ՀՈՒԼԻՍԻ 18, 2019
ԻՏԱԼԻԱ
Իտալիայի Գերագույն դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքները
2019 թ. մայիսի 15-ին Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը, որը երկրի բարձրագույն ատյանն է, պաշտպանեց մեր եղբայրների՝ բուժօգնություն ստանալու վերաբերյալ անձնական որոշում կայացնելու իրավունքը։ Դատարանը հաստատեց, որ պացիենտը իրավունք ունի ընտրելու բժշկական միջամտության հարցերով ներկայացուցիչ, ով կպաշտպանի պացիենտի՝ արյան փոխներարկումից հրաժարվելու որոշումը։ Բացի այդ, Դատարանը նաև հաստատեց, որ Իտալիայի օրենսդրությունը նախատեսում է բժշկական ներկայացուցիչ ունենալու իրավունք, նույնիսկ եթե իր առողջական վիճակի պատճառով պացիենտը հնարավոր է՝ դառնա անգիտակից կամ կորցնի որոշ ունակություններ։
Այս որոշումը կայացվեց մի շարք դատավարությունների արդյունքում, որոնց ժամանակ քննվում էր նաև եղբայր Լուկա Կապելիի գործը, որը ժողովում երեց է ծառայում։ Վերջին 25 տարիների ընթացքում նա տառապում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով։ Եղբայր Կապելիի հիվանդությունը ոչ միայն պահանջում է բազմաթիվ բժշկական պրոցեդուրաներ, այլև երբեմն սահմանափակում է նրա՝ հաղորդակցվելու ունակությունը։ Մինչ բուժում սկսելը նա բարեխղճորեն լրացրել էր «Բժշկական դիրքորոշում» քարտը և իր կնոջը՝ Ֆրանչեսկային, նշանակել բժշկական միջամտության հարցերով իր ներկայացուցիչ։ Սակայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հրաժարվեցին եղբայր Կապելիի կնոջը ճանաչել որպես վերջինիս բժշկական միջամտության հարցերով ներկայացուցիչ՝ այսպիսով զրկելով նրան իրավական պաշտպանության այն միջոցից, որը կօգներ նրան հրաժարվելու արյան փոխներարկումից։
2017 թ. փետրվարի 16-ին եղբայր Կապելիի գործը ուղարկվեց Գերագույն վճռաբեկ դատարան։ Գերագույն դատարանը սահմանեց, որ ցածր ատյանի դատարանները ոտնահարել են Իտալիայի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որոնք պաշտպանում են պացիենտի՝ ինքնուրույն (ավտոնոմ) որոշում կայացնելու իրավունքը։ Ուշագրավ է Դատարանի այն դիրքորոշումը, որ բժշկական օգնության որևէ ձևից հրաժարվելու իրավունքը «նույնիսկ ավելի ուժեղ երանգ է ձեռք բերում և արժանի է պաշտպանության ու երաշխիքի, երբ այն կրոնական դավանանքի մաս է կազմում կամ առնչվում է դրան»։ Գերագույն դատարանի այս որոշումից հետո Իտալիայի դատարաններից այժմ պահանջվում է ավելի մեծ հարգանք ցուցաբերել այն միջոցների նկատմամբ, որոնք մեր եղբայրները ձեռնարկում են արյան փոխներարկումից խուսափելու համար։
Որպես միասնական եղբայրություն՝ մենք ուրախ ենք, որ Գերագույն դատարանը պաշտպանել է Իտալիայում մեր եղբայրների իրավունքները, ովքեր արյան գործածության հարցում շարունակում են հետևել Աստվածաշնչով կրթված իրենց խղճին (Գործեր 15։29)։