲԱԲՎԵ
Զիմբաբվեի մասնաճյուղի 75-րդ տարեդարձը
2023 թ. սեպտեմբերին լրացավ Զիմբաբվեում Եհովայի վկաների մասնաճյուղի 75-րդ տարեդարձը։ Ներկայումս Բեթելի շինությունները տեղակայված են Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում։
Երբ Եհովայի վկաները սկսեցին քարոզել Զիբաբվեում, այնտեղի գործունեությունը կազմակերպում էր Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը։ 1932 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը քարոզարշավի նպատակով չորս ռահվիրաներ ուղարկեց Հարավային Ռոդեզիա (Զիմբաբվեի նախկին անվանումը)։ Դա նպաստեց, որ քարոզչական գործը մեծ թափ առնի։
1940 թ. նոյեմբերին ազգայնամոլության ալիքն ու պատերազմական հիստերիան մեր հրատարակությունների ներմուծման ու տարածման արգելքի պատճառ դարձան։ Այդ տարիներին բազմաթիվ հավատակիցներ չեզոքության համար բանտարկվեցին։ Չնայած դրան՝ մեր հավատակիցները շարունակում էին զգուշորեն պատմել բարի լուրը և հրաշալի արդյունքներ էին ունենում։ Վեց տարի անց արգելքը հանվեց։ Կարճ ժամանակ հետո երկրում քարոզիչների թիվը եռապատկվեց՝ հատելով 3 500-ի սահմանը։
Աճող կարիքին ընդառաջ՝ 1948 թ. սեպտեմբերի 1-ին Զիմբաբվեի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բուլավայոյում, մասնաճյուղ հիմնադրվեց։ Մասնաճյուղի առաջին ծառայող նշանակվեց եղբայր Էրիկ Քուկը։ Հետագայում Զիմբաբվեում միսիոներներ նշանակվեցին «Գաղաադի» շրջանավարտներ Ջորջ և Ռուբի Բրեդլիները, Ֆիլիս Քայթը և Միրթլ Թեյլորը։
Հետագա տասնամյակներին Զիմբաբվեում քարոզիչների թվի կայուն աճ էր գրանցվում։ Ուստի տարեցտարի ընդլայնվող գործունեությունը կազմակերպելու համար մասնաճյուղի նոր շինություններ ձեռք բերվեցին։
Հարարեում կառուցված ներկայիս շինության նվիրումը տեղի է ունեցել 1998 թ. դեկտեմբերին։ Մասնաճյուղը վերահսկում է 7 լեզուների թարգմանչական գործը և իր տարածքի 964 ժողովների գործունեությունը։ Զիմբաբվեում քարոզիչների թիվը ավելի քան 46 000 է, իսկ 2023 թ. Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին ներկա է եղել 120 702 հոգի։
Մենք ցնծում ենք՝ տեսնելով, որ Զիմբաբվեում Եհովային ծառայողների թիվը օրեցօր աճում է։ Անկասկած, Եհովայի «աչքերն ու.... սիրտը ընդմիշտ այնտեղ» են, որտեղ իրեն հավատարիմ մարդիկ կան (2 Տարեգրություն 7։16)։