ՄԱՐՏԻ 12, 2015
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը արգելում է կրոնական խտրականությունը դպրոցներում
«Խտրականության և անհավասարության դեմ պայքարը ազգային կրթության հիմնասյուներից է»։ (Կրթության նախարարության քարտուղարություն, հունիսի 12, 2014)
Տարիներ շարունակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Վկա երեխաներին հեռացնում էին այլ կրոնական կազմակերպությունների կողմից հովանավորվող դպրոցներից, քանի որ նրանք չէին մասնակցում կրոնական ծրագրերին։ Սա խնդիր է դարձել, քանի որ դպրոցները իրենց ներքին կանոնները ավելի բարձր են դասել պետության կողմից սահմանված կարգից և անտեսել են Վկա աշակերտների իրավունքները։ Կոնգոյի իշխանությունները տեսան անարդարությունը և հաստատեցին խտրականությունից զերծ կրթություն ստանալու երեխաների իրավունքը։
Եկեղեցու կողմից հովանավորվող դպրոցները հետևում են միայն իրենց կանոններին
Կրոնական կազմակերպությունները Կոնգոյի իշխանությունների հետ համաձայնություն են կնքել հովանավորելու այն հասարակական դպրոցները, որոնք կարիքի մեջ են։ Համաձայնության մեջ հստակ նշվում է, որ «երեխաները պետք է պաշտպանված լինեն այնպիսի արարողություններից, որոնք հրահրում են կրոնական խտրականություն և անհանդուրժողականություն»։ Սակայն եկեղեցու կողմից հովանավորվող դպրոցներում հաճախ կան այնպիսի կանոններ, որոնք պահանջում են աշակերտներից հաճախել և մասնակցել կրոնական ծրագրերին։ Մի շարք դպրոցներ պարտադրում են իրենց կանոնները՝ անտեսելով և՛ կառավարության հետ ունեցած համաձայնագիրը, և՛ աշակերտների դավանանքի ազատության իրավունքը։
Խնդիրը ջրի երես դուրս եկավ 2005-ին, երբ 52 Վկա աշակերտների հեռացրին Աբումոմբազիում գտնվող եկեղեցու կողմից հովանավորվող դպրոցից (Հասարակածային նահանգ), քանի որ նրանք խնդրել էին իրենց ազատել դպրոցի կողմից կազմակերպված կրոնական արարողություններից։ Խնդիրը բարդացավ, երբ այլ նահանգներում նման դպրոցները հետևեցին այդ օրինակին։ Ժամանակի ընթացքում տարբեր դասարաններից, այդ թվում՝ ավարտական, ավելի քան 300 Վկա աշակերտներ հեռացվեցին դպրոցներից։
2009-ին ապօրինաբար դպրոցից հեռացվելուց հետո 13-ամյա Կանյերե Նդավարոն գրեց. «Ես շատ տխուր եմ ինձ հետ պատահածի համար։ Չգիտեմ, թե ինչ կլինի իմ ապագան»։ Կամբերե Մաֆիկա Ջասթինը, ում հեռացրին դպրոցից 2010-ին, երբ արդեն պետք է ավարտեր, ասաց, որ իր կյանքում ասես «ամեն բան շուռ եկավ»։ Թեպետ աշակերտները տխուր էին, որ զրկվել էին ուսում ստանալու կամ կրթության վկայական ունենալու հնարավորությունից, սակայն վճռական էին փոխզիջումների չգնալ իրենց կրոնական համոզմունքների հարցում։
Կոնգոյի իշխանությունը պաշտպանեց կրոնի ազատությունը
Հեռացված աշակերտների ծնողները հանդիպեցին դպրոցի տնօրինությանը խնդիրը լուծելու համար, բայց արդյունքի չհասան։ Հետևաբար նրանք դիմեցին կառավարությանը և հանդիպեցին անկողմնակալ պաշտոնյաների, որոնք պատրաստ էին քայլեր ձեռնարկել կրոնական խտրականությանը վերջ դնելու համար։
2011-ին Հյուսիսային Կիվու նահանգի կրթության նախարար տիկին Բազիզանե Մահեշեն «Կրոնական խտրականության դեմ արգելք» վերնագրով մի թերթիկ հրատարակեց, որտեղ այդ իրավիճակը նկարագրվում էր որպես «դատապարտելի մի բան»։ Թերթիկում այդ խնդրի մասին հստակ նշվում էր. «Որոշ դավանանքների հարող աշակերտների նկատմամբ դրսևորվում է խտրականություն՝ ելնելով դպրոցում գործող կանոններից, որոնցով անտեսվում են ԿԴՀ-ում գործող իրավական նորմերը»։
Խնդիրը ազգային ուշադրության արժանացավ 2013-ի սեպտեմբերի 4-ին, երբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կրթության նախարարը՝ Մվանգու Ֆամբան, հրաման հրատարակեց, որը վերաբերվում էր բոլոր նահանգների դպրոցներին անխտիր։ «Կրոնական խտրականության դեմ արգելք» թերթիկում միանշանակ նշվում էր. «Բոլոր երեխաները իրավունք ունեն գնալու ցանկացած դպրոց առանց կրոնական հիմքով խտրականության»։ Թերթիկում նաև նշվում էր, որ կրոնի պատճառով աշակերտներին հեռացնելը «միանգամայն խախտում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող չափանիշներն ու օրենքները»։
Շատ դպրոցներ կիրառեցին այդ ցուցումները և Վկա երեխաներին կրկին ընդունեցին դպրոց։ Սակայն որոշ դպրոցներ հրաժարվեցին ենթարկվել դրանց։ Այսպիսով՝ 2014-ի հունիսի 12-ին Կրթության նախարարությունը մի հուշագիր հրատարակեց, որով գործողության մեջ էր դրվում 2013-ի սեպտեմբերի հրամանը և հղում էր արվում ԿԴՀ-ի նախագահի կողմից ստորագրված կրթության մասին նոր օրենքին։ * Այս հուշագիրը ուղղված էր խնդրի բուն պատճառին։ Այնտեղ ընդգծվում էր խտրականության դեմ պայքարի կարևորությունը և շեշտվում էր ներպետական ու միջազգային օրենքների ավելի բարձր իրավաբանական ուժը՝ համեմատած դպրոցների ներքին կանոնակարգին։ Կրթության նախարարը նաև նշանակեց տեսուչների, ովքեր պետք է այցելեին բոլոր դպրոցներ՝ ստուգելու, որ նրանք գործում են այդ հրամանի համաձայն։ Անկասկած, կառավարության ձեռնարկած այս միջոցները կբերեն երկարատև դրական արդյունքներ։
Օգուտներ շատերի համար
Քանի որ Կոնգոյի դպրոցները գործում են օրենքի համաձայն, բոլոր աշակերտները կարող են ակնկալել, որ կստանան կրոնական անհանդուրժողականությունից զերծ կրթություն։ Աշակերտները կսովորեն հարգել բոլոր մարդկանց՝ անկախ նրանց համոզմունքներից։ Այդպես վարվելով՝ Կոնգոյի դպրոցները ոչ միայն կվարվեն ԿԴՀ-ի Սահմանադրության և կրթության նախարարի հրամանի համաձայն, այլև արդարություն գործադրելու հարցում օրինակ կհանդիսանան գալիք սերնդի համար։
^ պարբ. 12 Թիվ 014/004/2014. «Կրթության մասին նոր օրենքը.... ազատություն է տալիս ծնողներին իրենց երեխաների համար ընտրելու ցանկացած դպրոց.... Խտրականության և անհավասարության դեմ պայքարը ազգային կրթության հիմնասյուներից է»։