Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 29, 2015
ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելի Գերագույն դատարանը պաշտպանում է խաղաղ հավաքների ազատությունը

Իսրայելի Գերագույն դատարանը պաշտպանում է խաղաղ հավաքների ազատությունը

Իսրայելում Գերագույն դատարանը և տեղի ոստիկանությունը պաշտպանել են կրոնական ազատությունը՝ ճանաչելով Եհովայի վկաների՝ միասին հավաքվելու իրավունքը։ Վերջերս կայացրած որոշման համաձայն՝ Գերագույն դատարանը պարտավորեցրեց Ռաանանա քաղաքի իշխանություններին կատարել Եհովայի վկաների հետ կնքած պայմանագիրը, որով «Մետրո Վեստ» սպորտային կենտրոնը վարձակալությամբ էին տվել երկու կրոնական համաժողովներ անցկացնելու նպատակով։ Որոշ կրոնական խմբերի ճնշման ներքո քաղաքապետարանը չեղյալ էր համարել պայմանագիրը առաջին համաժողովը սկսելուց 36 ժամ առաջ։

Դատարանները անօրինական են ճանաչում քաղաքապետարանի մերժումը

Եհովայի վկաները Ռաանանա քաղաքի իշխանությունների հետ պայմանագիր էին ստորագրել 2015թ. ապրիլի 18-ին և մայիսի 2-ին շրջանային համաժողովներ անցկացնելու համար։ Համաժողովները ընդհատելու առաջին կասկածները առաջացան, երբ ապրիլի 15-ին քաղաքապետարանի ներկայացուցիչը իր մտահոգությունն արտահայտեց ապրիլի 18-ին ծրագրված միջոցառման անվտանգության առնչությամբ։ Չնայած տեղի ոստիկանապետը հավաստիացրեց, որ ոստիկանությունը կապահովի անվտանգությունը, սակայն հաջորդ օրը քաղաքի իշխանությունները պայմանագիրը միակողմանի չեղյալ համարեցին։ ԶԼՄ-ների տեղեկությամբ քաղաքապետարանը գործել է կրոնականների ճնշման ներքո, որոնք սպառնացել են զրկել քաղաքական աջակցությունից, եթե քաղաքապետարանը թույլ տա Վկաներին համաժողով կազմակերպել։

Վկաները անմիջապես դիմեցին Լոդ քաղաքի շրջանային դատարան ստիպելու քաղաքապետարանին կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն բավականաչափ ժամանակ չկար առաջացած խնդիրները դատական կարգով լուծելու նախքան ապրիլի 18-ին կայանալիք համաժողովը։ Վկաներին հաջողվեց մեկ այլ սրահ վարձակալել, բայց նրանք վեց անգամ ավելի շատ գումար վճարեցին։

Ապրիլի 29-ին Լոդ քաղաքի շրջանային դատարանը գույքի վրա արգելանք դրեց՝ պարտավորեցնելով քաղաքապետարանին կատարել պայմանագիրը, ինչպես նաև սահմանեց, որ «[Ռաանանայի] քաղաքապետարանը ոտնահարել է [Եհովայի վկաների]՝ ծեսեր անցկացնելու և կրոնի ազատության, հավաքների և միավորման ազատության, արժանապատվության, ազատության և հավասարության իրավունքները, որոնք պաշտպանվում են Սահմանադրությամբ։ Քաղաքապետարանը անմիջապես դիմեց արգելանքի կասեցման խնդրանքով, սակայն Գերագույն դատարանը մայիսի 1-ին մերժեց։ Դատարանի որոշման դեմ բերված բողոքը նույնպես մերժվեց, հետևաբար շրջանային դատարանի որոշումը մնաց անփոփոխ։

Ոստիկանությունը պաշտպանում է Վկաներին

Գերագույն դատարանի ժամանակահարմար որոշումը հնարավորություն տվեց Եհովայի վկաներին մայիսի 2-ին անցկացնել իրենց համաժողովը։ Ի պատասխան այդ որոշման՝ տեղի կրոնական առաջնորդները, այդ թվում քաղաքի գլխավոր ռաբբին և ուլտրաուղղափառ կազմակերպության անդամները, որոնք հայտնի են իրենց ագրեսիվ գործողություններով, «համատեղ աղոթք» կազմակերպեցին, որին մասնակցեց 1500 հոգի։ Նրանք հավաքվեցին սպորտային կենտրոնի առաջ, որտեղ 600 Վկաներ ժամանել էին համաժողովի համար։ Շուտով «համատեղ աղոթքը» վերածվեց զանգվածային բողոքի ակցիայի։ Որոշ ցուցարարներ հարձակվեցին Վկաների վրա, այդ թվում կանանց և երեխաների։ Նրանք վիրավորեցին նրանց, թքեցին նրանց վրա, ծաղրուծանակի ենթարկեցին նրանց, անպարկեշտ ժեստեր արեցին և անձնական փոխադրամիջոցները վնասեցին։ Ոստիկանությունը անմիջապես միջամտեց ցուցարարների ամբոխին զսպելու համար։ Ոստիկանության գործողությունների արդյունքում Վկաները կարողացան անցկացնել իրենց կրոնական հանդիպումը և օրվա վերջում ապահով տուն վերադառնալ։

Եհովայի վկաները ուրախ են, որ Իսրայելի իշխանությունները քայլեր ձեռնարկեցին կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ ու պաշտպանեցին միասին հավաքվելու և երկրպագություն մատուցելու իրավունքը։