Անցնել բովանդակությանը

Կանադայի Իկալուիտ քաղաքի նոր Թագավորության սրահը։ Այս տարածքը այնքան հեռավոր է, որ եղբայրները նախ հավաքեցին շինանյութը Օնտարիոյի համաժողովների սրահում, ապա բեռնատար նավով ուղարկեցին շինհրապարակ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2022
ԿԱՆԱԴԱ

Նոր Թագավորության սրահ՝ Կանադայի «ձկնառատ վայրում»

Նոր Թագավորության սրահ՝ Կանադայի «ձկնառատ վայրում»

Եհովայի վկաների «Իկալուիտ» ժողովը, որը գտնվում է Կանադայի Նունավուտ նահանգի Իկալուիտ քաղաքում, բացեց իր առաջին Թագավորության սրահի դռները։ Շինարարության կամավորները 50 հոգու համար նախատեսված այս Թագավորության սրահի շինարարությունը ավարտեցին 2022 թ. հոկտեմբերի 14-ին։ Հանդիպումների այս նոր վայրը Կանադայի հյուսիսում գտնվող ամենահեռավոր Սրահն է։ «Իկալուիտ» ժողովը կազմավորվել է 2010 թ.-ին։ Այն իր հանդիպումները անցկացնում էր դպրոցի մարզադահլիճում։

Շինանյութի բեռնաթափում՝ տեղատվության ժամանակ

Շինարարական նախագիծը, որը համավարակի պատճառով երկու տարով հետաձգվեց, մի քանի կազմակերպչական խնդիրների բախվեց։ Իկալուիտը, որը թարգմանաբար նշանակում է «ձկնառատ վայր», գտնվում է Ֆրոբիշեր ծոցում՝ Բաֆինի երկիր կոչվող կղզում։ Այնտեղ կարելի է հասնել միայն օդային կամ ծովային ճանապարհով։ Բացի այդ՝ այդ տարածքում հնարավոր չէ շինանյութ ձեռք բերել, ուստի անհրաժեշտ գործիքներն ու նյութերը պետք է շինհրապարակ հասցվեին նավի միջոցով։ Իսկ եղանակային պայմանների պատճառով շինարարական աշխատանքները հնարավոր էր իրականացնել միայն օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Շինարարության ուրախ կամավորներ

Եղբայրները Օնտարիոյի համաժողովների սրահում 127 տոննա շինանյութ և գործիքներ հավաքեցին։ Ապա դրանք տեղավորեցին ծովային 12 կոնտեյներների և բեռնափոխադրման 3 խոշոր արկղերի մեջ և ուղարկեցին Քվեբեկի Մոնրեալ քաղաքի մոտակայքում գտնվող նավահանգիստ։ Այնուհետև բեռները նավով ճանապարհ ընկան. հատեցին Սուրբ Լավրենտիոս ծոցը, դուրս եկան Ատլանտյան օվկիանոս և վերջապես հասան Ֆրոբիշեր ծոց։ Քանի որ այս ծոցում խոշոր նավերի համար նախատեսված նավահանգիստ չկա, կոնտեյներները տեղափոխվեցին հարթ հատակով, ոչ ինքնագնաց նավերի մեջ։ Վերջիններս քարշակ նավերով փոխադրվեցին ծանծաղ ջրերի միջով։ Ապա տեղատվության ժամանակ կոնտեյներները ամբարձիչների միջոցով ցամաք իջեցվեցին։

Թագավորության սրահը կառուցված է առաջադեմ շինարարական ստանդարտների համապատասխան, ինչի շնորհիվ շինությունը կարող է դիմանալ Իկալուիտի սառնամանիքներին։ Այնտեղ ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է -30°C (-22°F)։

Նախագծի համար 6 շրջաններից այս հեռավոր տարածք էին եկել շինարարության մոտ 40 կամավորներ։ Կամավորներից մեկը՝ եղբայր Ջեյսոն Մակ-Գրեգորը, ասել է. «Ո՛չ շինանյութը հեռավոր հյուսիս հասցնելու խնդիրը, ո՛չ էլ չնախատեսված դժվարությունները խոչընդոտ չեղան Եհովայի համար։ Նախագծի ամենօրյա առաջընթացը տեսնելը զորացնում էր մեր հավատը»։

Մենք միանում ենք Կանադայի մեր հավատակիցների ուրախությանը այս նոր Թագավորության սրահի առիթով։ Թող որ «ձկնառատ վայրում» կառուցված այս շինությունը խթան դառնա «մարդկանց ձկնորսներ» լինելու կենսական գործին (Մատթեոս 4։19, ծնթ.)։