ՀՈՒՆԻՍԻ 28, 2023
ԹԱԻԼԱՆԴ
Թաիլանդի մասնաճյուղի շինարարության հետաձգումը անսպասելի օրհնությունների դուռ է բացել
Թաիլանդի մասնաճյուղի շինարարության և վերանորոգման նախագիծը սկսվեց 2019 թ.-ին։ Դրան մասնակցում էին տեղի և միջազգային կամավորներ։ Սակայն երբ սկսվեց COVID-19 համավարակը, շինարարության միջազգային 50 ծառայողներից 8-ը մնացին Թաիլանդում, իսկ մյուսները վերադարձան իրենց երկրներ։ Սահմանափակումները հանվելուն պես՝ աշխատանքները վերսկսվեցին։ Նախագիծը ավարտին հասցնելու համար տեղի կամավորներ հրավիրվեցին և վերապատրաստում անցան։ Աշխատանքի վերջին փուլն ավարտվեց 2023 թ. ապրիլի 30-ին։
Եղբայր Սեթհասատ Տավանսիրիկուլը և նրա կինը՝ Ուարապորնը, տեղի կամավորների թվում էին։ Սկզբում նրանք անհանգստանում էին, որ բավարար փորձ չունեն։ Սեթհասատը ասում է. «Շինհրապարակ հասնելուն պես՝ հրաշալի ուսուցում ստացանք»։
Այս նախագծից ստացած մեծ ուրախությունն ու գոհունակությունը մղեցին տեղի կամավորներից շատերին լիաժամ ծառայության այլ ձևերի մասնակցել։ Ոմանք այժմ ծառայում են Թաիլանդի մասնաճյուղի տարածքի շինարարական այլ նախագծերում։ Մի քույր այժմ սովորում է Թագավորության քարոզիչների դպրոցում։ Մյուսներն էլ սկսել են ծառայել Բեթելում։ Բեթելի ընտանիքի այս նոր անդամներից մեկը՝ եղբայր Ռապեպատ Ուորադեցակուլը, ասում է. «Շինարարության ընթացքում ես զգացի Եհովայի աջակցությունը, ու հենց դա ինձ քաջությամբ լցրեց ընդունելու իմ նոր նշանակումը Բեթելում։ Վստահ եմ, որ այս նշանակման մեջ նույնպես Եհովան ինձ հետ կլինի»։
Թաիլանդի մասնաճյուղի շինարարական և վերանորոգման աշխատանքները ներառում էին բնակելի և գրասենյակային տարածքների վերանորոգումը, տեխսպասարկման և պահեստավորման նոր շենքի, ինչպես նաև նոր կայանատեղիի կառուցումը։ Բացի այդ՝ Բեթելի ընտանիքի անդամների համար մասնաճյուղի մոտակայքում գտնվող վեց բնակարաններ գնվեցին և վերանորոգվեցին։
Ուրախ ենք, որ Թաիլանդում ապրող մեր եղբայրներն ու քույրերը պատրաստակամորեն ծառայում են Եհովային և զգում Սաղմոս 34։8-ում գրված խոսքերի ճշմարտացիությունը. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»։