ՄԱՅԻՍԻ 22, 2024
ԶԻՄԲԱԲՎԵ
Հատուկ քարոզարշավ՝ չիտոնգա (Զիմբաբվե) լեզվով խոսող մարդկանց համար
2024 թ. ապրիլի 13-27-ը Զիմբաբվեի տարբեր տարածքներից Եհովայի վկաներ մասնակցեցին չիտոնգա (Զիմբաբվե) լեզվով հատուկ քարոզարշավի։ Զիմբաբվեի մոտ 300 000 չիտոնգախոսները ապրում են հյուսիսարևմտյան Բինգա շրջանի գյուղական տարածքներում։ Նրանցից յուրաքանչյուրին հասնելը բարդ գործ է, քանի որ չիտոնգա (Զիմբաբվե) լեզվով գործող 8 ժողովներում ծառայում է ընդամենը 300 քարոզիչ։
Քարոզարշավը հիանալի արդյունքներ բերեց։ Ժողովներից մեկում շաբաթավերջի հանդիպմանը 77 հետաքրքրվող ներկա եղավ, իսկ հաջորդ շաբաթ՝ 126 հոգի։ Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։
Քարոզարշավի ընթացքում մեր եղբայրները մոտեցան մի ֆերմայի, որտեղ նրանց ողջունեց մի կին իր երեխաների հետ։ Եղբայրները հարցրին, թե արդյոք կարող են խոսել ընտանիքի գլխի հետ։ Երբ նա եկավ, ասաց, որ այդ գյուղի գյուղապետն է։ Նա շատ էր տպավորվել, որ եղբայրները հարգանք էին դրսևորել և ցանկացել էին անձամբ իր հետ խոսել։ Նա ուրախությամբ ցույց տվեց չիտոնգա (Զիմբաբվե) լեզվով իր Աստվածաշունչը, իսկ եղբայրները ներկայացրին, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել և շարունակել ուսումնասիրությունը։ Գյուղապետը նաև թույլ տվեց, որ եղբայրները բարի լուրը պատմեն իր հսկողության տակ գտնվող մյուս ֆերմաներում։
Երկու եղբայրներ քաղաքում քարոզելիս հանդիպեցին մի տղամարդու, ով ներկայացավ որպես Եհովայի վկա։ Նա ասաց, որ Վկաները իր հորը քարոզել են 1993 թ.-ին։ Վերջինս սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել, սակայն մի քանի տեղափոխությունների պատճառով կորցրել է կապը Վկաների հետ։ Հաջորդ օրը եղբայրները մոտ մեկուկես ժամ քայլեցին, որ հանդիպեն այդ տղամարդու հորը։ Վերջինս, անչափ հուզված, ասաց, որ այդ օրը իր կնոջ հետ աղոթել է, որ Վկաները այցելեն իրենց։ Նրանց ամբողջ ընտանիքը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մասնակցեց միջշաբաթյա հանդիպմանը։ Նրանք նույնիսկ իրենց հարևանին բերեցին ժողով։
Ալիսիա անունով մի քույր հանդիպեց մի տարեց կնոջ, ով համաձայնեց գալ ժողովի հանդիպման։ Երբ քույրը գնաց նրան ուղեկցելու, տեսավ, որ այդ տարեց կինն էլ իր հերթին հրավիրել է ընկերուհուն։ Հանդիպումից հետո տարեց կինն ասաց. «Կասկած չունեմ, որ Աստված ձեզ հետ է։ Այստեղ տիրող սերն ու ջերմ ընդունելությունը ինձ նորից ձեզ մոտ կբերեն»։
Զիմբաբվեի մեր եղբայրների և քույրերի հետ ցնծում ենք, որ քարոզարշավը լավ պտուղներ է բերել։ Դա հիշեցնում է մեզ, որ ճշմարտության սերմերը ցանելու մեր ջանքերը անպայման հաջողությամբ են պսակվելու (Ժողովող 11։6)։