ՄԱՅԻՍԻ 27, 2020
ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայում բուժքույրը շնորհակալական նամակ է գրել մի Վկա զույգի
Այս համավարակի ընթացքում շատ եղբայրներ ու քույրեր փորձում են նամակներով քաջալերել իրենց մերձավորներին։ Եղբայր Խոսե Լապորտան և նրա կինը՝ Վանեսան, մխիթարական նամակներ են ուղարկել Իսպանիայի Բարսելոնա քաղաքի մի հիվանդանոցի բուժանձնակազմին և COVID-19-ով վարակված հիվանդներին։ Հիվանդանոցի բուժքույրերից մեկը պատասխանել էր նրանց նամակին։ Ստորև ներկայացնում ենք ձեզ այդ նամակը, որը նա համաձայնել է հրապարակել որոշ խմբագրմամբ։ a
«Ես բուժքույր եմ.... գրում եմ.... անունից [անունը չենք նշել], որը 97 տարեկան է։ Այսօր առավոտյան կարդացի ձեր նամակը նրա համար։ Մեր անձնակազմը նամակները պատահականության սկզբունքով է բաժանել պացիենտներին, սակայն համոզված եմ, որ այս նամակը պատահական չհասավ նրան։ Այն ամենաքիչը երկու հոգու՝ [պացիենտին] և ինձ.... օգնեց տեսնելու, որ հույս կա, և այդ հույսը մենք էլ կարող ենք ունենալ։ [Պացիենտին] պալիատիվ խնամք է տրամադրվում։ Հարգելի՛ Խոսե, նա ինձ ասաց, որ չի ուզում այս աշխարհից հեռանալ առանց հետևյալ հարցի պատասխանը ձեզնից իմանալու. «Արդեն 97 տարեկան եմ։ Արդյո՞ք կտեսնեմ այն, ինչ կանխագուշակվել է Աստվածաշնչում»։
Այսօր առավոտյան կարողացա 10 րոպե տրամադրել, որպեսզի ձեր ուղարկած ինտերնետային կայքից կարդամ նրա համար։ Նրա աչքերը փայլեցին ու կայտառացան, իսկ դեմքը ուրախությունից պայծառացավ և խաղաղվեց։ Նրան այդպիսին չէի տեսել։ Այնուհետև դիտեցինք «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» տեսանյութը։
Նաև կարդացի [«Արթնացե՛ք»] պարբերագիրը սթրեսի մասին, և այն ինձ օգնեց, որ հաղթահարեմ այս դժվար իրավիճակը։ Դուք էլ գիտեք, որ հեշտ չէ։
Այստեղ առողջապահության ոլորտի աշխատակիցներին հոգեբաններ չեն տրամադրում, սակայն դուք մեզ տեղեկություններ եք տրամադրում, որոնք հասանելի են օրը 24 ժամ, և որոնց շուրջ մենք կարող ենք խորհրդածել։ Երբ այս ամենն ավարտվի, կուզեմ ավելին իմանալ և հուսով եմ, որ ժամանակ կունենաք սովորեցնել ինձ այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ համոզվելու համար, որ աշխարհն ավելի լավն է դառնալու։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր նամակն այդ օրն ուղարկեցիք՝ հենց իմ հերթափոխի ժամանակ, և ես կարողացա այն տանել [պացիենտի] սենյակ։
Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ քաջ առողջություն։ Համոզված եմ, որ ձեր հույսի շնորհիվ դուք ավելի հեշտ եք հաղթահարում այս իրավիճակը, քան մեզնից շատերը։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրում եք մարդկանց, օրինակ՝ [պացիենտին] և ինձ։ Թեև մենք անծանոթներ ենք, սակայն դուք մեզ անսահման ժպիտ պարգևեցիք։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում մենք այդպես չէինք ժպտացել։
Ի սրտե շնորհակալ եմ»։
Գնահատանքի այսպիսի խոսքերը քաջալերում են մեզ, որ շարունակենք քարոզչական գործը առողջապահական այս ճգնաժամի ընթացքում։ Մենք աղոթում ենք, որ ծառայության ժամանակ մեր ընտրած բառերը սփոփեն մարդկանց (Առակներ 15։23)։
a Նամակը իսպաներեն է գրվել