ՄԱՐՏԻ 17, 2016
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Թուրքմենստանը պարտավոր է վերացնել մարդու իրավունքների խախտումները
Իր վերջին չորս որոշումներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ Թուրքմենստանի կառավարությունը անարդարացիորեն է ազատազրկել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ * Այն նաև սահմանեց, որ կալանավայրի ծանր պայմանները ոտնահարել են նաև այլ իրավունքներ, որոնք երաշխավորված են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (ՔՔԻՄԴ)։ Հանձնաժողովի որոշումները պարտավորեցնում են Թուրքմենստանի կառավարությանը վերացնել միջազգային նորմերով երաշխավորված մարդու իրավունքների խախտումները։
Կրկին դատապարտվում է նույն արարքի համար
2015թ. մարտին Հանձնաժողովը վերանայեց Թուրքմենստանի քաղաքացի՝ Եհովայի վկա Զաֆար Աբդուլաևի գործով վճիռը։ Իշխանությունները երկրորդ անգամ դատապարտեցին նրան խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմքով։ 2009թ. ապրիլին պրն Աբդուլաևը Դաշողուզ քաղաքային դատարանում ցուցմունք տալիս նշեց, որ Աստվածաշնչով կրթված իր խիղճը թույլ չի տալիս իրեն զենք վերցնելու, սովորելու պատերազմել կամ ինչ-որ այլ կերպերով թիկունք կանգնելու զինվորական գործունեությանը։ Նա նաև ասաց, որ պատրաստ է կատարելու քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։ Սակայն դատարանը «զինծառայությունից խուսափելու համար» նրան դատապարտեց 24 ամսվա պայմանական * ազատազրկման։
Պատիժը կրելուց հետո 11 ամիս անց պրն Աբդուլաևը կրկին կանգնեց նույն դատարանի առաջ հերթական զորակոչից հրաժարվելու համար։ Սակայն նա նույն դիրքորոշումը հայտնեց, և նրան դատապարտեցին 24 ամսվա ազատազրկման։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը սահմանեց, որ պրն Աբդուլաևին երկրորդ անգամ զինծառայությունից հրաժարվելու համար պատժի ենթարկելը ոտնահարում է այն երաշխիքը, ըստ որի՝ «ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է» (տես ՔՔԻՄԴ 14-րդ հոդված, կետ 7)։ Եվ, որն ավելի կարևոր է, Հանձնաժողովը սահմանեց, որ դատապարտման երկու դեպքերն էլ ոտնահարում են «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը» (տես ՔՔԻՄԴ 18-րդ հոդված, կետ 1)։
«Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը հանդիսանում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի անբաժանելի մասը։ Այն իրավունք է տալիս ցանկացած անհատի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե վերջինիս կրոնը կամ համոզմունքները համատեղելի չեն զինծառայության հետ» (ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով)։
Պայմանները կալանավայրում
Պրն Աբդուլաևին Սեյդիի LB-E/12 կալանավայր տանելուց հետո 10 օր պահել են մեկուսարանում։ Այնտեղ հսկիչները ծեծի են ենթարկել նրան և այլ կերպերով դաժան վերաբերմունք դրսևորել նրա հանդեպ։
2010–2011թթ.-ին երեք ուրիշ Վկաներ՝ Ահմեդ Հուդայբերգենովը, Մահմուդ Հուդայբերգենովը և Սունետ Ջաբարովը, նույնպես կալանավորվել են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանք նշում են, որ «Սեյդի» կալանավայրում իրենց նկատմամբ նույնպես դաժան վերաբերմունք է դրսևորվել, և կալանքի ողջ ընթացքում իրենք բազմիցս ծեծի են ենթարկվել։
Բոլոր չորս Վկաները պատմում են, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրել կալանավայրում։ Մոտ 40 հոգի մի բանտախցում էր, որտեղ բացակայում էին հիգիենայի տարրական պայմանները։ Բոլորը ստիպված էին բետոնե հատակին նստել։ Իսկ գիշերը նրանք ծածկվում էին կեղտոտ վերմակներով, որոնք ոչ բոլորին էին բավականացնում։
2015թ. հոկտեմբերին Հանձնաժողովը որոշում կայացրեց Ահմեդ Հուդայբերգենովի, Մահմուդ Հուդայբերգենովի և Սունետ Ջաբարովի գործով։ Ինչպես պրն Աբդուլաևի դեպքում, այնպես էլ այս դեպքում Հանձնաժողովը սահմանեց, որ իշխանությունների կողմից դրսևորված վերաբերմունքը այդ անձանց նկատմամբ ոտնահարել է այն երաշխիքը, ըստ որի՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» (տես ՔՔԻՄԴ 7-րդ հոդված)։ Հանձնաժողովը նաև սահմանեց, որ ազատությունից զրկված անձանց ծանր կենսապայմաններում պահելը ոտնահարել է նրանց՝ «մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունքը» (տես ՔՔԻՄԴ 10-րդ հոդված)։
Թուրքմենստանը պարտավոր է վերացնել մարդու իրավունքների խախտումները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ընդունեց, որ Թուրքմենստանի օրենքով բոլոր տղամարդիկ պետք է պարտադիր զինվորական ծառայություն կատարեն։ Սակայն Հանձնաժողովը սահմանեց, որ ՔՔԻՄԴ-ն երաշխավորում է պարտադիր զինծառայությունից ազատվելը, եթե դա բխում է մարդու անկեղծ կրոնական համոզմունքներից։ Ուստի այդ հիմքով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտելը և պատժի ենթարկելը անհամատեղելի է «մտքի, խղճի և կրոնի ազատության» հիմնարար իրավունքի հետ։
Հանձնաժողովի որոշումները պարտավորեցնում են Թուրքմենստանի կառավարությանը ձեռնարկել «խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը երաշխավորող օրենսդրական միջոցներ», հանգամանորեն քննել «դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի» մասին բողոքները և պատասխանատվության ենթարկել նման վերաբերմունք դրսևորած ցանկացած մեկի։ Հանձնաժողովը նաև Թուրքմենստանի կառավարությունից պահանջում է համապատասխան փոխհատուցում տրամադրել նրանց, ում իրավունքները ոտնահարվել են, այդ թվում՝ տալ դրամական փոխհատուցում և նրանց համարել դատվածություն չունեցող։
Հետագա քայլերի կարիք կա
Թուրքմենստանի կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հարցը լուծելու հետ կապված։ 2015թ. փետրվարին ազատ արձակվեց վերջին Եհովայի վկան, ով համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվել էր զինծառայությունից։
Սակայն կառավարությունը շարունակում է ազատազրկման մեջ պահել ուրիշ խղճի կալանավորների։ Եհովայի վկա Բահրամ Հեմդեմովը, որը ամուսնացած է և երեխաներ ունի, շարունակում է կալանավայրում մնալ։ Նրան նախնական կալանքի վերցրին 2015թ. մարտի 14-ին, երբ ոստիկանությունը ներխուժեց նրա տուն, որտեղ այդ ժամանակ կրոնական արարողություն էր իրականացվում։ Ավելի ուշ դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման կրոնական գործունեություն ծավալելու համար։ Այսօր պրն Հեմդեմովը գտնվում է «Սեյդի» տխրահռչակ ուղղիչ-աշխատանքային հիմնարկում և լինելով ծայրաստիճան վատ պայմաններում՝ ենթարկվում է դաժան վերաբերմունքի։
Եհովայի վկաները և Թուրքմենստանի բոլոր քաղաքացիները անհամբերությամբ սպասում են, որ կառավարությունը լիովին կատարի իր միջազգային պարտավորությունները՝ հարգելով մարդու իրավունքները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։
^ պարբ. 2 Տես ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կոմունիկացիաները. No. 2218/2012, «Զաֆար Աբդուլաևը ընդդեմ Թուրքմենստանի», 2015 թ. մարտի 25 (CCPR/C/113/D/2218/2012); No. 2221/2012, «Մահմուդ Հուդայբերգենովը ընդդեմ Թուրքմենստանի», 2015 թ. հոկտեմբերի 29 (CCPR/C/115/D/2221/2012); No. 2222/2012, «Ահմեդ Հուդայբերգենովը ընդդեմ Թուրքմենստանի», 2015 թ. հոկտեմբերի 29 (CCPR/C/115/D/2222/2012); No. 2223/2012, «Սունետ Ջաբարովը ընդդեմ Թուրքմենստանի», 2015 թ. հոկտեմբերի 29 (CCPR/C/115/D/2223/2012)։
^ պարբ. 4 Պայմանական պատիժը դա մի փորձաշրջան է, որով ազատազրկման ձևով պատժի կիրառումը հետաձգվում է կամ փոխարինվում է մեկ այլ տեսակով։ Երբ պրն Աբդուլաևը դատապարտվեց առաջին անգամ, նա մշտապես գտնվում էր ոստիկանության հսկողության տակ և ազատազրկման մեջ չէր։