ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2017
ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում Վկաները փախչում են զինված հակամարտությունների գոտիներից
ԴՈՒԱԼԱ, Կամերուն։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության որոշ մասերում կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա աճող բռնարարքների պատճառով Եհովայի վկաները ստիպված են փախչել հարևան երկրներ՝ Կամերուն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ նրանց ընդունում և հոգ են տանում իրենց հավատակիցները։
Այն բանից հետո, երբ 2017թ. հուլիսի 13-ին բռնության ալիք բարձրացավ, մոտ 15 Եհովայի վկաներ իրենց ընտանիքներով, որոնց մեջ նորածին երեխա կար, փախան Կամերունի արևելքում գտնվող Մբայ Մբոում գյուղ։ Հաջորդ շաբաթ մեկ այլ հակամարտության պատճառով, որի ժամանակ զինված խմբավորումները տներ այրեցին, Բանգասուից (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն) փախած մոտ 60 Եհովայի վկաներ ապաստան գտան իրենց հավատակիցների մոտ սահմանակից Նդու փոքր քաղաքում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում Եհովայի վկաների խոսնակ Ժան-Բեռնար Ֆայանգան ասում է. «Ուրախ ենք, որ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք չի զոհվել այս հակամարտությունների հետևանքով։ Մենք սերտորեն համագործակցում ենք Կամերունի և Կոնգոյի մասնաճյուղերի հետ, որպեսզի այդ տարածաշրջանում մոբիլիզացնենք աղետից տուժածներին օգնելու կոմիտեները ՝ հավատակիցներին խմելու ջուր, սնունդ, համապատասխան կացարան, ինչպես նաև հոգևոր աջակցություն տրամադրելու համար»։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը աջակցում է աղետից տուժածներին օգնելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Կամերուն: Ժիլ Մբա, +237-6996-30727
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն։ Ժան-Բեռնար Ֆայանգա, +236-7575-1605