Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 18, 2018
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Կոնգոյի հյուսիսարևելյան մասում բնակվող մեր եղբայրները փախչում են զինված հակամարտության պատճառով

Կոնգոյի հյուսիսարևելյան մասում բնակվող մեր եղբայրները փախչում են զինված հակամարտության պատճառով

2017 թ. դեկտեմբերից սկսած՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգի Հեմա և Լենդու համայնքներում ընթացող ներքին բախումների զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ, իսկ տասնյակ հազարավորներ փախուստի են դիմել։ Մեր եղբայրներն ու քույրերը նույնպես տուժել են բռնության թեժացման պատճառով։

Հազարավոր կոնգոլեզցի փախստականներ, այդ թվում՝ 192 քարոզիչներ, ովքեր ապրում են Կոնգոյի սահմանի մոտ գտնվող փախստականների երկու ճամբարներում, փախել են Ուգանդա։ Իսկ 2018 թ. հունիսի տվյալներով ևս 1 098 Վկաներ հակամարտության գոտուց փախել են Բունիա՝ Իտուրի նահանգի մայրաքաղաք։ Ցավոք, մի ամուսնական զույգ, ինչպես նաև երեք երեխաներ, որոնց ծնողները մկրտված քարոզիչներ են, մահացան առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Սակայն մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի սպանվել կատաղի բախումների ժամանակ։

Իտուրիի տարբեր վայրերից փախած լենդու լեզվով խոսող մեր եղբայրներն ու քույրերը՝ Բունիայի համաժողովների սրահի մոտ

Փախուստի դիմած շատ եղբայրների տներ թալանվել կամ ամբողջությամբ այրվել են։ Բացի այդ, ոչնչացվել է մեր հավատակիցների բերքի մեծ մասը, ինչը նրանց ապրուստի միջոցն էր։

Զինված հակամարտության հենց սկզբից այլ վայրերում ապրող քարոզիչները օգնության ձեռք են մեկնել իրենց տուժած եղբայրներին։ Ոմանք տրամադրել են իրենց փոխադրամիջոցները՝ քարոզիչներին ապահով վայր տարհանելու համար (տես սկզբի նկարը)։ Բացի այդ, Բունիայում ապրող Վկաների 205 ընտանիքներ, սուղ միջոցներ ունենալով հանդերձ, գումար, սնունդ և կացարան են տրամադրել իրենց տարհանված հավատակիցներին։ Չնայած Բունիայում կան փախստականների երկու բավականաչափ մեծ ճամբարներ, բոլոր տարհանված քարոզիչները ապաստան են գտել տեղի Վկաների տներում (Առակներ 17։17

Կոնգոյի մասնաճյուղի կոմիտեն աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորել, որը հոգ է տանում մեր եղբայրների և քույրերի ամենաանհրաժեշտ կարիքների մասին։ Նաև մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը այցելել է տուժած եղբայրներին և հոգևորապես քաջալերել նրանց։

Բունիա և այլ վայրեր փախած մեր եղբայրներն ու քույրերը, չնայած որ տարհանված են, սակայն տեղի ժողովների հետ հավաքվում են երկրպագություն անելու համար և եռանդորեն քարոզում են բարի լուրը։ 2018 թ. փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում եղբայրները Աստվածաշնչի ավելի քան 270 ուսումնասիրություն են սկսել փախստականների ճամբարում ապրողների հետ։

Մենք աղոթում ենք, որ Եհովան Կոնգոյի մեր հավատակիցներին շարունակի տալ մտքի խաղաղություն և օրհնի այն աշխատանքը, որ արվում է տուժած քարոզիչներին օգնելու համար։ Մեզնից յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ կհաստատվի Աստծու Թագավորությունը, և Եհովայի ողջ ժողովուրդը հավիտյան ապահով կբնակվի «խաղաղ բնակատեղերում» (Եսայիա 32։17, 18