Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2015
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանը Բահրամ Հեմդեմովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման կրոնական գործունեություն ծավալելու համար

Թուրքմենստանը Բահրամ Հեմդեմովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման կրոնական գործունեություն ծավալելու համար

2015 թ. մայիսի 19-ին Թուրքմենստանը 52-ամյա Բահրամ Հեմդեմովին, որը Եհովայի վկա է, դատապարտեց չորս տարվա ազատազրկման։ Դրանից երկու ամիս առաջ Թուրքմենաբադում ոստիկանությունը ձերբակալել էր պրն. Հեմդեմովին իր տանը խաղաղ մթնոլորտում կրոնական հանդիպումներ անցկացնելու համար։ Այժմ նա գտնվում է Սեյդի քաղաքի ուղղիչ աշխատանքային հիմնարկում։

Ներխուժում կրոնական հանդիպման ժամանակ

2015 թ. մարտի 14-ին ոստիկանությունը ներխուժեց պրն. Հեմդեմովի տուն այն ժամանակ, երբ այնտեղ կրոնական հանդիպում էր անցկացվում։ Ոստիկանության աշխատակիցները բոլոր 38 ներկաների նկատմամբ կոպիտ վերաբերմունք և ագրեսիա դրսևորեցին՝ նրանց մեղադրելով անօրինական կրոնական գործունեության մեջ։ Նրանք պրն. Հեմդեմովին նախնական կալանքի վերցրին, բազմիցս հարցաքննեցին և ծեծի ենթարկեցին։ Իշխանությունները առգրավեցին նրա անձնական իրերը, այդ թվում մեքենան, համակարգիչը և դրամական միջոցները։

Ավելի ուշ Սերդարաբադի շրջանային դատարանի որոշմամբ Վկաներից 30-ին տուգանեցին, իսկ նրանցից 8-ին կալանավորեցին 15 օր ժամկետով։ Պրն. Հեմդեմովի որդի Սերդարին երկու անգամ 15 օր ժամկետով կալանքի դատապարտեցին։ Այդ ընթացքում իշխանությունները նրան պահեցին մեկուսարանում, հարցաքննեցին, դաժանաբար ծեծեցին ու կտտանքների ենթարկեցին։ Մեկ այլ Վկայի՝ Էմիրջան Ջումնազարովին, նույնպես երկու անգամ կալանքի դատապարտեցին 15 օր ժամկետով։ Նրան նույնպես ծեծեցին և սպառնացին կտտանքների ենթարկել։

2015 թ. մայիսի 19-ին Լեբաբի մարզային դատարանի դատավոր Գոչմուրադ Չարիեվը Բահրամ Հեմդեմովին դատապարտեց չորս տարվա ազատազրկման «կրոնական ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքով։ Նրան Թուրքմենաբադից 2015 թ. հունիսի 10-ին տեղափոխեցին Սեյդիի ուղղիչ աշխատանքային հիմնարկ։

Բանտի հսկիչը ոչ ոքի, այդ թվում հարազատներին թույլ չէր տալիս տեսակցել պրն. Հեմդեմովին, մինչև որ սպառվեց դատավճիռը բողոքարկելու ժամկետը։ Այդպիսով հսկիչը զրկեց պրն. Հեմդեմովին և նրա ներկայացուցչին դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից։ Նրա ազատազրկումից ի վեր բանտի աշխատակիցները ճնշում են բանեցրել նրա վրա, որպեսզի խոստովանի «իր հանցանքը», ստիպել են կատարել ծանր ֆիզիկական աշխատանք և դաժան ծեծի են ենթարկել այն բանի համար, որ նրա կինը նրա անունից բողոքարկել է դատավճիռը։

Բահրամի կինը Գուլզիրա Հեմդեմովան բողոք ներկայացրեց Թուրքմենստանի Գերագույն դատարան։ Չնայած հանցագործությունը հիմնավորող ապացույցի բացակայությանը՝ Գերագույն դատարանի փոխնախագահը սահմանեց, որ բողոքը բավարարելու հիմքեր չկան։ Օգոստոսի սկզբին պրն. Հեմդեմովի փաստաբանը այդ որոշումը բողոքարկեց Գերագույն դատարանի նախագահին։ 2015 թ. օգոստոսի 25-ին դատարանի նախագահը մերժեց բողոքը՝ պատճառաբանելով, որ պրն. Հեմդեմովը «տարածում է Եհովայի վկաների կրոնական համոզմունքները»։

«Թուրքմենստանի իշխանությունները անարդարություն են դրսևորում.... Դժվար է բացատրել, թե ինչու Թուրքմենստանի Գերագույն դատարանը չի շտկել Բահրամ Հեմդեմովի նկատմամբ դրսևորված անարդարությունը» (իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլի)։

Թուրքմենաբադում կոպիտ վերաբերմունքի ալիք է բարձրանում

2014 թ. վերջին Թուրքմենստանի իշխանությունները սկսեցին հանդուրժողականություն ցուցաբերել Եհովայի վկաների կրոնական գործունեության նկատմամբ։ 2014 թ. սեպտեմբերին նրանք բանտից ազատ արձակեցին Բիբի Ռահմանովային, որը 2014 թ. օգոստոսին ձերբակալվել էր կեղծ մեղադրանքների հիմքով։ Իրենց հավատը դավանելու համար կալանավորված մյուս 8 Վկաների նկատմամբ կիրառվեց նախագահական համաներում, և նրանք ազատ արձակվեցին 2014 թ. հոկտեմբերին։ Չնայած այս դրական զարգացումներին՝ տեղի որոշ պաշտոնյաներ շարունակում են կրոնական անհանդուրժողականություն դրսևորել Թուրքմենաբադում՝ Եհովայի վկաներին ձերբակալելով, կալանավորելով և նրանց նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսևորելով։

2015 թ. փետրվարի 6-ին ոստիկանությունը ձերբակալեց չորս Եհովայի վկաների՝ Վիկտոր Յարիգինին, Ռուստամ Նազարովին, Չարիգելդի Ջումաևին և Ջամիլյա Ադիլովային։ Կրոնական գրականություն ունենալու համար նրանց մեղադրեցին «ոչ մեծ չափերի» խուլիգանություն կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ծեծի ենթարկեցին երեք Վկաների, այդ թվում տիկին Ադիլովային։ Ոստիկանության աշխատակիցները պրն. Ջումաևին այնքան դաժանաբար ծեծեցին, որ նա մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը։ Թուրքմենաբադ քաղաքի դատարանը տուգանեց պրն. Յարիգինին, պրն. Նազարովին դատապարտեց 30 օր ժամկետով կալանքի, իսկ պրն. Ջումաևին և տիկին Ադիլովային՝ յուրաքանչյուրին դատապարտեց 45 օր ժամկետով * կալանքի։ Այդ չորս Վկաները բողոքներ են ներկայացրել նախագահի աշխատակազմին և Աշխաբադի Գլխավոր դատախազությանը։

Երկու շաբաթ անց ոստիկանությունը ներխուժեց Զեյնեպ Հուսանովայի տուն՝ «անօրինական» կրոնական գրականություն հայտնաբերելու նպատակով։ Նրանք առգրավեցին նրան պատկանող կրոնական գրականությունը և սպառնացին, որ կհետապնդեն և կկալանավորեն նրան 15 օր ժամկետով։

Մեկ այլ Վկայի՝ Դովլեթ Կանդիմովի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց անօրինական կրոնական գործունեության հիմքով, և նա երեք անգամ դատապարտվեց 15 օր ժամկետներով։ Կալանքի ընթացքում նրան բազմիցս ծեծի ենթարկեցին, քանի որ հրաժարվում էր իր հավատակցի՝ Բահրամ Հեմդեմովի դեմ ցուցմունք տալուց։

Արդյոք Թուրքմենստանը կկատարի՞ իր պարտավորությունները

Սկսած 2015 թ. գարնանից՝ Թուրքմենաբադի իշխանությունները Եհովայի վկաների նկատմամբ ագրեսիա չեն դրսևորել։ Սակայն Բահրամ Հեմդեմովը դեռ բանտում է պարզապես իր կրոնը դավանելու համար։

Բահրամը իր կնոջ՝ Գուլզիրայի և որդիներից մեկի հետ

Խաղաղ կրոնական գործունեությունը, այդ թվում Եհովայի վկաների գործունեությունը պետք է իրավական պաշտպանություն ունենա Թուրքմենստանում։ Երկրի Սահմանադրությունը երաշխավորում է «ցանկացած կրոն ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ դավանելու» իրավունքը և «համոզմունքի ազատության և այդ համոզմունքները անարգել արտահայտելու իրավունքը»։ Բացի այդ, Թուրքմենստանը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, որը նույնպես երաշխավորում է մտքի, խղճի և կրոնի ազատություն։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին նշում է.

«Թուրքմենստանի իշխանությունները անարդարություն են դրսևորում տարբեր ատյաններում։ Թուրքմենաբադի ոստիկանության աշխատակիցները, ներխուժելով կրոնական հանդիպումների վայր, գործել են ապօրինաբար և դաժանորեն։ Թուրքմենաբադի դատական մարմինները իրենց որոշումներով արդարացրել են նրանց ապօրինի գործողությունները։ Դժվար է բացատրել, թե ինչու Թուրքմենստանի Գերագույն դատարանը չի շտկել Բահրամ Հեմդեմովի նկատմամբ դրսևորված անարդարությունը։

Եհովայի վկաները ամենայն հարգանքով դիմում են Թուրքմենստանի կառավարությանը, որպեսզի պետականորեն գրանցի իրենց, թույլատրի կրոնական պաշտամունք իրականացնել և վերջ դնի բռնի գործողություններին, որոնք դրսևորվել են այս տարվա սկզբին Թուրքմենաբադում։ Խնդրում ենք կառավարությանը ազատ արձակել Բահրամ Հեմդեմովին»։

Նախկինում Թուրքմենստանի կառավարությունը ազատ է արձակել բանտարկյալներին՝ շտկելով անարդարությունը, ինչին ականատես են եղել Եհովայի վկաները։ Նույն կերպով կառավարությունը պետք է քննի Բահրամ Հեմդեմովին վաղաժամ ազատ արձակելու հարցը և ավելի շատ կրոնական հանդուրժողականություն դրսևորի։

^ պարբ. 11 Թուրքմենստանի Վարչական օրենսգրքի համաձայն՝ «ոչ մեծ չափերի» խուլիգանությունը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 15 օր ժամկետով։ Սակայն դատարանը դատապարտել է պրն. Ջումաևին և տիկին Ադիլովային կալանքի՝ կիրառելով սահմանված առավելագույն պատժաչափի եռապատիկը (45 օր)։