Անցնել բովանդակությանը

Կերվեն Կակաբաև. դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար

ՄԱՐՏԻ 28, 2018
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանը անտեսում է խղճի ազատության իրավունքը

Թուրքմենստանը անտեսում է խղճի ազատության իրավունքը

2018թ. հունվարին Արսլան Բեգենջովն ու Կերվեն Կակաբաևը դատապարտվեցին մեկ տարվա ազատազրկման զինծառայությունից խուսափելու մեղադրանքով։ Նրանք Եհովայի վկա են և հրաժարվում են զորակոչվել՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից։ Թեև նրանք պատրաստ էին կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, սակայն Թուրքմենստանի կառավարությունը դեռ չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը և որևէ այլընտրանք չի առաջարկում։

Ձերբակալություն, դատապարտում և ազատազրկում

Հունվարի 2-ին իշխանությունները ձերբակալեցին պրն Բեգենջովին և նրան պահեցին ժամանակավոր կալանավայրում մինչև իր գործով դատաքննությունը։ Հունվարի 17-ին դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինծառայությունից խուսափելու մեջ և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Պրն Բեգենջովը բողոքարկել է իրեն դատապարտելու մասին անհիմն դատավճիռը։

Պրն Կակաբաևը նույնպես ձերբակալվել է հունվարին և հունվարի 29-ի որոշմամբ անհիմն դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։ Դատաքննության ընթացքում դատարանը նրան հնարավորություն չի տվել ներկայացնելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումները, որոնք վերաբերելի են իր գործին։ Ցավոք, պրն Կակաբաևի գործը դատարանը գուցե երբեք չքննի։ Կալանավայրի տնօրինությունը փաստաբանների պատրաստած բողոքի փաստաթղթերը չէր տրամադրել նրան, ինչի արդյունքում նա չէր կարողացել ստորագրել փաստաթղթերը իր կալանավորումից հետո տասը օրվա ընթացքում, ինչը պահանջվում է օրենքով։

Պրն Կակաբաևի նկատմամբ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմքով պատիժ է սահմանվում արդեն երկրորդ անգամ։ 2014թ. դեկտեմբերին իշխանությունները նրան դատապարտեցին երկու տարվա ուղղիչ աշխատանքի, ինչը նշանակում էր, որ նա պետք է այդ ընթացքում իր աշխատավարձի 20 տոկոսը վճարեր պետական բյուջե։

«Շարունակ չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ պարտադիր զինծառայությունից հրաժարվելու իրավունքը»

Թուրքմենստանի կառավարությունը պնդում է, որ հարգում է իր քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Մինչդեռ այն հրաժարվում է հարգել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ անտեսելով միջազգային չափանիշներին համապատասխանելու կոչերը։

2015 և 2016թթ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Վկա խղճի կալանավորների կողմից Թուրքմենստանին ներկայացված տասը գանգատների վերաբերյալ հրապարակեց իր որոշումները։ Այդ որոշումներում Հանձնաժողովը քննադատության էր ենթարկում Թուրքմենստանին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմքով Վկաներին դատապարտելու և ազատազրկելու համար։ 2017թ. ապրիլին Հանձնաժողովը ևս մեկ անգամ արտահայտեց իր մտահոգությունն այն մասին, որ Թուրքմենստանը «շարունակ չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ պարտադիր զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և դատապարտում ու ազատազրկում է Եհովայի վկաներին պարտադիր զինծառայությունից հրաժարվելու համար»։ Այն կոչ արեց Թուրքմենստանին ստեղծել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, դադարեցնել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին հետապնդելը և ազատ արձակել խղճի կալանավորներին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել իր վերաբերմունքի մեջ նրանց նկատմամբ, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։ Սկսած 2014թ. դեկտեմբերից՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Վկաներին ազատազրկելու փոխարեն՝ երկու տարի նրանց աշխատավարձի 20 տոկոսը որպես պատիժ պահում են (ինչպես պրն Կակաբաևի պարագայում էր 2014-ին), իսկ որոշ դեպքերում էլ դատապարտում են պայմանական ազատազրկման *։ 2015թ. փետրվարին այն ազատ է արձակել վերջին Վկային, ով կալանավորված է եղել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Ցավոք, վերջերս պրն Բեգենջովի և պրն Կակաբաևի գործերով Թուրքմենստանի կառավարությունը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչելու փոխարեն՝ ավելի խիստ դիրքորոշում է ընդունել։

Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմքից բացի՝ Վկաներին ազատազրկում են նաև այլ պատճառներով

Բացի վերջերս պրն Բեգենջովին և Կակաբաևին ազատազրկելուց՝ իշխանությունները շարունակում են ազատազրկման մեջ պահել Բահրամ Հեմդեմովին՝ իր կրոնը դավանելու իրավունքը իրականացնելու համար։ Որպես Եհովայի վկա՝ նա ձերբակալվեց և ազատազրկվեց Թուրքմենաբադում՝ իր տանը, կրոնական հանդիպում անցկացնելու համար։ Լինելով չորս երեխաների հայր՝ նա շարունակում է մնալ ազատազրկման մեջ՝ սկսած 2015թ.-ից, թեև վերջին երկու տարիների ընթացքում Թուրքմենստանի նախագահը բազմիցս համաներում է հայտարարել։ Պետությունը համաներում է շնորհել հազարավոր կալանավորների, սակայն մշտապես անտեսել է պրն Հեմդեմովին ազատ արձակելու խնդրագրերը։

Եհովայի վկաների փափագն է, որ Թուրքմենստանում իրենց հավատակիցների իրավիճակը բարելավվի։ Նրանք հույս ունեն, որ Թուրքմենստանը հարգանք կցուցաբերի խղճի և կրոնի ազատության իրավունքների նկատմամբ և կշտկի անարդարության դրսևորումները։

^ պարբ. 10 Պայմանական ազատազրկման դեպքում սահմանվում է պայմանական պատիժ՝ ազատազրկումը կալանավայրում կրելու փոխարեն։