ՄԱՐՏԻ 17, 2014
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիան հրաժարվում է գործել եվրոպական չափանիշների համաձայն
«Յուրաքանչյուր թուրք զինվոր է ծնվում»։ Այս խոսքերը սովորեցնում են երեխաներին դեռ դպրոցից, դրանք հնչում են քաղաքական ելույթների ժամանակ և դաջվում են բանակ զորակոչված երիտասարդների սրտում։ Զինծառայությունը պարտադիր է արական սեռի բոլոր քաղաքացիների համար, և զորակոչվելը քեֆ-ուրախության առիթ է։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը հրաժարվում ճանաչել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հիմնարար իրավունքները։
Թուրքիան Եվրախորհրդի կազմում եղող այն քիչ երկրներից է, ով չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
Այդուհանդերձ, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ընդունելով որպես ներպետական օրենսդրության մի մաս՝ Թուրքիան ստանձնել է պարտավորություն կիրառելու եվրոպական չափանիշները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի կողմից Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռից հետո Թուրքիան պարտավորություն է կրում Եվրախորհրդի առջև ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Քանի որ Թուրքիան հրաժարվել է կատարել նշված պարտավորությունը, այդ երկրում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները դրա հետևանքներն են կրում։
Անցած 10 տարիների ընթացքում 55 Եհովայի վկա տղամարդիկ դիմել են Թուրքիայի կառավարությանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրենց իրավունքը ճանաչելու խնդրանքով։ Խնդրանքը մերժվել է, իսկ նրանք ենթարկվել են հետապնդումների, նրանց նկատմամբ խոշոր տուգանքներ են սահմանվել, ոմանք էլ ազատազրկվել են մի քանի տարով։ Այժմ Թուրքիայում 15 երիտասարդ Վկաներ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով անընդհատ ենթարկվում են հետապնդումների։
«Վճռել էի շարունակել ապրել այնպես, ինչպես իմ խիղճն է թելադրում»
«Կարծում եմ, որ անգամ հզոր պետությունը չի կարողանա այնպես անել, որ դեմ գնամ Աստվածաշնչով կրթված իմ խղճին և Եսայիա 2:4-ում գրված Աստծու ներշնչյալ խոսքերին, որոնց հնազանդվում եմ»։ Աստվածաշնչյան այս հայտնի խոսքը, որտեղ ասվում է, որ մարդիկ «իրենց սրերից խոփեր պիտի կոփեն» և «այլևս չեն սովորի պատերազմել», փորագրված է ՄԱԿ-ի՝ Նյու Յորք քաղաքում գտնվող գլխավոր վարչության շենքի մոտ։ Վերոհիշյալ խոսքերով Թուրքիայի քաղաքացի Ֆետի Դեմիրտաշը, ով այդ ժամանակ 25 տարեկան էր, բացատրեց, թե ինչու է պատրաստ ազատազրկվել, քան ծառայել բանակում։ Լինելով Եհովայի վկա՝ Ֆետին վստահ է, որ պետք է հետևի Աստվածաշնչով կրթված իր խղճի թելադրանքին։ Այդ պատճառով նրա դեմ տասը անգամ գործ է հարուցվել, և նա ազատազրկման մեջ ընդհանուր հաշվով անցկացրել է մեկուկես տարի։
Երբ առաջին անգամ Ֆետին ձերբակալվեց, սերժանտը հրամայեց նրան զինվորական համազգեստ հագնել, բայց Ֆետին մերժեց՝ նախընտրելով հետևել իր խղճի ձայնին։ Հրամանատարը դուրս բերեց նրան 400 հոգու առաջ և հրամայեց հագնել համազգեստը։ Նա դարձյալ չենթարկվեց։ Այս առաջին բանտարկության ընթացքում բանտապահները Ֆետիին հայհոյում էին, ապտակում էին և խփում նրա գլխին, թիկունքին ու ոտքերին։
2006թ. ապրիլին նրան հինգերորդ անգամ ձերբակալելուց և բանտարկելուց հետո բանտապահները ստիպում էին հանել շորերը և զինվորական համազգեստ հագնել։ Ամեն անգամ, երբ նա հրաժարվում էր հագնել համազգեստը, նրան օրեր շարունակ փակում էին մենախցում։ Ֆետիի ոգին կոտրելու համար գիշերը նրան ձեռնաշղթաներով կապում էին իր մահճակալի երկաթե ճաղերին, իսկ ցերեկը՝ բանտախցի ճաղերին։ Ֆետին ասում է. «Ես անընդհատ վախի մեջ էի ու չէի կարողանում գիշերը քնել, քանի որ չգիտեի, թե հետո ինչեր կանեին ինձ հետ։ Ես էմոցիոնալ սպառված էի, այդուհանդերձ վճռել էի շարունակել ապրել այնպես, ինչպես իմ խիղճն է թելադրում»։
ՄԻԵԴ-ը քննում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցը
2007-ի դեկտեմբերին Ֆետի Դեմիրտաշն իր գործը ներկայացրեց ՄԻԵԴ՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունը, իրեն ազատազրկելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, ոտնահարել է իր իրավունքները։ 2012-ի հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց Ֆետիի օգտին վճիռ՝ հաստատելով, որ նա ենթարկվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի։ Այնուհետև դատարանը ընդգծեց, որ կրոնական խոր համոզմունքների հիման վրա զինծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ *
Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դատարանի հստակ դիրքորոշումից հետո Ֆետին ակնկալում էր, որ Թուրքիայի իշխանությունները վերջ կդնեն իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը ստիպված եղավ պատճառած վնասների, ծախքերի և ծախսերի դիմաց վճարել նրան 20000 եվրո։ Սակայն ՄԻԵԴ-ի այս վճռից չորս ամիս անց Թուրքիայի զինվորական գործերով դատարանը նորից դատապարտեց նրան, այս անգամ՝ երկուսուկես ամսով։ Ֆետին բողոքարկեց վճիռը, և նրա բողոքը այժմ զինվորական դատարանում է։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նույնպես պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
Թուրքիան նաև անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի վերջերս ընդունած որոշումները։ 2008-ին երկու Վկաներ՝ Սենկ Ատասոյը և Արդա Սարկուտը, բողոք ներկայացրին ՄԱԿ-ի հանձնաժողով՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները խախտել են իրենց իրավունքները՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար իրենց անդադար հետապնդելով։ ՄԱԿ-ի հանձնաժողովի 2012թ. մարտի 29-ի «Դիտարկումներում» նշվում է, որ «զինվորական ծառայությունից հրաժարվելը բխում է այդ մարդկանց կրոնական համոզմունքներից» և նրանց «անընդհատ հետապնդելն ու դատապարտելը հավասար է խղճի ազատությունը ոտնահարելուն, որով խախտվում է [Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի] 18-րդ հոդվածի առաջին կետը»։
Ինչպե՞ս արձագանքեցին Թուրքիայի իշխանությունները այս հստակ դիրքորոշմանը։ Նրանք ակնկալում են, որ զինծառայությունից հրաժարվող այդ երկու երիտասարդ Վկաները ամեն չորս ամիսը մեկ * կներկայանան զորակոչին կամ նրանց դեմ գործ կհարուցվի և խոշոր տուգանքներ կսահմանվեն»։
Եհովայի վկաները Թուրքիայում վճռական են ապրելու Աստվածաշնչի՝ «սիրիր մերձավորիդ» պատվերի համաձայն։ Յուրաքանչյուր Եհովայի վկա պետք է անձամբ որոշի, թե ինչպես վարվի զորակոչի ժամանակ։ Ֆետի Դեմիրտաշը և ուրիշ Եհովայի վկաներ զենք կրելը համարում են աստվածաշնչյան վերոնշյալ պատվերի և իրենց խղճի դեմ քայլ։
Այս երիտասարդ տղաները հույս ունեն, որ կառավարությունը կկատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները։ ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ակնկալում են, որ Թուրքիան կկիրառի իրենց կողմից կայացված վճիռներն ու որոշումները և կճանաչի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Քանի դեռ Թուրքիան այդպես չի վարվում, չի համապատասխանում մարդու հիմնարար իրավունքները հարգելու Եվրախորհրդի չափանիշներին։
^ պարբ. 10 Սա համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ Թուրքիայի դեմ կայացված ՄԻԵԴ-ի առաջին վճիռը չէ։ 2011թ. նոյեմբերին Դատարանը վճիռ էր կայացրել մեկ այլ թուրք Եհովայի վկայի՝ Յունուս Էրչեպի օգտին, ում դեմ 14 տարիների ընթացքում 41 անգամ մեղադրանք է ներկայացվել զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։
^ պարբ. 14 Կառավարությունը վերջերս փոխել է օրենքը, ըստ որի՝ զորակոչը լինելու է երեք ամիսը մեկ։