ՀՈՒՆԻՍԻ 9, 2021
ԿՈԼՈՒՄԲԻԱ
Կոլումբիայի Սահմանադրական դատարանը ճանաչում է հասուն անչափահասի դավանանքի ազատության իրավունքը
2021 թ. ապրիլի 7-ին Կոլումբիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հօգուտ մի Եհովայի վկայի, որով ճանաչեց հասուն անչափահասի՝ բուժմեթոդ ընտրելու վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Այս դեպքում պացիենտը խնդրել էր այնպիսի բուժմեթոդ կիրառել, որը բացառում էր արյան փոխներարկումը։ Սահմանադրական դատարանը նաև ընդունեց, որ հասուն անչափահասների կողմից ստորագրված լիազորագրերը իրավական ուժ ունեն, և որ այդ անչափահասների ծնողները չեն հրաժարվում իրենց երեխաներին բուժօգնություն տրամադրելուց։
2020 թ. մայիսի 27-ին քույր Դանիելա Կաիսեդոյի մոտ, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, ախտորոշվեց B բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեմիա։ Բուժանձնակազմը ցանկանում էր քիմիաթերապիայի հետ արյան փոխներարկում կատարել։ Չնայած իր թույլ վիճակին՝ Դանիելան բուժանձնակազմին հարգալից ձևով բացատրեց, որ Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատալիքների պատճառով հրաժարվում է արյան փոխներարկումից (Գործեր 15:29)։
2020 թ. հունիսի 24-ին Կոլումբիայի Ընտանեկան բարեկեցության ինստիտուտը բուժանձնակազմին լիազորություն տվեց՝ Դանիելային արյան փոխներարկում կատարելու՝ չնայած վերջինիս՝ դեմ լինելու հանգամանքին։ Այդ ինստիտուտը նաև պահանջեց հոգեբանական գնահատում կատարել։ Հոգեբանական գնահատման գործընթացում մեր քույրը փաստեց, որ իր մտավոր և էմոցիոնալ հասունությունը թույլ է տալիս որոշելու, թե որ բուժմեթոդը ընդունի կամ մերժի։ Հոգեբանական գնահատման գործընթացը նաև հաստատեց, որ արյան փոխներարկումից հրաժարվելու որոշումը Դանիելան կայացրել է ոչ թե հարկադրաբար, այլ իր կրոնական համոզմունքներից ելնելով։
Ստորին ատյանի դատարանի դատավորը պաշտպանեց նրա իրավունքը՝ որպես հասուն անչափահաս հրաժարվելու արյան փոխներարկումից։ Սակայն վերաքննիչ դատարանը վճռեց, որ եթե բժիշկն այն կարծիքին է, որ փոխներարկումներն անհրաժեշտ են, ապա դրանք կարող են արվել։ Ծնողների աջակցությամբ Դանիելան որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ պաշտպանելու արյան փոխներարկումից հրաժարվելու իր իրավունքը։
Իր վճռում Սահմանադրական դատարանը պաշտպանեց Դանիելայի իրավունքները՝ ընդունելով այն փաստը, որ դավանանքի ազատությունը «պաշտպանում է անհատի՝ Աստծու հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և իր հավատը դրսևորելու իրավունքը»։ Բացի այդ՝ այն նշեց, որ Դանիելային հարկադրաբար արյուն փոխներարկելու դեպքում նա կկորցնի Աստծու առաջ ունեցած իր մաքուր խիղճը, ինչպես նաև կոտնահարվեն նրա իրավունքներն ու արժանապատվությունը։ Դատարանը նաև ճանաչեց նրա՝ առանց արյան փոխներարկման այլընտրանքային բուժօգնություն ստանալու իրավունքը։
Այս կարևոր որոշումը հաստատում է, որ առողջապահական ոլորտի մասնագետները պարտավոր են հարգել հասուն անչափահաս Վկաների՝ բուժմեթոդի ընտրության իրավունքը, որը բխում է նրանց կրոնական համոզմունքներից։ Այս գործում ներգրավված փաստաբաններից մեկն ասաց. «Սահմանադրական դատարանը ընդունեց, որ հասուն անչափահասների կյանքի հիմնարար իրավունքը չի կարող առանձնացվել մարդկային արժանապատվությունից: Այդ պատճառով, որպեսզի հասուն անչափահաս երեխան կարողանա ունենալ արժանապատիվ կյանք, նրա կրոնական համոզմունքները պետք է հարգվեն, նույնիսկ եթե դատավորները կամ բժիշկները համամիտ չեն դրանց»։
Լսելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Դանիելան ասաց. «Ամենից շատ ինձ ուրախացնում է այն, որ փառաբանվում է Եհովայի անունը։ Տեղի ունեցածն ինձ սովորեցրեց, որ Եհովան կարող է ցանկացած փորձություն վերածել առիթի՝ փաստելու, թե որքան ենք սիրում նրան»:
Դանիելայի առողջությունը կայուն է, և նա շարունակում է որակյալ բուժում ստանալ: 2021 թ. օգոստոսին նա ռահվիրայական դպրոց է հաճախելու: Մեր Աստված Եհովան շատ է ուրախանում, երբ տեսնում է, թե ինչպես են երիտասարդներն իրենց վարքով պատվում իրեն (Սաղմոս 148։12, 13)։