Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 4, 2017
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Արդյո՞ք Թուրքմենստանը կկիրառի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումները

Արդյո՞ք Թուրքմենստանը կկիրառի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումները

Իր վերջին տասը որոշումներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (Հանձնաժողով) կոչ էր անում Թուրքմենստանի կառավարությանը կատարել իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ստանձնած իր պարտավորությունները։ * 2015 և 2016թթ.-ին հրապարակված այդ որոշումներում նշվում էր, որ կառավարությունը պետք է դադարի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելուց և պետք է գործի համաձայն ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, որին Թուրքմենստանը անդամակցում է։

Վկաները իրավական պաշտպանության միջոց են փնտրում

Հանձնաժողովի որոշումները հիմնված էին 2012թ. սեպտեմբերին տասը Վկա տղամարդկանց կողմից ներկայացված բողոքների վրա, ովքեր պատժվել էին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանցից ինը ազատազրկված էին դաժան պայմաններում, և տեղեկություն կար, որ նրանց ծեծի էին ենթարկում և նվաստացուցիչ վերաբերմունք էին դրսևորում նրանց հանդեպ։ Նաև այդ մարդիկ բանտարկված էին ծայրահեղ շոգ և կեղտոտ խցերում, որտեղ նախատեսվածից ավելի բանտարկյալներ կային, և մեծ էր վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։

Յուրաքանչյուր որոշման մեջ Հանձնաժողովը հանգեց այն եզրահանգման, որ Թուրքմենստանը խախտել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների «մտքի, խղճի և կրոնի ազատությունը»։ Բանտարկված այդ ինը տղամարդկանց գործով Հանձնաժողովը նշեց, որ Թուրքմենստանը «[նրանց] նկատմամբ չի դրսևորել մարդկային վերաբերմունք և հարգանք», այլ «[նրանց] ենթարկել է խոշտանգումների, կամ՝ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Հանձնաժողովը սահմանեց, որ այդ խախտումները հատուցելու համար Թուրքմենստանի կառավարությունը պետք է Վկաներին ճանաչի որպես դատվածություն չունեցող, համապատասխան փոխհատուցում տա նրանց և վերանայի իր օրենսդրությունը, որպեսզի ապահովի «խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու արդյունավետ երաշխիք»։ Հանձնաժողովը նաև կառավարությանը պարտավորեցրեց անաչառորեն և հանգամանորեն քննել վատ վերաբերմունքի մասին դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

2013թ.-ին ևս հինգ Վկա տղամարդիկ բողոքներ ներկայացրին Հանձնաժողովին, որոնցով վիճարկում էին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար պատժի ենթարկվելը։ Նրանց փաստաբանները ակնկալում են, որ դրանց վերաբերյալ որոշումները առաջին տասը որոշումների նման կլինեն։

Դաժան վերաբերմունք Նավրուզ Նասիրլաևի հանդեպ

Նավրուզ Նասիրլաև

Հանձնաժողովի որոշումներից մեկը, որը կայացվել էր 2016թ. հուլիսի 15-ին, վերաբերում էր Նավրուզ Նասիրլաևին։ Երբ նա առաջին անգամ զորակոչվեց 2009թ. ապրիլին՝ 18 տարեկանում, իշխանություններին բացատրեց, որ իր խիղճը իրեն թույլ չի տալիս զինծառայություն անել։ Սակայն նա նշեց, որ պատրաստ է կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Ավելի ուշ պրն Նասիրլաևը մեղավոր ճանաչվեց զինծառայությունից խուսափելու մեջ և դատապարտվեց երկու տարվա ազատազրկման «Սեյդի» LB-E/12 կալանավայրում։ Այդ ընթացքում նրան ժամանակ առ ժամանակ փակում էին պատժախցում, և դիմակավորված բանտապահները դաժան ծեծի էին ենթարկում։

2012թ. հունվարին՝ ազատ արձակվելուց մեկ ամիս անց, պրն Նասիրլաևը կրկին զորակոչվեց։ Նա կրկնեց, որ պատրաստ է կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, բայց նրան մեղավոր ճանաչեցին ու ևս երկու տարով դատապարտեցին նույն հիմքով «խիստ ռեժիմի կալանավայրում», որտեղ պայմանները նկարագրվում են որպես «անտանելի»։ Ինչպես և նախկինում, նա դաժանաբար ծեծի էր ենթարկվում բանտապահների կողմից, և նրան ստիպում էին նվաստացուցիչ աշխատանք կատարել։

Պրն Նասիրլաևի ընտանիքի անդամները նույնպես դժվարություններ են կրել։ Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հանձնաժողովը իր բողոքի վերաբերյալ ծանուցեց Թուրքմենստանի կառավարությանը, որպեսզի վերջինս պատասխան ներկայացնի, ոստիկանները ներխուժեցին Դաշողուզում գտնվող նրա տուն և դաժան վերաբերմունք դրսևորեցին նրա ընտանիքի անդամների ու նրանց հյուրերի նկատմամբ, հավանաբար, ներկայացված բողոքի պատճառով։

Թեև պրն Նասիրլաևը 2014թ. մայիսին ազատ արձակվեց, նա դեռ կրում է ազատազրկման հետևանքները։ Հանձնաժողովը նշել է, որ նա ենթարկվել է դաժան վերաբերմունքի, երկու անգամ դատապարտվել և պատժվել է «խղճի հիմնավորմամբ նույն դիրքորոշման համար»։ Հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացության. «[Պրն Նասիրլաևի] պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելը բխում է նրա կրոնական համոզմունքներից.... [և] դրան հաջորդած դատապարտումն ու ազատազրկումը հավասարազոր են մտքի, խղճի և կրոնի նրա ազատությունը ոտնահարելուն»։

Արդյոք Թուրքմենստանը կփոխի՞ Եհովայի վկաների նկատմամբ իր վերաբերմունքը

Ավելի վաղ՝ 2012թ.-ին, Թուրքմենստանում մարդու իրավունքների վերաբերյալ մի զեկույցում Հանձնաժողովը կառավարությանը կոչ էր արել «դադարեցնել բոլոր այն անձանց նկատմամբ հետապնդումները, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայություն կատարելուց, և ազատ արձակել խղճի կալանավորներին»։ Թուրքմենստանի կառավարությունը մասամբ արձագանքեց դրան՝ 2015թ. փետրվարին ազատ արձակելով խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկված վերջին Վկային։ Այդ ժամանակից ի վեր խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ոչ մի Վկա չի ազատազրկվել։

Սակայն հետապնդելով և պատժելով խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին՝ Թուրքմենստանի կառավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ստանձնած իր միջազգային պարտավորությունները։

  • 2014թ. վերջից Թուրքմենստանի կառավարությունը խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաներին դատապարտում է ուղղիչ աշխատանքի։ Նման պատժի դեպքում այս անհատներից պահանջվում է մեկից երկու տարի իրենց աշխատավարձի 20 տոկոսը վճարել պետբյուջե։ Ներկայումս երկու Եհովայի վկա ուղղիչ աշխատանք է կատարում։

  • Այլ դեպքերում պաշտոնյաները խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների վրա մեծ ճնշում են բանեցնում՝ փորձելով ստիպել նրանց զիջումների գնալ իրենց համոզմունքների հարցում։

Արթուր Յանգիբաև

Օրինակ՝ 2016թ. հունիսի 16-ին տեղամասային տեսուչը և զինկոմիսարիատի երկու ներկայացուցիչներ գնացին Եհովայի վկա Արթուր Յանգիբաևի տուն, որը այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելու մասին դիմում էր ներկայացրել։ Ոստիկանները նրան տարան դատախազություն, որտեղ նրա վրա այնպիսի ծանր հոգեբանական ճնշում բանեցրին, որ նա ստիպված եղավ իր դիմումից հրաժարվելու մասին գրություն գրել։ Ավելի ուշ պրն Յանգիբաևը այդ հարկադրանքի վերաբերյալ բողոք ներկայացրեց և երեք շաբաթ կալանքի մեջ լինելուց հետո ազատ արձակվեց երկու տարվա պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ։ *

Մարդու իրավունքների խախտման այլ դեպքեր, որոնք լուծում չեն ստացել

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին վատ վերաբերվելուց բացի՝ Թուրքմենստանը նաև սահմանափակում է կրոնական գործունեությունը և պատիժ է սահմանում դրա համար։ 2017թ. հունվարին Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի կողմից հրապարակվեց մի զեկույց, որով Թուրքմենստանի կառավարությանը կոչ էր արվում «հավաստիանալ, որ անմիջապես անաչառ հետաքննություն անցկացվի.... 2015թ. մայիսին Եհովայի վկա Բահրամ Հեմդեմովի կալանքի ընթացքում իրականացված ենթադրյալ խոշտանգման դեպքով [և] 2014թ. հուլիսին Եհովայի վկա Մանսուր Մաշարիպովի ձերբակալման, դաժան ծեծի և նրան թմրամոլների վերականգնողական կենտրոնում հակառակ իր կամքին պահելու համար»։ Պրն Մաշարիպովը մեկ տարի ազատազրկման մեջ լինելուց հետո ազատ արձակվեց։ Ե՛վ պրն Հեմդեմովը, որը դատապարտվել էր ենթադրյալ ապօրինի կրոնական գործունեության համար, և՛ պրն Մաշարիպովը, որը կրոնական գործունեության համար ազատազրկվել էր կեղծ մեղադրանքներով, անմեղ են և որևէ հանցանք չեն գործել։

Թուրքմենստանի Եհովայի վկաները հույս ունեն, որ կառավարությունը շուտով քայլեր կձեռնարկի՝ լուծելու կրոնի և խղճի ազատության հետ կապված այս հարցերը։ Այդպես վարվելով՝ այն հարգանք կդրսևորի այն մարդկանց հանդեպ, ովքեր որոշում են կայացրել խղճի հիմնավորմամբ, և մարդու իրավունքները պաշտպանելու հարցում լավ համբավ կստեղծի։

^ պարբ. 2 Միջազգային իրավունքը ճանաչում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը որպես մարդու հիմնարար իրավունք, և շատ երկրներ իրենց ներպետական օրենսդրության մեջ նախատեսել են այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն։ Սակայն Թուրքմենստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Էրիթրեան, Թուրքիան, Հարավային Կորեան և Սինգապուրը ոչ միայն հրաժարվում են այդ իրավունքը ճանաչելուց, այլև շարունակում են հետապնդել այն Եհովայի վկաներին, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։

^ պարբ. 18 Պատիժը պայմանականորեն չկիրառելը անհատի ազատազրկումը պայմանականորեն հետաձգելու կամ պատժի մեկ այլ տեսակով փոխարինելու փորձաշրջանի մի տեսակ է։ Պրն Յանգիբաևը գտնվում է ոստիկանության հսկողության տակ, և նրա պատժի ժամկետը դեռ չի լրացել։