ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 2018
ԻՆԴՈՆԵԶԻԱ
Երկրաշարժ և ցունամի Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում
Սեպտեմբերի 28-ին՝ ուրբաթ, Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցավ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհվեց ավելի քան 1 300 մարդ։ Ամենաշատ զոհերի թիվը գրանցվել է Կենտրոնական Սուլավեսիի Պալու քաղաքում։
Ջակարտայում գտնվող Ինդոնեզիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ աղետի գոտում բնակվող բոլոր 80 քարոզիչները ողջ են։ Մի քանի քարոզիչներ մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվելու կարիք են ունեցել։ Աղետի պատճառով փլուզվել է եղբայրներից մեկի տունը, իսկ մի քանի Վկաների տներ մեծ վնասներ են կրել։ Վնասվել է նաև այն շինությունը, որտեղ «Պալու» ժողովը անցկացնում էր իր հանդիպումները։
Մասնաճյուղի՝ աղետից տուժածներին օգնություն տրամադրելու հարցերով ենթաբաժինը համագործակցում է շրջանային վերակացուի և մոտակայքում գտնվող ժողովների հետ՝ համակարգելու համար մարդասիրական օգնությունը։ Քանի որ աղետի գոտում՝ Պալուում, բնակվող քարոզիչները սահմանափակ քանակությամբ սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ բաներ ունեն, մասնաճյուղը կարգադրել է, որ երեք ժողովներ հոգան նրանց կարիքները։ Տեղի երեցները հոգ են տանում քարոզիչների հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական կարիքների մասին։ Մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, նախագծման/շինարարության տեղի բաժնի վերակացուն և այդ տեղանքի շրջանային վերակացուն նույնպես կայցելեն տուժած քարոզիչներին, որպեսզի մխիթարեն և աջակցեն նրանց։
Մենք աղոթում ենք Ինդոնեզիայի մեր եղբայրների ու քույրերի համար՝ վստահ լինելով, որ Եհովան այս դժվարին ժամանակներում կշարունակի լինել նրանց «ապաստանը և զորությունը» (Սաղմոս 46։1)։