Անցնել բովանդակությանը

Էմբերա (չամի) և գուամբիանո լեզուներով խոսող եղբայրներն ու քույրերը դիմավորում են համաժողովի ներկաներին։ Ձախ կողմում (վերևում)՝ էմբերա (չամի) լեզվով խոսող տասներկուամյա Հենրի Կարրասկոն մկրտվում է: Ձախ կողմում (ներքևում)՝ երկու եղբայրներ թարգմանում են համաժողովի ծրագիրը գուամբիանո լեզվով

ՀՈՒՆԻՍԻ 9, 2023
ԿՈԼՈՒՄԲԻԱ

Յուրահատուկ համաժողով՝ գուամբիանո և էմբերա (չամի) լեզուներով

Յուրահատուկ համաժողով՝ գուամբիանո և էմբերա (չամի) լեզուներով

2023 թ. մարտի 26-ին՝ կիրակի, Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցավ եզակի, բազմալեզու համաժողով: Առաջին անգամ էր, որ իսպաներեն շրջանային համաժողովի ծրագիրը միաժամանակ թարգմանվեց գուամբիանո և էմբերա (չամի) բնիկների լեզուներով։ Համաժողովին ներկա էր ավելի քան 1 600 մարդ։ Նրանց թվում էին գուամբիանո լեզվով խոսող 48 և էմբերա (չամի) լեզվով խոսող 78 մարդիկ։

Ներկայումս Կոլումբիայում գուամբիանո լեզվով խոսում են ավելի քան 21 000 բնիկներ, իսկ էմբերա (չամի) լեզվով՝ ավելի քան 77 000։ Նախկինում Կոլումբիայի համաժողովների սրահները չունեին համապատասխան տեխնիկա, որպեսզի միաժամանակ թարգմանություններ արվեին։ Ուստի այս համայնքների ներկայացուցիչները մասնակցում էին իսպաներեն համաժողովներին, չնայած որ լավ չէին հասկանում այն։

Երբ այս համայնքների ընտանիքները լսեցին համաժողովի մասին, անմիջապես սկսեցին խնայողություններ անել ճանապարհորդության համար։ Կարրասկոների ընտանիքի ութ անդամները հենց այդպես վարվեցին։ Նրանք շատ հեռու են ապրում համաժողովների սրահից։ Կարրասկոները այնտեղ հասնելու համար պետք է երեք ժամ քայլեին, այնուհետև 12 ժամ ավտոբուսով ճանապարհ անցնեին։ Սակայն այդ հեռավորությունն ու ծախսերը չթուլացրին նրանց խանդավառությունը։ Նրանք սկսեցին ամիսներ առաջ պատրաստվել։ Ճանապարհորդության ծախսերը ծածկելու համար Կարրասկոները իրենց մշակույթին հատուկ ձեռագործ աշխատանքներ էին պատրաստում և վաճառում։ Համաժողովի ընթացքում նրանց 12-ամյա որդին՝ Հենրին, մեկն էր այն երկու էմբերախոս (չամի) քարոզիչներից, ովքեր մկրտվեցին։ Նրանցից բացի՝ մկրտվեցին նաև գուամբիանո լեզվով խոսող երկու հոգի։

Էմբերախոս (չամի) և գուամբիանախոս եղբայրներն ու քույրերը լսում են ծրագիրը իրենց մայրենի լեզվով

Քույր Ադրիանին Մորալեսը, ով համաժողովի գուամբիանո լեզվի թարգմանիչներից մեկն էր, ասաց. «Շատ հաճելի էր, որ համաժողովը թարգմանվեց իմ լեզվով։ Ես անչափ ուրախ էի, որ ներկաները իրենց մայրենի լեզվով լսեցին Եհովայի ձայնը»։

Մեկ այլ թարգմանիչ էլ՝ Դիոմեդես Վելասկոն, ասաց. «Երբ իմացա, որ համաժողովին պետք է թարգմանեմ, շատ վախեցա։ Բայց երբ տեսա, թե Եհովան ինչ ահռելի բաներ է անում բնիկների համար, քաջությամբ լցվեցի։ Եհովայից ստացած այս հանձնարարությունը մեծ պատիվ էր ինձ համար»։

Որքա՜ն հրաշալի է տեսնել, որ բոլոր լեզուներով խոսող մարդիկ ասում են. «Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը» (Եսայիա 2։3