ՄԱՅԻՍԻ 2, 2019
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մահացու Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ քաղաքական խռովություններ են, 2018 թ. օգոստոսից մոլեգնում է Էբոլա վիրուսը։ Արձանագրվել է այդ տենդով վարակվելու 1 088 դեպք, որոնցից 665-ը մահացու ելք են ունեցել Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգներում։ Ցավոք, Էբոլան չի խնայել նաև մեր եղբայրներին։ Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղը տեղեկացնում է, որ Եհովայի վկաների թվում այդ հիվանդությունից մահացել են տասը չափահասներ և երկու երեխաներ։ Իսկ մի եղբայր վարակվել էր Էբոլայով, սակայն հետո ապաքինվել էր։
Կոորդինատորների կոմիտեի հավանությամբ՝ Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղը հատուկ տեսանյութ և ելույթ է պատրաստել, որպեսզի հիվանդության կանխարգելման վերաբերյալ եղբայրներին գիտելիքներ տա։ Տեսանյութում գործնական խորհուրդներ են տրվում, օրինակ՝ ձեռքերը լվանալու համար ջրով լցված տարաներ տեղադրելու մասին։ Բոլոր ժողովներն արդեն կիրառել են տրված խորհուրդը։ Այդ գործնական քայլերը օգնել են նվազեցնելու Էբոլայի տարածման հավանականությունը։ Արդյունքում՝ երկու բուժաշխատողներ մղվել են շնորհակալական նամակներ ուղարկելու մասնաճյուղ՝ գովելով Եհովայի վկաներին այդ հիվանդության բռնկման ժամանակ իրենց դրսևորած օրինակելի վարքի և համագործակցության համար (Մատթեոս 5:16)։
Շատ քաղաքներում մեր եղբայրները շաբաթներ շարունակ իրենց տներում կարանտինի մեջ են եղել։ Այս վտանգավոր ժամանակներում Էբոլայի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով մասնաճյուղը խնդրել է 12 շրջանների հետաձգել իրենց տարածաշրջանային համաժողովները։ Եղբայրներին հոգևոր սնունդ տալու համար մասնաճյուղը միջոցներ է ձեռնարկել, որ տուժած ժողովները համաժողովի ծրագրի տեսագրությունը դիտեն իրենց Թագավորության սրահներում։
Մենք աղոթում ենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվող մեր եղբայրների և քույրերի համար։ Մեզ քաջություն է տալիս աստվածաշնչյան հույսն այն մասին, որ ապագայում հիվանդություններ այլևս չեն լինի (Եսայիա 33:24)։