ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2020
ԹԱԻԼԱՆԴ
Թաիլանդում հատուկ քարոզարշավի շրջանակներում հազարավոր մարդիկ են քարոզվում
2019 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը թաի լեզվով անցկացվող ժողովներում և խմբերում ծառայող քույրերն ու եղբայրները 11 երկրներից ժամանեցին Թաիլանդ՝ մասնակցելու հատուկ քարոզարշավի։ Քարոզարշավի նպատակն էր՝ թաի լեզվով խոսող մոտ 4 800 քարոզիչներին օգնել քարոզելու Բանգկոկում և Բանգկոկի հարակից տարածքներում ապրողներին։ 600-ից ավելի քարոզիչներ մասնակցեցին այս քարոզարշավին, որոնք ծառայեցին ընդհանուր հաշվով 34 625 ժամ, տարածեցին 32 718 հրատարակություն, ցույց տվեցին 6 637 տեսանյութ և սկսեցին Աստվածաշնչի 310 ուսումնասիրություն։
Վերջին երկու տարիների ընթացքում սա երկրորդ քարոզարշավն էր Թաիլանդում։ Առաջին քարզարշավից հետո, որը տեղի ունեցավ 2018 թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվարը, եղբայր Պլակորն Պեստանյեն, ով Թաիլանդի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նշեց. «Սկսված Աստվածաշնչի ուսումնասիրությունների թիվը և քարոզարշավի դրական ազդեցությունը ժողովների վրա գերազանցեցին մեր սպասելիքները»։ Այս արդյունքները տեսնելով՝ մասնաճյուղը որոշեց երկրորդ քարոզարշավը կազմակերպել։
Այս վերջին քարոզարշավի ընթացքում մասնակիցներից շատերը որոշեցին նախատեսվածից երկար մնալ, որպեսզի ավելի շատ մարդկանց օգնեն իմանալ Եհովայի մասին։ Կորեայից մի զույգ որոշել էր մի ամիս մնալ Թաիլանդում, սակայն, տեսնելով, որ շատ մարդիկ են հետաքրքրվում ճշմարտությամբ, զույգը որոշեց ևս երկու շաբաթ մնալ։ Կորեայից մեկ այլ քույր, որը աշխատանքից դուրս էր եկել քարոզարշավին մասնակցելու համար, որոշեց տեղափոխվել Թաիլանդ։
Քարոզիչների ջանքերը հաջողությամբ պսակվեցին։ Օրինակ՝ երկու Վկաներ՝ մայր ու աղջիկ, մի կնոջ հետ խոսեցին իր աշխատանքի վայրում։ Առաջին զրույցի ընթացքում նրան տվեցին «Արթնացե՛ք» պարբերագրի 2019 թ. երկրորդ համարը, որի վերնագիրն էր «Ձեր երեխաներին անհրաժեշտ վեց դաս»։ Երբ քույրերը նորից այցելեցին այդ կնոջը, նա ուրախ ողջունեց նրանց՝ օդում թափահարելով «Արթնացե՛ք» պարբերագիրը, որը տվել էին քույրերը նախորդ հանդիպման ժամանակ։ Այդ կինն ասաց. «Ի՜նչ հետաքրքիր էր։ Կուզեի ավելի շատ բան իմանալ»։ Քարոզիչները պայմանավորվեցին շաբաթը մեկ անգամ ընդմիջման ժամանակ ուսումնասիրություն անցկացնել այդ կնոջ հետ։ Նրանք օգնեցին նաև, որ այդ կինը բեռնի «JW Library» հավելվածը։ Հիմա նա Վկաների հետ շարունակում է ուսումնասիրությունը շաբաթը երկու անգամ։ Նա նաև իր երեխաներին ցույց է տալիս մեր տեսանյութերը, օրինակ՝ անիմացիաները։
Մեկ ուրիշ քարոզիչ զրուցել էր մի կնոջ հետ, որը տպավորվել էր Վկաների հագուկապից և սիրալիր վերաբերմունքից։ Այդ կինն ասել էր, որ շատ եկեղեցիներ է գնացել, որպեսզի ընկերներ գտնի, սակայն ապարդյուն։ Քարոզիչը նրան հրավիրեց հենց այդ օրվա ժողովի հանդիպմանը։ Կինը եկավ, և երբ ծանոթացավ տարբեր մշակույթների քույրերի ու եղբայրների հետ, շատ տպավորվեց։ Նա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց «Բարի լուր Աստծուց» գրքույկով և ցանկանում է շարունակել հաճախել հանդիպումներին։
Մեկ ուրիշ քույր էլ միջին տարիքի կնոջ էր հանդիպել Բանգկոկի շրջաններից մեկում՝ Բենգ Նայում։ Այդ կինն ասել էր, որ թեև անցյալում եկեղեցի է հաճախել, սակայն Աստվածաշունչ չունի։ Քույրը նրան օգնեց բեռնել «JW Library» հավելվածը և «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Երբ քարոզիչները վերայցելեցին նրան, այդ կինն ասաց, որ Աստվածաշունչ է կարդացել հավելվածով։ Քույրերը նրան ցույց տվեցին «Բարի լուր» գրքույկի վերջին էջի հարցերը և մեկ առ մեկ կարդացին դրանք։ Կինն ասաց, որ բոլոր հարցերի պատասխաններն էլ կուզեր իմանալ։ Այդ կնոջ հետ ուսումնասիրություն սկսվեց, որն այժմ շարունակում է այդ քաղաքում ապրող քույրերից մեկը։ Նա ասաց, որ հաճույք է ստանում ուսումնասիրությունից, քանի որ առաջին անգամ է, որ հնարավորություն ունի ինքնուրույն փնտրտուքներ անել Աստծու մասին։
Տնետուն ծառայության ժամանակ Վկաներից մեկը հանդիպեց մի ամուսնական զույգի։ Ամուսինը Թաիլանդից էր, իսկ կինը՝ Լաոսից։ Քույրը նրանց հարցրեց, թե իրենց կարծիքով ինչն է կյանքում ամենակարևորը։ Նրանք պատասխանեցին՝ ընտանիքը։ Քույրը նրանց հետ քննարկեց «Բարի լուր Աստծուց» գրքույկի՝ ընտանիքի մասին թեման։ Ամուսինները համաձայնեցին, որ այդ թեմայում տեղ գտած խորհուրդները գործնական են, և ընդունեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու առաջարկը։ Կարճ ժամանակ անց նրանք գնացին ժողովի հանդիպման։ Ամուսինները ասացին, որ իրենց շատ դուր եկավ ժողովի ջերմ ու սիրալիր մթնոլորտը, և որ կշարունակեն հաճախել հանդիպումներին։
Թաիլանդում անցկացված քարոզարշավից այս և շատ այլ դեպքեր ցույց են տալիս, որ վերջին օրերի ընթացքում Եհովայի ժողովուրդը շարունակում է «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթացիներ 15։58)։