ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2024
ԷՐԻԹՐԵԱ
Եհովայի վկաները արդեն 30 տարի է՝ դաժանորեն հալածվում են Էրիթրեայում
2024 թ. հոկտեմբերին լրացավ 30 տարին, ինչ Եհովայի վկաները դաժան հալածանքների են ենթարկվում Էրիթրեայում։ 1994 թ.-ից ի վեր ավելի քան 270 եղբայրներ ու քույրեր իրենց հավատի համար անարդարացիորեն բանտարկվել են և նույնիսկ կտտանքների ենթարկվել։ Ներկայումս 64 հոգի գտնվում է բանտում, ընդ որում՝ նրանցից ոչ ոք երբևէ չի մեղադրվել կամ չի դատապարտվել որևէ հանցագործության համար։
1994 թ. հոկտեմբերի 25-ին Էրիթրեայում ծնված բոլոր Եհովայի վկաները նախագահ Իսայաս Աֆվերկիի հրամանագրով զրկվեցին քաղաքացիությունից։ Դա պատասխան քայլ էր ընդդեմ մեր եղբայրների, ովքեր հրաժարվել էին մասնակցել քաղաքական գործերին և զինծառայություն կատարել։ Մինչ 1994 թ. Էրիթրեայի Եհովայի վկաները որոշ չափով բախվում էին հակառակության, բայց նախագահական հրամանագրից հետո իրավիճակն ավելի սաստկացավ։ Հաջորդ տասնամյակների ընթացքում հարյուրավոր եղբայրներ ու քույրեր կամայական ձերբակալվեցին, բանտարկվեցին և դաժան վերաբերմունքի ենթարկվեցին։
Երբ 2020 թ. դեկտեմբերից 2021 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում 32 Վկաներ ազատ արձակվեցին բանտից, թվաց, թե Էրիթրեայում իրավիճակը կբարելավվի։ Բայց ցավոք, այդպես չեղավ։ Ավելի քան 20 հոգի բանտարկված մնացին, և մեր եղբայրների ու քույրերի ձերբակալությունները շարունակվեցին։ 2024 թ. սեպտեմբերի վերջին ոստիկանները ներխուժեցին մի մասնավոր տուն և ձերբակալեցին 25 հոգու, ովքեր մասնակցում էին աստվածաշնչյան քննարկումների նպատակով կազմակերպված խաղաղ հավաքույթի։ Ձերբակալվածների թվում էին 80-ն անց երեք հավատակիցներ, մոտ 6 ամսական հղի մի քույր և 2 մանկահասակ երեխա։ Ավելի ուշ երեխաներին ազատ արձակեցին, սակայն չափահասներին տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։
Էրիթրեայում իրենց հավատի համար բանտարկվածները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և գտնվում են ծայրահեղ վատ պայմաններում։ Եղբայր Նեգեդե Տեկլեմարիամը, ով 26 տարի բանտարկված է եղել, պատմել է. «Մենք պարաններով կապկպված էինք, ու մեր հանդեպ անգութ էին։ Պետք է դիմանայինք դաժան ծեծին ու հարկադիր աշխատանքին.... Նրանք սպասում էին, որ.... մահանանք»։ Ցավոք, 4 եղբայրներ ծանր պայմանների պատճառով մահացել են բանտում, 3-ն էլ մահացել են անմիջապես ազատ արձակվելուց հետո։
Ծանր դժվարություններ են կրում նույնիսկ մեր այն եղբայրներն ու քույրերը, ովքեր բանտարկված չեն։ Օրինակ՝ քաղաքացիություն չունենալու հետևանքով շատերը կորցրել են իրենց աշխատանքը, տունը և ազատ ճամփորդելու հնարավորությունը։ Ոմանք իրենց քրիստոնեական չեզոքության համար ֆիզիկական կամ բանավոր ագրեսիայի են ենթարկվում հարևանների և պետական պաշտոնյաների կողմից։ Բացի այդ՝ պատանի Վկաներին արգելվում է լիարժեք կրթություն ստանալ, քանի որ կառավարությունը ուսումն ավարտել ցանկացող բոլոր աշակերտներից պահանջում է զինվորական պատրաստություն անցնել։
Էրիթրեայում մեր հավատակիցների շարունակական հալածանքը մեզ խոր ցավ է պատճառում։ Բայց վստահ ենք, որ Եհովան հիշում է մեր այդ բոլոր եղբայրներին ու քույրերին, ովքեր խիզախ ու անսասան են մնում՝ չնայած տասնամյակներ տևող սաստիկ հալածանքներին։ Մեր ողջ եղբայրությունը միասնաբար աղոթում է, որ Եհովան շարունակի ուժ տալ նրանց և օգնի դիմանալ այդ «կրակոտ փորձություններին» (1 Պետրոս 4։12-14)։