Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 11, 2013
ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան պետք է հարգի իր քաղաքացիների խղճի ազատության իրավունքը (ՄԱԿ)

Թուրքիան պետք է հարգի իր քաղաքացիների խղճի ազատության իրավունքը (ՄԱԿ)

Միլիոնավոր քրիստոնյաներ խղճի թելադրանքով հրաժարվում են զենք վերցնել։ Շատ երկրներ հարգում են նրանց այս որոշումը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն վճիռ կայացրեց, համաձայն որի՝ Թուրքիայի քաղաքացիները արժանի են նման ազատություն ունենալ։

Այս վճիռը կայացվեց 2012թ. մարտի 29-ին հօգուտ Թուրքիայի երկու քաղաքացիների՝ Ջենկ Աթասոիի և Արդա Սարկութի։ Նրանք երկուսն էլ Եհովայի վկաներ են, որոնք կրոնական համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվել են զինծառայությունից։

Պարոն Աթասոին և Սարկութը բազմիցս խնդրանքով դիմել են իշխանություններին՝ բացատրելով իրենց որոշման պատճառները, և առաջարկել են փոխարենը կատարել ոչ զինվորական՝ քաղաքացիական ծառայություն։ Չնայած դրան՝ նրանց պարբերաբար ստիպել են զինծառայության անցնել։ Զինվորականները նույնիսկ սպառնացել են համալսարանի տնօրինությանը, որտեղ պարոն Սարկութը աշխատում էր որպես դասախոս, որ քրեական գործ կհարուցեն նրանց դեմ, ինչի պատճառով նա հեռացվեց աշխատանքից։

Վճռում կոմիտեն ասում էր, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը «բխում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքից», որի մասին նշվում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածում։ Դեռ ավելին, կոմիտեն վճռեց, որ այս իրավունքը «հնարավորություն է տալիս ցանկացած մարդու չկատարել պարտադիր զինվորական ծառայություն, եթե այն հակասում է իր կրոնական համոզմունքներին»։

Այս վճիռը անմիջապես հաջորդեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած նմանատիպ երկու որոշումներին։ Դրանցից մեկում դատարանը նշում էր, որ «Թուրքիայում այլընտրանքային զինվորական ծառայություն չլինելու հանգամանքը հակասում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքին», որը երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը այնքան հին պատմություն ունի, որքան ինքը՝ քրիստոնեությունը։ Ե. Ու. Բարնզը իր «Քրիստոնեության ծագումն ու զարգացումը» գրքում գրել է. «Ողջ մատչելի տեղեկությունների մանրակրկիտ քննությունը [ցույց է տալիս], որ մինչ Մարկոս Ավրելիոսի ժամանակները [Հռոմի կայսր մ.թ. 161–180 թթ.] ոչ մի քրիստոնյա չէր դառնում զինվոր, իսկ ոչ մի զինվոր քրիստոնյան դառնալուց հետո չէր շարունակում իր զինծառայությունը»։