Անցնել բովանդակությանը

Թե՛ սահմանին, թե՛ օգնության ծանրոցներ պատրաստելիս Լեհաստանի եղբայրներն ու քույրերը պատրաստակամ են աջակցելու Ուկրաինայի իրենց հավատակիցներին

ԱՊՐԻԼԻ 7, 2022
ԼԵՀԱՍՏԱՆ

Նեղության պահին առատաձեռնություն ենք դրսևորում

Եղբայրներն ու քույրերը «ձգտում են հյուրասեր լինել»

Նեղության պահին առատաձեռնություն ենք դրսևորում

Բարբարա Օսմիկ-Ուրբանը իր երեխաների՝ Յակուբի և Նինայի հետ

Քույր Բարբարա Օսմիկ-Ուրբանը միայնակ մայր է և ապրում է Ժեշուվ քաղաքում (Լեհաստան)։ Նա ընտանեկան երկրպագության երեկոների ժամանակ իր երեխաներին՝ տասնամյա Յակուբին և ութամյա Նինային, սովորեցնում էր հյուրասիրություն և կարեկցանք դրսևորել։ Իսկ այժմ նրանք գործնականում են կիրառում իրենց սովորածը։ 2022 թ. փետրվարի 24-ից սկսած, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, նրանք հյուրընկալել են ավելի քան 20 եղբայրների և քույրերի։

Ուկրաինայի պատերազմի պատճառով շատ հավատակիցներ ստիպված փախչում են երկրից։ Իսկ Լեհաստանում և այլ երկրներում բնակվող Եհովայի վկաները փորձում են ամեն կերպ աջակցել նրանց՝ տրամադրելով կացարան կամ այլ օգնություն։ Այս պահի դրությամբ ավելի քան 11 000 Վկաներ Ուկրաինայից փախել են Լեհաստան։ Պատերազմական իրավիճակի պատճառով 18-60 տարեկան տղամարդկանց չի թույլատրվում լքել երկիրը, սակայն առնվազն երեք անչափահաս երեխա ունեցողների համար բացառություններ են արվում։

Բարբարան ասում է. «Նրանք պարզապես ուկրաինացի փախստականներ չեն, նրանք մեր հոգևոր ընտանիքն են»։ Նրա երեխաները նույնպես շատ են սիրում իրենց հավատակիցներին։ Յակուբն ու Նինան ուրախությամբ իրենց ննջասենյակները տրամադրել են հյուրերին։ Թեև նրանք չեն խոսում իրենց հյուրերի լեզվով, սակայն իրար հասկանում են ժպիտների, գրկախառնությունների և արցունքների միջոցով։ Հետաքրքիր է, որ երբ հյուրերը հեռացան, Յակուբը ասաց, որ տանը շատ լուռ է, և խնդրեց մորը նոր հյուրեր ընդունել։

Ուկաշ Խոլևինսկին և Ռաֆաու Յանկովսկին

Եղբայրներ Ուկաշ Խոլևինսկին և Ռաֆաու Յանկովսկին կամավոր հումանիտար օգնություն են տանում Ուկրաինա։ Եղբայրները տեսնում են մեծ թվով լաց լինող կանանց և երեխաների, որոնք սպասում են սահմանային անցակետում՝ փորձելով անվտանգ վայր գտնել։ Ուկաշն ասում է. «Անհավատալի է, բայց երբ հանդիպում ենք մեր հավատակիցներին, նրանք միշտ ուրախ են»։

Ուկրաինա գնալը և վերադառնալը տևում է մոտ չորս ժամ։ Երբ օգնությունը տեղ է հասնում, Ուկրաինայի եղբայրները ուղարկում են դրանք ամբողջ երկրով մեկ։ Թեև այսպիսի ճանապարհորդությունները վտանգավոր են, սակայն շատերն են ցանկություն հայտնում օգնելու։ Ռաֆաուն ասում է. «Մեր եղբայրներին աջակցելը մեծ պատիվ է»։

Ժեշուվից քույր Էլժբիետա Ուստժիցկան, ով հյուրընկալել է ուկրաինացի հավատակիցներին, ասում է. «Շատ հուզվեցի, երբ մեր ժողովի երեցները կեսգիշերին փախստականներին բերեցին մեր տուն։ Դեռ աչքիս առաջ է այդ պատկերը, թե ինչպես էին քնած երեխաներին իրենց գիրկն առած մեր տուն գալիս»։

Բարտուոմիեյ և Էստերա Ֆիգուրաները

Մյուս ջերմեռանդ երեցներից մեկը եղբայր Բարտուոմիեյ Ֆիգուրան է։ Նա և իր կինը՝ Էստերան, գնում են սահման կամ երկաթուղու կայարան և օգնում հավատակիցներին ապահով վայր գտնել։ Ժամանակ առ ժամանակ նրանք այլ տեղ են գիշերում և իրենց տունը տրամադրում են փախստականներին։ Հնարավորության սահմաններում նրանք օգնում են նաև ֆինանսապես։

Բարտուոմիեյը ասում է. «Մենք մեկ հոգևոր ընտանիք ենք և շատ ենք սիրում մեր եղբայրներին և քույրերին։ Երբ օգնում ենք ուրիշներին, տեսնում ենք, թե ինչպես է Եհովան հոգում հավատակիցների մասին՝ տալով նրանց այն, ինչ անհրաժեշտ է»։

Մինչ այժմ Լեհաստանի եղբայրները պատրաստել են ավելի քան 23 000 ծանրոցներ՝ ուտելիքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլ անհրաժեշտ իրերով լի։

Լեհաստանի փոքրիկները իրենց ծնողների հետ JW Language և JW Library հավելվածների օգնությամբ ուկրաիներենով բացիկներ են գրում իրենց հավատակիցներին և դնում ծանրոցների մեջ

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի հոգալ Ուկրաինայի մեր եղբայրների և քույրերի մասին իր ծառաների միջոցով, որոնք աննախադեպ առատաձեռնություն են դրսևորում (Առակներ 11։24; Հռոմեացիներ 12։13