Անցնել բովանդակությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ, Ֆրանսիա)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2024
ԻՍՊԱՆԻԱ

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բուժում ընտրելու իրավունքը

Դատարանը միաձայն վճիռ է կայացրել «Պինդո Մույան ընդդեմ Իսպանիայի» գործով

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բուժում ընտրելու իրավունքը

2024 թ. սեպտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը միաձայն վճռեց, որ պետք է հարգել բուժառուի՝ իր համոզմունքներին համապատասխան բուժում ընտրելու իրավունքը։ Այս կարևոր վճիռը ոչ միայն Իսպանիային է պարտավորեցնում հարգել պացիենտի՝ բուժում ընտրելու իրավունքը, այլև Եվրոպական խորհրդի բոլոր 46 անդամ պետություններին։

Ռոսա Պինդո Մույան և նրա ամուսինը՝ Արմանդոն

2018 թ. հունիսին 47-ամյա քույր Ռոսա Պինդո Մույան հոսպիտալացվեց նվազագույն ինվազիվ (նվազագույն կտրվածքներով) վիրահատական միջամտության համար։ Նախքան վիրահատությունը նա բժիշկներին տրամադրեց «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» փաստաթուղթը և բացատրեց, որ պայմանավորված իր համոզմունքներով և Աստվածաշնչով մարզված խղճով՝ դեմ է, որ իրեն արյան փոխներարկում անեն (Գործեր 15։28, 29)։ Հիվանդանոցի բուժանձնակազմը գրի առավ Ռոսայի պահանջները նրա բժշկական քարտի մեջ։ Սակայն հերթապահ դատավորը, առանց Ռոսային տեղյակ պահելու, թույլ տվեց նրա բժիշկներին, որ ինվազիվ վիրահատության ենթարկեն նրան և արյան փոխներարկում անեն։ Վիրահատությունից հետո Ռոսան ցնցվեց՝ իմանալով, որ հիվանդանոցի անձնակազմը անտեսել է իր ցանկությունները և արյան փոխներարկում իրականացրել, ինչից նա կտրականապես հրաժարվել էր։

«Պինդո Մույան ընդդեմ Իսպանիայի» գործով վճիռը հայտնելիս Մեծ պալատի բոլոր 17 դատավորները համաձայնեցին, որ «իրավունակ, չափահաս բուժառուն իրավունք ունի հրաժարվելու» իր համար անցանկալի բժշկական միջամտությունից։ Նրանք հաստատեցին, որ «առողջապահության ոլորտի հիմնարար սկզբունքներից է այն, որ պետք է հարգել բուժառուի՝ բուժմանը համաձայնելու կամ դրանից հրաժարվելու իրավունքը»։

Որպես միաբան համաշխարհային եղբայրություն՝ մենք ուրախ ենք դատարանի կայացրած այս վճռի համար, որը պաշտպանում է քույր Պինդո Մույայի և միլիոնավոր այլ մարդկանց՝ իրենց հավատալիքներին, համոզմունքներին և արժեքներին համապատասխան բուժմեթոդ ընտրելու իրավունքը։