Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 23, 2020
ԷԿՎԱԴՈՐ

Էկվադորի Վկաները քարոզում են տնից

Էկվադորի Վկաները քարոզում են տնից

Մինչ COVID-19 համավարակը տարածվում է, մեր հավատակիցները շարունակում են քարոզելու այլ մեթոդներ գտնել։ Էկվադորի քարոզիչները այս հարցում մեծ հաջողություններ են ունեցել։

Ամբատո քաղաքում 7 տարեկան մի քարոզիչ իր մայրիկի հետ տեքստային հաղորդագրություններ ուղարկեց իր ուսուցիչներին։ Նա գրել էր. «Բարև Ձեզ։ Քանի որ դժվար ժամանակներում ենք ապրում, որոշեցի այս մխիթարական հաղորդագրությունը ուղարկել Ձեզ։ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքի 21-րդ գլխի 4-րդ համարում կարդում ենք, որ Աստված մեզ լավ ապագա է խոստացել։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար սեղմեք այս հղումը»։

Ուսուցիչներից մեկը հետևյալն էր գրել. «Շնորհակալ եմ, անուշիկս։ Թեև տարիքով փոքր ես, սակայն իմաստուն խոսքեր ես գրել»։ Մեկ այլ ուսուցիչ էլ շնորհակալություն էր հայտնել նրան և հարցրել, թե արդյոք կա «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի էլեկտրոնային տարբերակը։ Ուսուցիչն ասել էր, որ ունեցել է այդ գիրքը, բայց տվել է իր աշակերտներից մեկին։ Փոքրիկ քարոզիչը նրան բացատրել էր, թե ինչպես կարող է բեռնել այդ գիրքը jw.org կայքից։

Կևեդո քաղաքում մի ամուսնական զույգ հեռախոսահամարների իրենց ցանկից հաղորդագրություն ուղարկեց բոլոր այն մարդկանց, ովքեր Վկաներ չէին։ Նրանք գրել էին. «Ես Եհովայի վկա եմ։ Համաշխարհային առողջապահական այս ճգնաժամի պատճառով մենք չենք կարողանում տնետուն քարոզել, սակայն շատ կցանկանայինք ձեզ հետ խոսել տեսակապի միջոցով»։

Մարդկանց մեծամասնությունը համաձայնեց տեսակապով հանդիպել։ Մի կին, ով նախկինում չէր ցանկացել լսել Եհովայի վկաներին, շնորհակալություն հայտնեց ամուսիններին և գովեց վերջիններիս իրենց նախաձեռնության համար։ Նա նշել էր, որ շատ ճնշված է տիրող իրավիճակի պատճառով։ Մեր հավատակիցները PDF ձևաչափով այդ կնոջն էին ուղարկել «Արթնացե՛ք» պարբերագրի 2020 թ. № 1 թողարկումը, որի վերնագիրն է «Թեթևացում սթրեսից»։ Հաջորդ զրույցի ժամանակ այդ կինը երախտիքի իր խոսքերն էր արտահայտել պարբերագրի համար և նշել էր, որ մի քանի անգամ կարդացել է այն։

Ջոանա անունով մի խուլ քույր, որն ապրում է Սանտո Դոմինգո դե լոս Տսաչիլաս նահանգում, նկարներով նամակ «գրեց»։ a Հետո նա լուսանկարեց իր նամակը և հաղորդագրության միջոցով այն ուղարկեց իր բոլոր խուլ ու համր կոնտակտներին։ Նամակը ստացողներից մեկը խուլ չէր։ Այդ կինը արագ արձագանքեց ու հարցեր ուղարկեց։ Քանի որ Ջոանան չհասկացավ հարցերը, լսողության խնդիր չունեցող մի ռահվիրա քրոջ խնդրեց, որ պատասխանի դրանց։

Հետաքրքրվող կինը Ռոնդային՝ այդ ռահվիրա քրոջը ասաց, որ Ջոանայի ուղարկած նկարները տպավորել էին իրեն։ Նա հարցրեց, թե Աստվածաշնչում կան այլ համարներ, որոնք վերաբերում են երկրի վրա տիրող իրավիճակին։ Ռոնդան կարդաց Ղուկաս 21:10, 11 համարները, որից հետո ուղարկեց «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» և «Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը» տեսանյութերը։ Կինը ցանկություն է հայտնել շարունակելու իրենց զրույցը։

Ինչպես Պողոս առաքյալն էր շարունակում «հիմնովին վկայություն տալ Աստծու թագավորության մասին», երբ բանտում էր, այդպես էլ մեր քույրերն ու եղբայրներն են շարունակում ամեն առիթ օգտագործել քարոզելու համար, թեև չեն կարողանում տնից դուրս գալ (Գործեր 28։23

a Քանի որ շատ խուլ ու համր մարդիկ դժվարանում են գրավոր տեքստը հասկանալ, ժեստերի լեզվով խոսող շատ քարոզիչներ բառեր գրելու փոխարեն իրենց մտքերն արտահայտում են նկարների միջոցով։