Անցնել բովանդակությանը

Էզիզ Աթաբաևը՝ ազատ արձակվելուց հետո

ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

«Այս փորձությունը ես Եհովայի օգնությամբ եմ հաղթահարել»

«Այս փորձությունը ես Եհովայի օգնությամբ եմ հաղթահարել»

Եղբայր Էզիզ Աթաբաևը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար երկու տարի ազատազրկման մեջ է եղել Թուրքմենստանում և այդ ողջ ընթացքում հավատարիմ է մնացել Եհովային։ Նա ազատ է արձակվել 2020 թ. դեկտեմբերի 19-ին։ Վերջին տասը տարիների ընթացքում այդ երկրում ազատազրկվել են 46 եղբայրներ։

Եղբայր Աթաբաևի պատմությունը սկսվեց 2016 թ.-ին, երբ նրան զորակոչեցին։ Համոզմունքի հիմնավորմամբ նա հրաժարվեց զինծառայությունից, և նրա գործն ուղարկվեց դատախազություն։ Մոտ 2 տարի անց Էզիզին կանչեցին դատական նիստի։ 2018 թ. դեկտեմբերի 19-ին նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Էզիզն ասում է. «Նախքան իմ ազատազրկումը շատ եմ խոսել այն եղբայրների հետ, որոնք նման դժվարություններ են ունեցել կամ ազատազրկվել են։ Մեր հրատարակություններից տարբեր կենսագրություններ եմ կարդացել, ինչպես նաև տարբեր քաջալերական մտքեր եմ ընթերցել Աստվածաշնչից։

Դատավարության օրը՝ առավոտյան, մի եղբայր ինձ ցույց տվեց Եսայիա 30:15-ը, որտեղ ասվում էր. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։ Այս համարն ինձ միշտ օգնել է հանգիստ մնալ և ամեն հարցում Եհովային վստահել։ Այս համարի շուրջ խորհրդածելը ինձ շատ է օգնել կալանավայրում գտնվելու ամբողջ ընթացքում»։

Թեև բանտում պայմանները վատն էին, Էզիզի մեծագույն դժվարությունը ընտանիքից հեռու լինելն էր։ «Բանտում մտերմացա ինձ հետ ազատազրկված հոգևոր եղբայրներիս հետ։ Նրանք իսկական ընկերներ դարձան ինձ համար և օգնեցին, որ հաղթահարեմ ընտանիքիս ու ընկերներիս կարոտը»։

Էզիզը նաև առիթը բաց չի թողել, որ վկայություն տա։ Նա պատմում է. «Սկզբում որոշ կալանավորներ չէին ուզում լսել, երբ նրանց հետ զրուցում էի հավատալիքներիս մասին։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Նույնիսկ երբ նոր եկած կալանավորները առարկում էին, երբ քարոզում էի, բանտի «հեղինակությունները» պաշտպանում էին ինձ և պատմում էին իրենց սովորածը»։

Էզիզը նշում է, թե ինչը կօգնի պատրաստվել ապագա փորձություններին. «Շատ կարևոր են խոր անձնական ուսումնասիրությունը և անկեղծ աղոթքը։ Դու պետք է պատմես Եհովային քեզ մտահոգող ամեն ինչի՝ քո վախերի ու զգացմունքների մասին։ Ամեն ինչ պատմիր նրան։

Այս փորձությունը ես Եհովայի օգնությամբ եմ հաղթահարել ու վստահ եմ, որ նա նորից կօգնի ինձ։ Այդ պատճառով չեմ վախենում» (Սաղմոս 118:6):