Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 25, 2017
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաները մարդասիրական օգնություն են ցույց տալիս Կոնգոյում զինված հակամարտության հետևանքով տուժածներին

Եհովայի վկաները մարդասիրական օգնություն են ցույց տալիս Կոնգոյում զինված հակամարտության հետևանքով տուժածներին

Բելինդան (ազգանունը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով) իր երեք երեխաների հետ Դունդոյում (Անգոլա) գտնվող հիվանդանոցում։ Նրա ամուսինը սպանվել է Կոնգոյում, իսկ աղջիկ երեխաներից մեկը անհայտ կորել է։ Բելինդան և նրա կրտսեր աղջիկը՝ Ռիտինյան, որը 2 տարեկան է, վնասվածք են ստացել հրացանի կրակոցից, և երեխայի ոտքը ամպուտացիա է արվել։ Նրա մյուս աղջիկը վնասվածք էր ստացել մաչետեի հարվածներից

ԿԻՆՇԱՍԱ, Կոնգո։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կասայի մարզում բռնությունների ալիք է բարձրացել, ինչի հետևանքով բնակչությունը ահաբեկված է։ Եհովայի վկաները օգնություն են ցույց տալիս և հոգևորապես աջակցում են իրենց այն հավատակիցներին, ովքեր այդ բռնարարքների զոհն են դարձել։ Կոնգոյում էթնիկական բախումների, զինված աշխարհազորայինների և քաղաքական խռովությունների խառնարանի պատճառով առաջացել է փախստականների ճգնաժամ, որոնց թիվը անցնում է 1,3 միլիոնը, ներառյալ ավելի քան 30000 մարդկանց, ովքեր Կասայից փախել են հարևան երկիր Անգոլա։ Փախստականներից շատերը ենթարկվել են դաժան հարձակումների և Անգոլա հասնելուն պես բուժօգնության կարիք են ունեցել, քանի որ ստացել են այրվածքներ կամ ծանր վնասվածքներ մաչետեների հարվածներից և հրազենային փամփուշտներից։ Վերջին տվյալների համաձայն՝ Անգոլայում փախստական Եհովայի վկաների և նրանց փոքր երեխաների թիվը ավելի քան 870 է։ Նրանցից առնվազն 10-ը վնասվածքներ ունեն։ Ցավոք, ըստ տվյալների, 22 Եհովայի վկա սպանվել է։

Անգոլայում Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչը այցելում է մի խումբ երեցների, որոնք Անգոլայից և Կոնգոյից են, և որոնցից մի քանիսը փախստականներ են

«Մենք ցավում ենք, որ հակամարտության պատճառով այդքան շատ զոհեր կան։ Հատկապես ցավալի է այն, որ նրանց թվում շատ փոքր երեխաներ են,— նշում է Եհովայի վկաների՝ Կինշասայի մասնաճյուղի ներկայացուցիչ Ռոբերտ Էլոնգոն։— Ոմանք ենթարկվել են հարձակման զուտ այն պատճառով, որ մոտ են եղել այն տարածքին, որտեղ անսպասելիորեն հակամարտություն է բռնկվել։ Մենք խորապես մտահոգված ենք մեր հավատակիցների անվտանգությամբ և հորդորում ենք նրանց զգուշություն ցուցաբերել։ Անգոլայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղի աջակցությամբ մենք հնարավորինս ամեն բան անում ենք, որպեսզի անհրաժեշտ նյութական, էմոցիոնալ և հատկապես հոգևոր օգնություն տրամադրենք նրանց»։

Այն փախստականները, ովքեր զինված հակամարտությունից փախչելիս թաքնվել էին թփուտների մեջ, խրճիթ են կառուցում

Անգոլայում և Կոնգոյում Եհովայի վկաները կազմավորել են տուժածներին օգնություն ցուցաբերելու կոմիտեներ, որպեսզի լայնածավալ ու շարունակական օգնություն տրամադրեն։ Ավելի քան 31 մետրիկ տոննա (34 տոննա) նվիրաբերված իրեր, այդ թվում՝ անկողնային պարագաներ, հագուստ, սնունդ, մոծակապաշտպան ցանցեր և կոշիկներ, ինչպես նաև 525 կիլոգրամ (1157 ֆունտ) բժշկական պարագաներ են տրամադրվել փախստականներին։ Նաև փախստականների ճամբարներ այցելել է մի բժիշկ, որը Եհովայի վկա է, որպեսզի հոգ տանի 135 անհատների մասին, որոնք անհապաղ բուժօգնության կարիք ունեն։

Բացի այդ, Անգոլայի և Կոնգոյի մասնաճյուղերի ներկայացուցիչները այցելել են փախստականներին, որպեսզի հոգևորապես աջակցեն նրանց՝ այլ բաների թվում հատուկ հանդիպումներ կազմակերպելով, որոնց ժամանակ ներկայացրել են աստվածաշնչյան ելույթներ՝ համապատասխանեցված նրանց կարիքներին։ Թեև Անգոլայում հիմնական լեզուն պորտուգալերենն է, սակայն որպեսզի փախստականներն առավելագույն օգուտները քաղեն, այդ ելույթները ներկայացվել են չիլուբա լեզվով՝ Կոնգոյում խոսվող չորս հիմնական լեզուներից մեկով, ինչպես ցույց է տրված հոդվածի սկզբի լուսանկարում։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու գործին՝ օգտագործելով համաշխարհային կրթական գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Անգոլա: Թոդ Պեկհամ, +244-923-166-760

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Ռոբերտ Էլոնգո, +243-81-555-1000