Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 2014
ԷՐԻԹՐԵԱ

Քսան տարի ազատազրկման մեջ Էրիթրեայում—Մինչև ե՞րբ

Քսան տարի ազատազրկման մեջ Էրիթրեայում—Մինչև ե՞րբ

Քսան տարի առաջ Էրիթրեայի իշխանությունները ձերբակալեցին երեք երիտասարդների և բանտարկեցին «Սավա» կալանավայրում՝ ծայրահեղ վատ պայմաններում։ Նրանք առայսօր այնտեղ են։ Նրանց երբևէ մեղադրանք չի առաջադրվել, ոչ էլ հնարավորություն է ընձեռվել պաշտպանելու իրենց դատարանի առաջ։

Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը Եհովայի վկաներ են և բանտարկվել են, քանի որ ունեն ամուր կրոնական համոզմունքներ։ Նրանք այսօր արդեն 41, 40 և 38 տարեկան են և իրենց երիտասարդ տարիները անցկացրել են ազատազրկման մեջ։ Նրանք զրկված են եղել ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորությունից, ոչ էլ կարողացել են հոգ տանել իրենց տարիքն առած ծնողների մասին։ Իրենց փոխարեն՝ ուրիշներն են որոշել, թե ինչպես կանցնի իրենց երիտասարդությունը։ Նրանք նաև հնարավորություն չեն ունեցել երկրպագելու իրենց Աստծուն հավատակիցների հետ միասին։

1994-ի սեպտեմբերի 17-ին ազատազրկվելուց հետո Պաուլոսը, Նեգեդեն և Իսակը «Սավա» բանտի աշխատակազմի կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի և նույնիսկ կտտանքների։ Վերջին տարիներին, սակայն, նրանց նկատմամբ այլևս նման վերաբերմունք չի դրսևորվում, և իրենց կրոնական համոզմունքներին հավատարիմ մնալու շնորհիվ նրանք անգամ արժանացել են հսկիչների հարգանքին։

Վատ պայմաններում ազատազրկված այլ Վկաներ

Բացի Էրիթրեայից, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ Եհովայի վկաների նկատմամբ նման դաժան վերաբերմունք չի դրսևորվում։ Այս հոդվածի պատրաստման ընթացքում 73 Եհովայի վկաներ, ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, գտնվում էին ազատազրկման մեջ։ Շատերը ծայրաստիճան դաժան, անապատային պայմաններում են պահվում, առանց նորմալ սննդի և բավականաչափ ջրի։ Նրանք նաև բանտի աշխատակիցների կողմից ենթարկվել են վատ վերաբերմունքի։ Երեք այլ Վկաներ արդեն ավելի քան 10 տարի է՝ «Սավա» բանտում են, բայց Պաուլոսը, Նեգեդեն և Իսակը ամենաերկար ժամանակ ազատազրկման մեջ գտնվող Վկաներն են Էրիթրեայում։

Միջազգային հանրությունը կոչ է անում Էրիթրեային դադարեցնել կրոնական շարժառիթներով հետապնդումները

Միջազգային հանրությունը իրազեկ է Էրիթրեայում Եհովայի վկաների և այլ կրոնական փոքրամասնությունների հանդեպ դրսևորվող անարդար վերաբերմունքի մասին։

  • 2004-ից ի վեր ամեն տարի ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնում է, որ Էրիթրեան «խիստ մտահոգության տեղիք է տալիս» և դասվում է այն «երկրների շարքին, որոնց կառավարությունը լրջորեն ոտնահարում է կրոնի ազատությունը կամ հանդուրժում է նման խախտումները, որոնք սիստեմատիկ, աղաղակող և շարունակական բնույթ են կրում»։

  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը իր խորին մտահոգությունն է հայտնել «Էրիթրեայի իշխանության կողմից իր իսկ ժողովրդի և քաղաքացիների իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ»։ Այն կոչ է անում Էրիթրեայի կառավարությանը «հարգել յուրաքանչյուրի մտքի, խղճի և կրոնի կամ համոզմունքի.... ազատության իրավունքը»։

  • Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի 2014-ի տարեկան զեկույցում նշվում է. «Կրոնի ազատության հետ կապված իրավիճակը մասնավորապես ծանր է.... Եհովայի վկաների պարագայում»։

  • Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը իր 2013թ. համաշխարհային զեկույցում նշեց, որ Էրիթրեայի կառավարությունը շարունակում է ձերբակալել, կալանավորել և կտտանքների ենթարկել «չգրանցված» կրոններին, և որ «հատկապես Եհովայի վկաները նման վերաբերմունքի զոհ են»։

  • Մարդու և Ժողովուրդների իրավունքների հարցերով աֆրիկյան հանձնաժողովը 2005թ. դեկտեմբերին ընդունել է Էրիթրեայում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձև, որով կոչ է արվում Էրիթրեային «ցանկացած պարագայում երաշխավորել արդար դատաքննության իրավունքը, կարծիք ունենալու և այն արտահայտելու ազատությունը, ինչպես նաև խաղաղ հավաքների իրավունքը»։

Ֆիլիպ Բրամլին Եհովայի վկաների իրավախորհրդատուներից մեկը ամբողջ աշխարհի Եհովայի վկաների անունից նշեց. «Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ Էրիթրեայի կառավարությունը ազատ կարձակի բոլոր Վկա կալանավորներին, այդ թվում այն երեք տղամարդկանց, ովքեր 20 տարի է՝ ազատազրկված են, և վերջ կդնի մեր հավատակիցների նկատմամբ հալածանքին»։