Անցնել բովանդակությանը

Էլդոր և Սանջարբեկ Սաբուրովներ (ձախից աջ)

ՕԳՈՍՏՈՍԻ 7, 2020
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանում դատարանը եղբայրներ Էլդոր և Սանջարբեկ Սաբուրովներին դատապարտել է 2 տարվա ազատազրկման

Թուրքմենստանում դատարանը եղբայրներ Էլդոր և Սանջարբեկ Սաբուրովներին դատապարտել է 2 տարվա ազատազրկման

2020 թ. օգոստոսի 6-ին Թուրքմենստանում դատարանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար եղբայրներ Էլդոր և Սանջարբեկ Սաբուրովներին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Էլդորը 21 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ 25։ Եղբայրները դիմել են, որպեսզի բողոքարկման թույլտվություն ստանան, սակայն դատարանը մերժել է նրանց։ Արդեն երկրորդ անգամն է, որ նրանք դատապարտվում են չեզոքության համար։

2016 թ.-ին եղբայր Սանջարբեկ Սաբուրովը հրաժարվեց զինծառայությունից և մեղավոր ճանաչվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց 2 տարվա փորձաշրջան։

Հաջորդ տարի Սանջարբեկի եղբայրը՝ Էլդորը, նույնպես հրաժարվեց զինծառայությունից։ Նա իր երկու տարվա պատիժը կրեց ուղղիչ աշխատանքային գաղութում։ Իր աշխատավարձի 20 տոկոսը Էլդորը փոխանցել է պետական բյուջե։

Ըստ Թուրքմենստանի օրենսդրության՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների դեմ կարող է երկրորդ անգամ գործ հարուցվել, եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը։ 2020 թ. ապրիլին եղբայրները նորից զինվորական ծառայության անցնելու մասին ծանուցում ստացան զինկոմիսարիատից։ Երկուսն էլ հրաժարվեցին բանակ զորակոչվելուց, ինչի արդյունքում նրանց դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրանք մեղավոր ճանաչվեցին և ազատազրկվեցին։

Զգացական մեծ ցավ պատճառելուց բացի՝ եղբայրների բանտարկությունը ուրիշ շատ խնդիրներ էլ է ստեղծել իրենց ծնողների համար։ Տղաների հայրը մեջքի քրոնիկ ցավերի պատճառով չի կարողանում շատ աշխատել։ Էլդորն ու Սանջարբեկը աջակցում էին իրենց ընտանիքին՝ բամբակ աճեցնելով։ Այժմ նրանց ծնողները զրկված են այդքան անհրաժեշտ օգնությունից, և իրենք պետք է հոգ տանեն իրենց ազատազրկված որդիների մասին։

Թուրքմենստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք չկա, ինչի հետևանքով այն երիտասարդները, որոնք համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինվորական ծառայությունից, կարող են դատապարտվել 1–4 տարվա ազատազրկման։ Թուրքմենստանում այժմ չեզոքության համար անազատության մեջ է գտնվում 10 Վկա երիտասարդ, որոնց թվում են Սաբուրով եղբայրները։

Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի Թուրքմենստանի մեր եղբայրներին իրենց քաջության համար։ Նրանց շատ կզորացնի Ասա թագավորին տված Եհովայի խոստումը. «Քաջ եղեք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար» (2 Տարեգրություն 15։7