Անցնել բովանդակությանը

ԷՐԻԹՐԵԱ

Իրավիճակը Էրիթրեայում

Իրավիճակը Էրիթրեայում

Ամենածանր հալածանքի Եհովայի վկաները ենթարկվում են Էրիթրեայում։ Սկսած 1993թ.-ից, երբ Էրիթրեան հռչակվեց անկախ պետություն, կառավարությունը անդադար ազատազրկում, կտտանքների է ենթարկում ու հալածում է Եհովայի վկաներին։ 1994թ. հոկտեմբերի 25-ին նախագահական հրամանով սահմանվեց, որ Էրիթրեայում Վկաները «զրկվում են իրենց քաղաքացիությունից», քանի որ հրաժարվում են զինծառայությունից ու քաղաքական գործերին մասնակցելուց։ Այդպիսով՝ կառավարությունը զրկեց Վկաներին քաղաքացու հիմնական իրավունքներից։

Հալածանքների ու դժվարությունների տարիներին բազմաթիվ Վկաներ ստիպված եղան հեռանալ երկրից։ Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, անընդհատ հալածանքների են ենթարկվում և ստիպված են ծայրահեղ զգուշություն դրսևորել ցանկացած կրոնական գործունեություն ծավալելիս։ Այս տարիների ընթացքում Էրիթրեայի կառավարությունը կալանավորել ու ազատազրկել է բազմաթիվ Վկաների։ Ոմանք ազատազրկվել են, քանի որ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել են զինծառայությունից կամ քանի որ հաճախել են կրոնական հավաքույթների, զրուցել են Աստվածաշնչի մասին ուրիշների հետ կամ էլ այլ անհայտ պատճառներով։ Ազատազրկվում են տարեցները, կանայք, երբեմն էլ նույնիսկ երեխաները։ Երեք տղամարդիկ արդեն ավելի քան 20 տարի է բանտում են։ Նրանց նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել, և ոչ էլ դատաքննություն է անցկացվել։

Եհովայի վկաների հալածանքը Էրիթրեայում գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։ Աֆրիկայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաները Էրիթրեայի կառավարության ուշադրությունը հրավիրել են այս խնդրի վրա, սակայն կառավարությունը շատ քիչ բան է արել իրավիճակը շտկելու համար։ Բացի այդ, խնդիրը լուծելու նպատակով Վկաները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել Ասմարայում պետական պաշտոնյաների հետ հանդիպելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են նրանց հետ հանդիպելուց։