Անցնել բովանդակությանը

Վերաքննիչ դատարանը Հռոմում

ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2020
ԻՏԱԼԻԱ

Հռոմի վերաքննիչ դատարանը պաշտպանում է ծնողի՝ իր երեխայի համար անարյուն բուժման միջոց ընտրելու իրավունքը

Հռոմի վերաքննիչ դատարանը պաշտպանում է ծնողի՝ իր երեխայի համար անարյուն բուժման միջոց ընտրելու իրավունքը

2019 թ. դեկտեմբերի 17-ին Հռոմի վերաքննիչ դատարանը բեկանեց Հռոմում անչափահասների գործերով դատարանի վճիռը, որը զրկել էր քրոջը ծնողական իրավունքներից, քանի որ վերջինս հրաժարվել էր, որ իր որդուն արյուն փոխներարկեին։ Վերաքննիչ դատարանը ոչ միայն վերականգնեց քրոջ ծնողական իրավունքները, այլև նրան անմեղ ճանաչեց։ Այս որոշումը կարևոր նախադեպ դարձավ. այսուհետ իրենց երեխաների համար անարյուն բուժման միջոց ընտրելու համար Վկա ծնողները չեն զրկվի ծնողական իրավունքներից։

Այս գործը հարուցվեց, երբ մեր քույրերից մեկը իր 10 տարեկան որդու հետ ավտովթարի ենթարկվեց։ Երեխային հիվանդանոց տարան։ Երեք օր հետո բժիշկներն ասացին, որ պետք է նրան վիրահատեն։ Մեր քույրը տվեց իր համաձայնությունը և՛ վիրահատությանը, և՛ առաջարկված մյուս բուժմեթոդներին, սակայն ասաց, որ դեմ է արյան փոխներարկմանը։ Թեև իրավիճակը ծայրահեղ չէր, հիվանդանոցը բողոք ներկայացրեց դատախազին՝ պաշտոնապես վիճարկելով քրոջ որոշումը, որը հիմնված էր նրա կրոնական համոզմունքների վրա։ Բժիշկը պնդում էր, որ այդ որոշումը կարող է կործանարար լինել երեխայի համար։ Դատախազը մեղադրեց քրոջը իր որդու շահերը չպաշտպանելու մեջ և անչափահասների գործերով դատարանից պահանջեց նրան զրկել ծնողական իրավունքներից։ Դատարանը բավարարեց նրա պահանջը, թեև իրավասու չէր այդ հարցով վճիռ կայացնելու։ Ուստի քույրը վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ դատարանը մեր քրոջը ճանաչեց որպես հոգատար և ուշադիր մայր։ Որոշման մեջ ասվում էր, որ «կրոնական համոզմունքի պատճառով արյան փոխներարկումից հրաժարվելն ինքնին չի ենթադրում, որ մայրը չի կարող կատարել իր ծնողական պարտականությունը»։ Դատարանը վերականգնեց քրոջ ծնողական իրավունքները և եզրակացրեց, որ նրան այդ իրավունքից զրկելը օրենքի ոտնահարում է։

Նիկոլա Կոլայանին, որը Բարիի համալսարանում եկեղեցական օրենքի պրոֆեսոր է և նախկինում եղել է վճռաբեկ դատարանում խորհրդական, նշեց. «Ես համաձայն եմ վերաքննիչ դատարանի որոշմանը։ Գլխումս չի տեղավորվում, թե անչափահասների գործերով դատարանն ինչպես կարող էր այդպիսի որոշում կայացնել։ Կրոնական ազատության դեմ դեռ շատ խոչընդոտներ կան, հատկապես երբ խոսքը վերաբերում է Եհովայի վկաներին»։

Եղբայր Քրիստիան դի Բլասիոն, ով հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներն է համակարգում Իտալիայի մասնաճյուղում, ասում է. «Մենք շնորհակալ ենք Հռոմի վերաքննիչ դատարանին բեկանելու համար այն որոշումը, որը կայացվել էր կրոնական նախապաշարումների հիման վրա։ Եհովայի վկաները շատ հոգատար են իրենց երեխաների հանդեպ և անչափ շնորհակալ են այն բժիշկներին, ովքեր որակյալ բուժօգնություն են տրամադրում և հարգում են իրենց քրիստոնեական խիղճը»։

Դատարանը հաստատեց, որ մեր եղբայրներն ու քույրերն իրենց երեխաների բուժօգնության վերաբերյալ իրազեկված որոշումներ կայացնելու իրավունք ունեն։ Շնորհակալ ենք մեր Աստծուն՝ Եհովային, դատարանում տարած այս հաղթանակի համար։ Այն կօգնի մեր հավատակիցներին, երբ նրանք այնպիսի բժշկական հարցերի առաջ կանգնեն, որոնք առնչվում են իրենց քրիստոնեական համոզմունքների հետ (Սաղմոս 37։28