ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2020
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Եղբայր Տագանովը ազատ է արձակվել մեկ տարվա ազատազրկումից հետո
2020 թ. հոկտեմբերի 3-ին՝ բանտից ազատ արձակվելուց հետո, եղբայր Սելիմ Տագանովն ասաց. «Ես աղոթեցի Եհովային, ու նա օգնեց ինձ, որ հանգստություն պահպանեմ»։ Սելիմը, որը ընդամենը 19 տարեկան է, մեկ տարի ազատազրկված է եղել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։
Եղբայր Տագանովը ծնվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում։ Դպրոցում լավ է սովորել։ Երաժշտությունը նրա տարերքն է։ Սելիմը երգում է, երգեր է գրում ու կիթառ նվագում։ Նրա ծնողները, երկու եղբայրներն ու ընկերներն ասում են, որ նա շատ բարի, մեղմ և ուրախ տղա է։ Իսկ նախքան նրա մեղավոր ճանաչվելը դատարանի կողմից նշանակված փաստաբանը հետևյալն ասաց. «Նա լավ ու ազնիվ տղա է, չի ծխում, չի չարաշահում ալկոհոլը և նոր է ավարտել դպրոցը։ Բանտը կարող է կործանել նրա կյանքը»։
Ինչ խոսք, բանտի կյանքն իր դժվարություններն ունի։ Սակայն Սելիմն ասում է. «Բանտում անցկացրած ժամանակ Եհովայի հետ փոխհարաբերություններս ամրացան։ Ես մտաբերում էի աստվածաշնչյան ճշմարտություններն ու համարները, օրինակ՝ Եսայիա 41։10, 11-ը։ Այդ խոսքերն ինձ շատ են քաջալերել։ Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի խորությամբ հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունները։
Ինձ համար հատկապես դժվար էր ժամանակավոր կալանավայրում, երբ սպասում էի վճռի կայացմանը. չկար մեկը, ում հետ կարող էի խոսել, պատմել մտահոգություններիս մասին։ Օգնության համար Եհովային աղոթեցի։ Դրանից հետո բանտարկյալներն ու բանտապահները, որոնք սկզբում թշնամանքով էին վերաբերվում ու սպառնում էին ինձ, սկսեցին աջակցել ու նույնիսկ քաջալերել։ Այդ ամենը փաստեց, որ Եհովան իմ կողքին է ու աջակցում է ինձ»։
Սելիմին զորացրին նաև իր հավատակիցները։ Նա պատմում է. «Երբ բանտում էի, շատերը ինձ ողջույններ ու քաջալերական մտքեր էին ուղարկում։ Ես փորձում էի մտապահել ու կրկնել դրանք։ Այդ խոսքերը ջերմացնում էին իմ սիրտն ու մխիթարում էին ինձ»։
Ըստ Թուրքմենստանի օրենսդրության՝ Սելիմը հնարավոր է՝ նորից զորակոչվի։ Եթե այդպիսի բան պատահի, ապա հաջորդ անգամ եղբայր Տագանովը գուցե ավելի երկար ժամկետով ազատազրկվի։ Նա ասում է. «Այս փորձությունը Եհովայի օգնությամբ հաղթահարելուց հետո այլևս չեմ վախենում։ Եհովայի աջակցությունը տեսնելով՝ քաջությամբ ու վստահությամբ եմ լցվում»։
Մենք գիտենք, որ ապագայում բոլորս էլ դժվարություններ ենք ունենալու։ Սելիմի խոսքերը կարող են շատ քաջալերական լինել մեզ համար. «Երբ նմանատիպ փորձություններ ունենաք, հիշեք Եսայիա 30։15-ի խոսքերը. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»»։