ԱՊՐԻԼԻ 12, 2022
ԿՈԼՈՒՄԲԻԱ
Արդեն 100 տարի է՝ Եհովայի վկաները քարոզում են Կոլումբիայում
2022 թ.-ին լրացավ Կոլումբիայում Եհովայի վկաների գործունեության 100 տարին։ a
1922 թ.-ին Էլիոդորո Էռնանդեսը, ով կանոնավորաբար կարդում էր Աստվածաշունչը, իր ընկերներից մեկից, ով Եհովայի վկա չէր, «Դիտարան» ամսագրի մի քանի օրինակ ձեռք բերեց։ Էլիոդորոն միանգամից հասկացավ, որ գտել է ճշմարտությունը, և սկսեց այդ մասին պատմել ուրիշներին։ Մոտ երկու տարի քարոզելուց հետո նա հանդիպեց Խուան Էստուպինյանին, և նրանք սկսեցին միասին քարոզել բարի լուրը։ Հետագայում՝ 1932 թ.-ին, երկուսն էլ մկրտվեցին։
Ավելի ուշ Դիտարանի ընկերությունը այս եղբայրներին ուղարկեց ձայնագրություններ լսելու համար նախատեսված մի սարք։ Դրա միջոցով նրանք Անդյան լեռերում սփռված բնակավայրերում ապրող մարդկանց համար աստվածաշնչյան ելույթներ էին միացնում, ինչպես օրինակ՝ «Երրորդության ուսմունքը քողազերծված է» և «Աշխարհի վերջը»։ Այդ տարածքներում կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ուներ, ինչի պատճառով եղբայրները երբեմն հակառակության էին բախվում։
1945 թ.-ին «Գաղաադն» ավարտած միսիոներներ եկան Կոլումբիա։ Նրանցից մեկը՝ եղբայր Օլաֆ Օլսոնը, իր կենսագրության մեջ հետևյալն ասաց. «Այստեղ Եհովայի շատ գառներ կան, և մենք երախտապարտ ենք, որ հնարավորություն ունենք գտնել և կերակրել նրանց»։
Քարոզչական գործը առաջ տանելու նպատակով 1946 թ. մայիսի 1-ին Կոլումբիայում մասնաճյուղ բացվեց։ Եղբայր Արթուր Գրինը՝ այդ մասնաճյուղի առաջին ծառայողը, գրել է. «Եհովայի հզոր ոգու շնորհիվ Կոլումբիայում հաստատվեց մաքուր երկրպագությունը»։
Այսօր Կոլումբիայում ծառայում են 190 000 նախանձախնդիր քարոզիչներ։
Կոլումբիան հայտնի է իր բերրի հողերով և թանկարժեք քարերով։ Բայց իրական հարստությունը մարդիկ են՝ «ցանկալի գանձերը», որոնց Եհովան ձգում է դեպի իրեն։ Մենք ցնծում ենք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օրհնում քարոզչական գործը և իր «տունը փառքով լցնում» (Անգե 2։7)։
a 1931 թ.-ից Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին կոչվել Եհովայի վկաներ։