ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2022
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվում է Բեթելի նոր շինությունների շինարարությունը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լուբումբաշի քաղաքում կառուցվում է շինություն, որը կծառայի որպես հիմնական մասնաճյուղ։ Ակնկալվում է, որ 2022 թ. մայիսին 260 բեթելցիներ կտեղափոխվեն այդ նոր շինություն, սակայն 131 բեթելցիներ դեռևս կմնան Կինշասա քաղաքի ներկայիս մասնաճյուղում։ a Շինարարություն է իրականցվում նաև Կինշասա քաղաքի մասնաճյուղի մոտակայքում. այնտեղ կառուցվում են հավելյալ բնակելի և գրասենյակային շենքեր։ Ակնկալվում է, որ 2024 թ. հունվարին 48 բեթելցիներ կտեղափոխվեն այդ շենք։ Այս երկու շինություններն էլ կնպաստեն Կոնգոյում աստվածապետական գործունեության աճին։
2021 ծառայողական տարվա ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվող մեր հավատակիցները անցկացրել են ավելի քան 250 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Հիշատակի երեկոյին ներկա է եղել ավելի քան 1 մլն մարդ։ Այս պահին Կինշասայի մասնաճյուղում ծառայում են 394 բեթելցիներ։
Քանի որ Կինշասայում մասնաճյուղը ընդլայնելը գրեթե անհնար էր, եղբայրները սկսեցին փնտրել հարմար տարածք այլ քաղաքներում։ Նրանք Լուբումբաշիում գտան հարմար տարածք, որտեղ հնարավոր կլիներ կառուցել մասնաճյուղ և ապագայում էլ՝ այլ շինություններ։
Լուբումբաշիի տարածքը 2 300 կմ (1 429 մղոն) հեռու է գտնվում Կինշասայից։ Այն ընդգրկում է 12 հեկտար (30 ակր) տարածք և ներառում է բնակավայրեր, գրասենյակներ, պահեստ և բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ ճաշասենյակով և հանգստի գոտիներով:
Շինարարությունը սկսվել էր 2020 թ. նոյեմբերին, սակայն COVID-19 համավարակի պատճառով բազմաթիվ խոչընդոտներ առաջացան։
Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ռոբերտ Էլոնգոն ասում է. «Սահմանները փակ էին։ Լրջորեն դժվարացել էր շինանյութի մատակարարումը, ինչը ազդեց ծրագրի սկզբնական փուլի վրա»։
Այնուամենայնիվ, Եղբայր Էլոնգոն ասում է. «Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք իրականացրինք ծրագրի նախնական փուլի 40 տոկոսը»։
Հստակ է, որ Եհովան օրհնում է այս շինարարական նախագիծը։ Վստահ ենք, որ Քրիստոսի երկրային «ունեցվածքի» այս համալրումը Աստծու ժողովրդին օգուտներ կբերի, իսկ Եհովայի անվանը՝ փառք (Մատթեոս 24։47)։
a Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (Կինշասա) մասնաճյուղը վերահսկում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Կոնգոյի Հանրապետությունում իրականացվող քարոզչական գործունեությունը։