Անցնել բովանդակությանը

Եղբայր Թեսֆազիոն Գեբրեմիքայելը 11 տարի է՝ ազատազրկված է Էրիթրեայում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 2022
ԷՐԻԹՐԵԱ

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել 80-ամյա էրիթրեացի Վկային

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել 80-ամյա էրիթրեացի Վկային

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մտահոգություն է հայտնել եղբայր Թեսֆազիոն Գեբրեմիքայելի մասին, ով ավելի քան 11 տարի է՝ ազատազրկված է Էրիթրեայում։ Հանձնաժողովի վեբ կայքում նշվում է, որ «Գեբրեմիքայելը արդեն 80-ն անց է, ուստի անհանգստություններ են առաջանում բանտում նրա առողջական վիճակի հետ կապված»։ 2022 թ. հոկտեմբերի 7-ին Հանձնաժողովի հանձնակատար Ֆրդերիկ Դեյվին հանրորեն կոչ արեց ազատ արձակել եղբայր Գեբրեմիքայելին։

Իշխանությունները ձերբակալեցին եղբայր Գեբրեմիքայելին 2011 թ. հուլիսի 20-ին, երբ նա ուրիշների հետ զրուցում էր իր հավատալիքների մասին։ Չնայած՝ եղբայրը Էրիթրեայում է ծնվել, նա այլևս քաղաքացի չի համարվում, քանի որ 1994 թ.-ին կառավարությունը զրկել է Եհովայի վկաներին քաղաքացիությունից։

Եղբայր Գեբրեմիքայելը Եհովայի վկա է դարձել 1971 թ. հունվարին։ Նա ճանաչված է որպես սիրալիր, բարի, խաղաղարար մարդ և ընտանիքի լավ գլուխ, ով միշտ պատրաստ է օգնության հասնել իր հարևաններին։ Իր կնոջ՝ Լեմլեմի հետ ամուսնացել է 1974 թ.-ին։ Վերջինս նույնպես Եհովայի վկա է։ Նրանք ունեն չորս երեխա և հինգ թոռ։

Քույր Գեբրեմիքայելը ասում է. «Թեպետ շատ անհանգիստ եմ բանտում ամուսնուս առողջական վիճակի համար, շատ եմ կարոտում նրան, զգում եմ նրա սիրո ու աջակցության կարիքը, բայց վստահ եմ, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։ Հիանում եմ ամուսնուս նվիրվածությամբ ու անարատ մնալու վճռականությամբ։ Խորհրդածելով Ժողովող 10։4-ի շուրջ՝ մղվում եմ հանդարտություն պահպանել, մինչ մեր ընտանիքը անցնում է այս փորձության միջով»։

Էրիթրեան ակտիվորեն հալածել է Եհովայի վկաներին 1991 թ.-ից։ Թեպետ 2020 թ. դեկտեմբերից 2021 թ. փետրվարը ընկած ժամանակահատվածում 32 Վկաներ պայմանականորեն ազատ արձակվեցին, մեր եղբայրներից ու քույրերից 20-ը դեռևս բանտում են։ Բոլորն էլ ազատազրկված են անորոշ ժամանակով։ Քանի որ չկա իրավական պաշտպանության ներպետական որևէ արդյունավետ ընթացակարգ կամ միջոց, նրանց ազատազրկումը փաստացի հավասար է ցմահ բանտարկության։

Մարդու իրավունքների հարցերով հիմնական միջազգային կառույցները բազմիցս դատապարտել են Էրիթրեայի կողմից մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը և կոչ են արել վերջինիս շտկել ստեղծված իրավիճակը։ 2016 թ.-ին Էրիթրեայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խախտումները հետաքննող հանձնաժողովը նույնիսկ եկավ այն եզրահանգման, որ Էրիթրեայի իշխանությունները «մարդկության դեմ հանցանք» են գործել՝ հալածելով Եհովայի վկաներին և ուրիշներին։

Եղբայր Գեբրեմիքայելի երկարատև ազատազրկումը փաստում է Վկաների, նույնիսկ տարեցների հանդեպ պետության դաժան վերաբերմունքի մասին։ 2011 թ.-ից ի վեր կալանքի ընթացքում անմարդկային պայմաններում գտնվելու պատճառով չորս Եհովայի վկաներ մահացել են բանտում, իսկ երեք տարեց Վկաներ՝ ազատ արձակվելուց հետո։

Էրիթրեայի իշխանությունները մերժել են այս հարցը քննելու մասին Եհովայի վկաների դիմումները։

Անդադար աղոթում ենք մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր անարդարացիորեն ազատազրկված են։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել նրանց (Եբրայեցիներ 13։3