Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Եղբայր Արթուր Յանգիբաևը կազատազրկվի երկրորդ անգամ

Եղբայր Արթուր Յանգիբաևը կազատազրկվի երկրորդ անգամ

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 18-ին Թուրքմենստանում դատարանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար եղբայր Արթուր Յանգիբաևին դատապարտեց երկու տարվա ազատազրկման։ Իր չեզոքության համար եղբայր Յանգիբաևը արդեն երկրորդ անգամ է մեղավոր ճանաչվում։

Տվյալներ

Արթուր Յանգիբաև

  • Ծնվել է 1997 թ. (Սեյդի)

  • Կենսագրություն։ Փոքր տարիքում եղած դժվարությունները Արթուրին մղել են մտածել աշխարհում տիրող անարդարության մասին։ Նա այդ թեմայով զրուցել է իր քրոջ հետ, որը Եհովայի վկա է։ Արթուրը սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 13 տարեկանում։ Մկրտվել է 2014 թ.-ին։

    Աշխատում է որպես շինարար և վերանորոգում է բնակարաններ։ Արթուրի ծնողներն ասում են, որ նա բարի ու պատասխանատու անձնավորություն է։ Իսկ նրա հարևանները հարգում են նրան, քանի որ նա շատ ազնիվ երիտասարդ է։

Դատական գործի պատմություն

2016 թ. օգոստոսի 8-ին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Արթուրին վերցրին նախնական կալանքի։ Օգոստոսի 30-ին նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում։ Արթուրի պատժաժամկետը ավարտվեց 2018 թ. սեպտեմբերին։

2020 թ. դեկտեմբերի 15-ին նրան նորից զորակոչեցին զինվորական ծառայության։ Դատախազությունում նրան հարցաքննեցին և խնդրեցին գրավոր բացատրություն ներկայացնել, թե ինչու է հրաժարվում զինծառայությունից։

Դեկտեմբերի 30-ին դատախազությունը տեղեկացրեց, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Արթուրից վերցրին իր անձնագիրը։

Եղբայր Յանգիբաևը ասում է, որ իր առաջին ազատազրկումից հետո Հռոմեացիներ 8։37–39 համարները մեծ վստահություն են ներշնչել, որ ոչ ոք չի կարող խանգարել իրեն հավատարիմ մնալ Եհովային։ Համոզված ենք՝ Եհովայի աջակցությամբ Արթուրը այս փորձությունն էլ կհաղթահարի։