Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 24, 2020
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կոնգոյի Վկաները տոկում են համավարակի, ջրհեղեղների և զինված ընդհարումների ներքո

Կոնգոյի Վկաները տոկում են համավարակի, ջրհեղեղների և զինված ընդհարումների ներքո

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Կոնգոյի Հանրապետության մեր հավատակիցները այս համավարակի ընթացքում դժվարություններ են կրում նաև ջրհեղեղների և զինված ընդհարումների պատճառով։ Կոնգոյի մասնաճյուղը (Կինշասա), որը կազմակերպում է այս երկու երկրներում իրականացվող քարոզչական գործը, միջոցներ է ձեռնարկել, որպեսզի մեր հավատակիցներին տրամադրվի նյութական և հոգևոր օգնություն։ Մասնաճյուղի հոգածության ներքո կազմվել է աղետից տուժածներին օգնելու 57 կոմիտե։ Ավելի քան 90 000 եղբայրների ու քույրերի սնունդ է տրամադրվել։

2020 թ. ապրիլի 16-ին և 17-ին՝ հորդառատ անձրևներից հետո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան շրջաններում ջրհեղեղներ եղան, և 139 քարոզիչներ տարհանվեցին։ Նրանց ապաստան տվեցին իրենց հավատակիցները։ Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները ամեն ինչ անում են, որ տարհանված մեր հավատակիցների համար ժամանակավոր և մշտական կացարաններ գտնեն։

Մեր եղբայրներն ու քույրերը առատաձեռնորեն աջակցել են այս կոմիտեներին։ Մի տարածքում նրանք հավաքել էին 700 կգ (1 543 ֆունտ) բանան, 400 կգ (882 ֆունտ) եգիպտացորեն ու 220 կգ (485 ֆունտ) մանիոկա և մանիոկայի տերևներ։

Մի ժողովից 60 քարոզիչներ ապաստան տրամադրեցին պատերազմական գոտիներից փախած մեր 50 եղբայրներին։ Նրանք իրենց ունեցած սննդից բաժին հանեցին իրենց հավատակիցներին, մինչև որ աղետից տուժածների կոմիտեն օգնության հասավ։

Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքում՝ Բրազավիլում բնակվող ընտանիքներից մեկի հայրը պատմեց, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ իրենց սնունդ են տրամադրել. «Մի ակնթարթում կյանքդ կարող է կտրուկ փոխվել։ Ես աշխատանք ունեի, կինս էլ ժամանակավորապես երկու տեղ էր աշխատում։ Միասին կարողանում էինք մեր հիմնական կարիքները հոգալ։ Սակայն COVID-19 համավարակի բռնկումից հետո մենք այլևս եկամտի աղբյուր չունեինք։ Չնայած դրան՝ մենք չկորցրինք մեր վստահությունը Եհովայի հանդեպ։ Մինչ քննարկում էինք, թե ինչ ենք անելու, երբ մեր պաշարները սպառվեն, Եհովան միջամտեց»։

Քույր Մբուի Էսթերը, որն ապրում է Կինշասայում և այրի է, ասաց. «Մի ամիս առաջ կորցրի ամուսնուս և ծայրահեղ կարիքի մեջ էի։ Երեք երեխա ունեմ, որոնց պետք է կերակրեմ, սակայն եկամտի ոչ մի աղբյուր չունեմ։ Մենք երբեք չէինք կարողանա այսքան սնունդ հայթայթել։ Շնորհակալ եմ, Եհո՛վա»։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի հոգալ մեր հավատակիցների կարիքները և օրհնի նրանց օգնություն տրամադրելու մեր ջանքերը։ Նաև անհամբեր սպասում ենք այն ժամանակներին, երբ երկրի վրա առատություն կլինի (Սաղմոս 72:16):