Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 26, 2020
ԻՏԱԼԻԱ

Հարցազրույց Իտալիայի հիվանդանոցներից մեկում աշխատող բժշկի հետ

Հարցազրույց Իտալիայի հիվանդանոցներից մեկում աշխատող բժշկի հետ

Եղբայր Գիլան իր կնոջ և դստեր հետ

Եղբայր Ջիանդոմենիկո Գիլան, որն աշխատում է Իտալիայի Կոմո քաղաքի մերձակայքում գտնվող Էրբա հիվանդանոցի առաջին օգնության կաբինետում, COVID-19 համավարակի դեմ պայքարում առաջնագծում է։ Մեր եղբայրը իր հավատի շնորհիվ կարողանում է պահպանել իր մտքի խաղաղությունը և մխիթարել ուրիշներին (2 Կորնթացիներ 1։4)։ Վերջերս Իտալիայի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժինը հարցազրույց անցկացրեց մեր եղբոր հետ, և նա պատմեց, թե ինչպես է դա նրան հաջողվում։

Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցից մի հատված, որը փոքր-ինչ խմբագրվել է՝ այն ավելի հասկանալի դարձնելու համար։

Ի՞նչ դեպքերի ես ականատես եղել համավարակի ընթացքում։

Ջիանդոմենիկո Գիլա — Հիվանդանոցում, որտեղ աշխատում եմ, ամեն ինչ հանկարծակի սկսվեց. ասես ցունամի լիներ։ Ողջ հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց և դարձավ COVID-19 համավարակի դեմ պայքարի հիվանդանոց։ Այս ցավալի իրավիճակում պացիենտները մեկուսացված են և չեն կարող շփվել իրենց ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ։ Ուստի նրանք իմ միջոցով են կապ հաստատում իրենց ընտանիքի անդամների հետ։ Մի անգամ կեսգիշերին պետք է զանգեի պացիենտներից մեկի որդուն և ասեի, որ նրա մայրը մահանում է։ Տեսազանգի միջոցով կապվեցի որդու հետ, և նա կարողացավ իր մորը վերջին անգամ տեսնել, չնայած որ արդեն կոմայի մեջ էր։ Շատ ծանր տեսարան էր։

Ինչպե՞ս է Աստվածաշունչը մխիթարում քեզ։

Ջիանդոմենիկո Գիլա — Ի տարբերություն իմ որոշ աշխատակիցների, որոնք հաճախ են ընկճվում և հուսալքվում՝ ես կարողանում եմ պահել իմ հավասարակշռությունը՝ շնորհիվ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության։ Հստակ տեսնում եմ, որ Եհովան մեզ նախապատրաստել էր այս դժվար օրերի համար։ Գիտակցելով, որ այս համաճարակը աստվածաշնչյան մարգարեության կատարման ապացույցներից մեկն է՝ փորձում եմ ճիշտ տեսանկյունից նայել այս իրավիճակին։ Հավատս շատ է ամրացել։

Ինչպե՞ս է Եհովայի տված մխիթարությունը օգնում, որ դու էլ ուրիշներին մխիթարես։

Ջիանդոմենիկո Գիլա — Եհովայի ոգու զորությունը առանձնահատուկ կերպով եմ զգում։ Այն օգնում է և՛ տանը, և՛ աշխատավայրում, ինչպես նաև հավատակիցներիս մխիթարելիս, ովքեր համավարակի պատճառով դժվարություններ են կրում։

Կասե՞ս, թե ինչպես է Եհովան օգնում քեզ, որ մխիթարես ընտանիքիդ։

Ջիանդոմենիկո Գիլա — Թեև ստիպված եմ երկար ժամանակ հիվանդանոցում անցկացնել, բայց փորձում ենք ընտանիքով պահպանել մեր հոգևոր սովորությունները։ Զգացել եմ, որ դա շատ է զորացնում կնոջս։ Մենք ավելի միասնական ենք դարձել։ Ընտանեկան երկրպագությունը իսկապես մխիթարության աղբյուր է մեր 3-ամյա դստեր՝ Ջինևրայի համար։ Նա էլ է զգում, որ ինչ-որ բան փոխվել է և իր անհանգստությունն արտահայտում է այս խոսքերով. «Չեմ ուզում, որ պապան գործի գնա, այնտեղ կորոնավիրուս կա։ Վախենում եմ, որ նա հետ չի գա»։ Նրան հանգստացնելու համար միացնում ենք մեր կայքի առանձին երգերը, և նա անմիջապես սկսում է ժպտալ։

Իսկ ի՞նչ դեպք կպատմես, երբ կարողացել ես մխիթարել աշխատակիցներիդ։

Ջիանդոմենիկո Գիլա — Իմ բաժանմունքում աշխատող բժիշկներից մեկի հետ վերջերս սկսել եմ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրա հետ մի քանի տարի առաջ եմ ծանոթացել այն հիվանդանոցում, որտեղ նախկինում աշխատում էի։ Մենք հաճախ էինք զրուցում աստվածաշնչյան թեմաներով։ Համավարակի բռնկումից առաջ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և որոշեց շարունակել այն։ Այժմ մենք ուսումնասիրում ենք տեսակապի միջոցով, երբեմն շաբաթը երկու անգամ։ Շատ էի տպավորվել, երբ նա ինձ ասաց. «Աստվածաշնչի ուսումնասիրությունը բարելավել է կյանքս։ Խաղաղվել եմ։ Ես ստանում եմ իմ հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մարդու գոյությանը և ներկա իրավիճակին։ Հավատը, որ կերտվում է իմ մեջ, ինձ կայունություն և լավ ապագայի հույս է տալիս»։

Քույր Դանիելա Սջրևան, որը վարակվել էր կորոնավիրուսով, և որին օգնել է եղբայր Գիլան։ Նա այժմ ապաքինվել է

Ինչպե՞ս ես կարողացել հավատակիցներիդ մխիթարել։

Ջիանդոմենիկո Գիլա — Ցավոք, մեր ժողովի քույրերից մեկը՝ քույր Դանիելա Սջրևան, վարակվեց COVID-19-ով և հոսպիտալացվեց։ Ես կապ հաստատեցի մեր երկու եղբայրների հետ, ովքեր շտապօգնության մեքենաներ ունեն, և կազմակերպեցինք, որ նրան հիվանդանոց տեղափոխեն։ Եղբայրները 50 կմ (31 մղոն) ճանապարհ կտրեցին, որ գան և նրան տանեն հիվանդանոց։ Նրանց տեսնելով՝ քույրը շատ ուրախացավ։ Դանիելան նաև շատ մխիթարվեց, երբ այդ ծանր հանգամանքներում հասավ հիվանդանոց ու մեզ տեսավ առաջին օգնության կաբինետում։ Ու քանի որ թե՛ ես, թե՛ այդ եղբայրները բժիշկներ էինք, կարող էինք նրա կողքին լինել։ Բոլորիս սերն ու աջակցությունը նրան շատ զորացրին։ Երախտագիտությունից մղված՝ նա ասաց. «Ես գիտեի, որ Եհովան հասկանում է մեզ, բայց այս անգամ Նա գերազանցեց իմ բոլոր սպասելիքները»։

Ամեն օր ես ավելի ու ավելի շատ եմ ապավինում Եհովային և նրա զորությանը։ Աշխատանքի գնալիս և վերադառնալիս մեքենայիս մեջ մեր հեռարձակման երգերն եմ լսում, որոնք ինձ հոգևոր և էմոցիոնալ լիցքեր են հաղորդում։ Շնորհակալ եմ Եհովային աջակցության համար։ «Եհովան մեր կողքին է միշտ» երգը լսելիս երգում եմ կրկներգի խոսքերը. «Եհովան իմ կողքին է միշտ։ Աստծու ուժով կհաղթեմ շուտով, կապրեմ կյանքով անվիշտ»։