ՀՈՒՆԻՍԻ 3, 2016
ԹՈՒՐՔԻԱ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Թուրքիան պարտավորվում է Թագավորության սրահները ճանաչել «պաշտամունքի վայրեր»
2016թ. մայիսի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պաշտպանեց Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը։ Վճռում ՄԻԵԴ-ը անդրադառնում էր կառավարության կողմից տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրության նեղ կիրառմանը, որով կառավարությունը հրաժարվում էր Եհովայի վկաների Թագավորության սրահները պաշտոնապես «պաշտամունքի վայրեր» ճանաչելուց։
ՄԻԵԴ-ը սահմանեց, որ տարածքների նպատակային նշանակության մասին Թուրքիայի օրենսդրությունը մեծ շենքերի համար նախատեսում է «պաշտամունքի վայրերի» կարգավիճակ, սակայն փոքր կրոնական համայնքների շենքերի համար նման հնարավորություն չի տալիս։ Հետևաբար Թուրքիան անտեղի սահմանափակել է Վկաների՝ իրենց կրոնը անարգել դավանելու իրավունքը՝ ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը *։ Համաձայն այդ որոշման՝ իշխանությունները, կիրառելով տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրությունը, «խիստ և նույնիսկ արգելող պահանջներ են սահմանել կրոնական փոքրամասնությունների, այդ թվում Եհովայի վկաների [դավանանքի] նկատմամբ»։
Տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրությունը կրոնական փոքրամասնություններին զրկում է իրավունքներից
Թուրքիայում Եհովայի վկաները գրանցված կազմակերպություն են և տարիներ շարունակ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի Թագավորության սրահները պաշտոնապես ճանաչվեն «պաշտամունքի վայրեր»՝ համաձայն տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրության։ Սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակ հրաժարվել են Թագավորության սրահները «պաշտամունքի վայրեր» ճանաչելուց։
Քանի որ Վկաները չեն կարող գույքի նպատակային նշանակությունը փոխել ըստ անհրաժեշտի, Թուրքիայում գտնվող բոլոր 25 Թագավորության սրահները փակվելու և կնքվելու սպառնալիքի տակ են տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրությանը հակասելու հիմքով։ Իշխանությունները 2003թ. օգոստոսից տարբեր ժամանակահատվածներում արդեն փակել ու կնքել են Մերսինում և Ակչայում գտնվող Թագավորության սրահները։ Իզմիրի Կարշիյակա շրջանում իշխանությունները հրաժարվել են Թագավորության սրահը «պաշտամունքի վայր» ճանաչելուց։ Մերսինի և Իզմիրի Թագավորության սրահները դարձել են ՄԻԵԴ-ի՝ մայիսի 24-ին կայացված վճռի հիմնական առարկան։
Նախքան 2003թ. պաշտամունքի վայրերի նպատակային նշանակության մասին Թուրքիայի օրենսդրությունը հիմնականում վերաբերում էր մզկիթներին։ Այդ ընթացքում տեղի իշխանությունները իրենց լուռ համաձայնությունն էին տալիս Վկաներին, որ հավաքվեն մասնավոր տներում։ Սակայն կրոնի ազատության և խտրականությունից զերծ լինելու վերաբերյալ եվրոպական չափանիշներին համապատասխանելու նպատակով 2003-ին Թուրքիան փոփոխություններ կատարեց «Տարածքների նպատակային նշանակության մասին No. 3194» օրենքում։ Այլ փոփոխությունների թվում «մզկիթ» բառը օրենքում փոխարինվեց «պաշտամունքի վայր» բառով, և պահանջվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները հողեր հատկացնեն կրոնական շինություններ կառուցելու համար։
Տեսականորեն օրենքի փոփոխությունը պետք է կրոնական փոքրամասնություններին երաշխավորի երկրպագության վայրեր ձեռք բերելու և կառուցելու իրավունք։ Սակայն իրականում տարածքների նպատակային նշանակության մասին դրույթներով սահմանվում են այնպիսի պահանջներ, ինչպիսիք են մեծ թվով հավատացյալներ և մահմեդական դավանանքին համապատասխանող շինության դիզայն ունենալը։
Օրենքի նեղ կիրառությունը խոչընդոտում է «պաշտամունքի վայրեր» ունենալու իրավունքի իրականացմանը
Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինները չեն տրամադրում այնպիսի տարածքներ, որոնք նախատեսված են փոքր պաշտամունքի վայրերի համար, և շարունակ մերժում են տարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին Վկաների խնդրանքները։ Երբ Վկաները բողոքարկեցին մերժելու մասին որոշումները, բարձր ատյանները և վարչական մարմինները սահմանափակ կերպով կիրառեցին տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրությունը և հրաժարվեցին Եհովայի վկաների Թագավորության սրահները «պաշտամունքի վայրեր» ճանաչելուց։
Մերսինում և Ակչայում տեղի ինքնակառավարման մարմինները սահմանափակ կերպով կիրառեցին նոր օրենքը և փակեցին այնտեղի Թագավորության սրահները, քանի որ դրանք նախատեսված չէին լինելու «պաշտամունքի վայրեր»։ Երբ Վկաները խնդրեցին տրամադրել մեկ այլ պաշտամունքի վայր, իշխանությունները տեղեկացրին, որ նման նպատակային նշանակության վայրեր չունեն։
Այսպիսի իրավիճակ տիրում է ամբողջ Թուրքիայում։ Եհովայի վկաները և քիչ թվով հավատացյալներ ունեցող այլ կրոնական խմբեր զրկված են կրոնական արարողություններ անցկացնելու համար շինություններ ձեռք բերելու հնարավորությունից։ Ներկայումս ամբողջ Թուրքիայում 27 տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններ մերժում են Վկաների՝ պաշտոնապես պաշտամունքի վայր ճանաչված շինություններ ձեռք բերելու մասին բոլոր 46 դիմումները։ Բացի այդ, օրենքի այդ դրույթները հնարավորություն չեն տալիս կրոնական խմբերին օգտվելու այնպիսի արտոնություններից, ինչպիսիք են հարկերի, հոսանքի կամ ջրի համար վճարումները, որոնցից կարելի է օգտվել միայն պաշտոնապես պաշտամունքի վայր ճանաչված շինություններ ունենալու դեպքում։
Վկաները դիմում են ՄԻԵԴ
Նախքան ՄԻԵԴ դիմելը Եհովայի վկաները սպառել էին իրավական պաշտպանության բոլոր արդյունավետ միջոցները։ Պետական խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական ատյանը, երբեք չի բավարարել տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրության համաձայն Եհովայի վկաների Թագավորության սրահները պաշտոնապես պաշտամունքի վայրեր ճանաչելու մասին բողոքները և նույնիսկ բեկանել է առաջին ատյանի կողմից հօգուտ Վկաների կայացված որոշումը։
Ուստի 2010, 2012 թթ.-ին Եհովայի վկաները երկու գանգատ ներկայացրին ՄԻԵԴ՝ խնդրելով Դատարանին քննել, թե արդյոք Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Հավատարիմ մնալով հաստատված նախադեպերին՝ ՄԻԵԴ-ը ընդգծեց տարածքների նպատակային նշանակության մասին այն օրենսդրության կարևորությունը, որը հնարավորություն կտա փոքր կրոնական համայնքներին ունենալու պաշտամունքի վայրեր։
ՄԻԵԴ-ը նշեց, որ «այնպիսի փոքր կրոնական համայնք, ինչպիսին Եհովայի վկաների համայնքն է, հազիվ թե համապատասխանի խնդրո առարկա օրենսդրության չափանիշներին, որ կարողանա ձեռք բերել համապատասխան վայր՝ պաշտամունք իրականացնելու համար»։ ՄԻԵԴ-ը հանգեց հետևյալ եզրակացության. «Ներպետական ատյանները հաշվի չեն առել փոքր թվով հավատացյալներ ունեցող համայնքի հատուկ կարիքները.... Հաշվի առնելով հավատացյալների փոքր թիվը՝ Եհովայի վկաներին անհրաժեշտ չէ ճարտարապետական շինություն, այլ անհրաժեշտ է հանդիպումներ անցկացնելու մի պարզ սրահ, որը հնարավորություն կտա նրանց հավաքվելու, պաշտամունք իրականացնելու և կրոնական համոզմունքներ սովորեցնելու»։
Այդ վճիռը հաստատում է, որ Թուրքիան միջամտել է Եհովայի վկաների դավանանքի ազատության իրականացմանը՝ հրաժարվելով նրանց Թագավորության սրահները «պաշտամունքի վայրեր» ճանաչելուց։ Թուրքիայում Եհովայի վկաների ասոցիացիայի նախագահ Ահմեթ Յորուլմազը նշում է. «Մենք ուրախ ենք, որ ՄԻԵԴ-ը նման որոշում է կայացրել։ Հուսով ենք, որ այժմ Թուրքիայի կառավարությունը ներկայումս գոյություն ունեցող Թագավորության սրահները կճանաչի «պաշտամունքի վայրեր» և կպարտավորեցնի տեղական ինքնակառավարման մարմիններին այնպես կիրառել տարածքների նպատակային նշանակության մասին օրենսդրությունը, որ կարողանանք ապագայում ձեռք բերել պաշտամունքի վայրեր։ Կիրառելով այս վճիռը՝ Թուրքիան կրոնի ազատությունը ամբողջությամբ պաշտպանելու ուղղությամբ ևս մի դրական քայլ արած կլինի»։
Թուրքիան կվերացնի՞ կրոնական խտրականությունը
Թուրքիայում Եհովայի վկաների իրավական կարգավիճակը վերջին տասը տարիների ընթացքում աստիճանաբար բարելավվել է։ 2007թ.-ին Թուրքիայի իշխանությունները գրանցեցին Եհովայի վկաների կրոնական ասոցիացիան *՝ ավելի քան 70 տարի այն ունենալու իրավունքը մերժելուց հետո։
Եհովայի վկաները ուրախ են, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում իր քաղաքացիների կրոնական ազատության իրավունքը երաշխավորելու համար։ Նրանք հույս ունեն, որ ՄԻԵԴ-ի կայացրած այդ վճիռը կմղի Թուրքիային պաշտպանելու կրոնի ազատության իրավունքը, որը երաշխավորված է այդ երկրի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով։ Վկաները ակնկալում են, որ Թուրքիան կկիրառի ՄԻԵԴ-ի վճիռը և գոյություն ունեցող 25 Թագավորության սրահներին կտրամադրի «պաշտամունքի վայրի» կարգավիճակ և թույլ կտա իրենց անհրաժեշտության դեպքում ունենալ պաշտամունքի վայր։
^ պարբ. 3 9-րդ հոդվածը երաշխավորում է «մտքի, խղճի և կրոնի ազատության» իրավունքը։
^ պարբ. 19 Թուրքիայում Եհովայի վկաների ասոցիացիան հիմնվել է 2007թ. հուլիսի 31-ին։