ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2020
ԻՏԱԼԻԱ
Չնայած խոչընդոտներին՝ Իտալիայի մասնաճյուղը տեղափոխվում է
Թեև Իտալիայում տնտեսական և առողջապահական ճգնաժամ է, Եհովայի վկաների մասնաճյուղի տեղափոխությունը Բոլոնիա ընթանում է իր հունով։ 2020 թ. սեպտեմբերի 5-ին, երբ առաջին բնակելի շենքի շինարարությունն ավարտվեց, նախագիծը թևակոխեց նոր փուլ։ Մասնաճյուղի շինարարությունը պլանավորվում է ավարտին հասցնել մինչև 2023 թ. վերջը։
Նոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները վերահսկում է հինգ եղբայրներից բաղկացած շինարարական նախագծի կոմիտեն։ Բնակելի շենքի նախագծումն ու կառուցումն իրականացրել է կապալառու ընկերությունը, որն իր աշխատանքները սկսել է 2018 թ. սեպտեմբերից։
2019 թ. տնտեսական ճգնաժամը շատ ընկերությունների գործունեության վրա բացասաբար ազդեց։ Բացառություն չէր նաև կապալառու ընկերությունը, որը ստիպված էր վերակազմավորման նպատակով միառժամանակ դադարեցնել իր աշխատանքները։ Բարեբախտաբար, հիմնական գործերն արդեն ավարտվել էին, ինչի շնորհիվ դադարը կարճ տևեց։
2020 թ.-ին COVID-19 համավարակը տարածվեց հյուսիսային Իտալիայում՝ այդ թվում նաև Բոլոնիայում։ Իշխանությունները արգելեցին գործունեության շատ տեսակներ, որոնցից էր նաև շինարարությունը։ Այդուհանդերձ, մեկ ամիս անց որոշ սահմանափակումներ հանվեցին, և մասնաճյուղի նախագծի աշխատանքները շարունակվեցին՝ պահպանելով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները։
Եղբայր Պաոլո Կոմպարատոն, որը շինարարական նախագծի կոմիտեի անդամներից է, ասաց. «Շատ շնորհակալ ենք Եհովային, որ նախագծի այս փուլը հաջողությամբ ավարտին հասցվեց։ Առանց սուրբ ոգու մենք չէինք կարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտները»։
Տիկին Քրիստինա Դալակասան, որը կապալառու ընկերության գործադիր տնօրենն է, նշեց. «Ուրախ ենք, որ Եհովայի վկաները Իտալիայում իրենց համար ամենակարևոր շինություններից մեկը կառուցելու գործը մեր ընկերությանն են վստահել։ Թիմային աշխատանքի շնորհիվ մենք շատ խոչընդոտներ ենք հաղթահարել այս նախագծի ընթացքում։ Եհովայի վկաները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց նախագծերին, հատկապես շինհրապարակում աշխատող մարդկանց անվտանգությանը»։ Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց. «Ամենաշատը ուրախ եմ, որ հանդիպեցի այսպիսի ազնիվ ու հուսալի մարդկանց։ Հատկապես տնտեսական ու սոցիալական այս ճգնաժամի ընթացքում դա շատ հուսադրող է»։
Վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել այս նախագծի իրականացմանը, որպեսզի այն փառք բերի իր անվանը (Սաղմոս 127:1):