Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 2019
ԻՏԱԼԻԱ

Իտալիայում բացվել է մի հուշատախտակ՝ ի հիշատակ նացիստների և ֆաշիստների կողմից հետապնդվող Եհովայի վկաների

Իտալիայում բացվել է մի հուշատախտակ՝ ի հիշատակ նացիստների և ֆաշիստների կողմից հետապնդվող Եհովայի վկաների

Ռիսիերա դի Սան Սաբայում (Տրիեստ) տեղադրված հուշատախտակը։ Համակենտրոնացման ճամբարներում Եհովայի վկաները կրում էին համազգեստ, որի վրա կարված էր մանուշակագույն եռանկյունի

2019 թ. մայիսի 10-ին պետական պաշտոնյաներ, պատմաբաններ, լրագրողներ և հարյուրավոր այլ մարդիկ ներկա եղան մի հուշատախտակի բացման՝ ի պատիվ մեր եղբայրների և քույրերի, որոնք հետապնդվել են նացիստների ու ֆաշիստների կողմից։ Արարողությունը տեղի ունեցավ Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրիեստ քաղաքում՝ Ռիսիերա դի Սան Սաբա բրնձի կեղևահանման համար նախատեսված նախկին շինությունում, որը դարձել էր Իտալիայի՝ դիակիզարան ունեցող միակ համակենտրոնացման ճամբարը։ Հուշատախտակի բացումը գրավեց տեղի և ազգային ԶԼՄ-ների ուշադրությունը, այդ թվում՝ Իտալիայի ամենաշատ դիտվող հեռուստաալիքի՝ «5-րդ ալիքի» ուշադրությունը։

Իտալիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Կրիստիան դի Բլազիոն արարողությունը բացեց՝ հավատարմության մասին ելույթ ներկայացնելով։ Նա ասաց. «Երրորդ ռայխի իշխանության ժամանակ Եհովայի վկաները միակն էին, որ հետապնդվում էին զուտ իրենց կրոնական համոզմունքների պատճառով։ Նրանք նաև միակն էին, որ որպես խումբ՝ հնարավորություն ունեին խուսափելու նահատակվելուց։ Նրանք պետք է պարզապես ուրանային իրենց քրիստոնեական հավատը և թիկունք կանգնեին այդ վարչակարգին։ Սակայն նրանք բավականաչափ քաջ էին և կառչած մնացին իրենց քրիստոնեական արժեքներին՝ հավատարիմ եղան Աստծուն և սեր դրսևորեցին ուրիշների հանդեպ»։ Այնուհետև եղբայր դի Բլազիոն ցույց տվեց մի տեսանյութ, որում քույր Էմմա Բաուերը պատմում էր, թե իր ընտանիքի հետ ինչ հալածանքների էր ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաները չեն հրաժարվի իրենց արժեքներից նույնիսկ մահվան սպառնալիքի ներքո։ Վերջում Տրիեստի քաղաքապետ Ռոբերտո Դիպիացան նույնպես դիմեց ներկաներին՝ ասելով. «Ինձ համար շատ հաճելի է տեսնել այս հուշատախտակը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման հետապնդումներ այլևս չլինեն»։ Դրան հաջորդեց հուշատախտակի պաշտոնական բացումը։

Բազմաթիվ գիտնականներ և հասարակական գործիչներ խոսեցին այդ իրադարձության կարևորության մասին։ Օրինակ՝ Իտալիայի Ավետարանչական եկեղեցիների ֆեդերացիայի նախկին նախագահ Ջորջիո Բուշարն ասաց. «Ոչ մի եկեղեցի արյան այդքան բարձր գին երբևէ չի վճարել, որքան Եհովայի վկաները.... Այդ դաժան փորձությունը, սակայն, ավելի ամրացրեց այդ շարժումը, որն իրեն ներկայացրեց պատմության ու, ենթադրում ենք, Աստծու դատին՝ որպես միակ քրիստոնեական եկեղեցի, որը լիովին հակառակվեց Երրորդ ռայխի կուռքերին»։ (Այլ մեկնաբանությունների համար տես ներքևի շրջանակը)։

Նախատեսվում է, որ ամեն տարի մոտ 120 000 մարդ կայցելի Ռիսիերա դի Սան Սաբա պատմական վայրը։ Յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա տեսնելու ի հիշատակ հազարավոր Եհովայի վկաների տեղադրված այս հուշատախտակը, ովքեր թեև դարձան նացիստների ու ֆաշիստների հետապնդման զոհը, սակայն ամուր պահեցին իրենց հավատը և քաղաքական հարցերում չեզոք մնացին (Հայտնություն 2։10