ՀՈՒՆԻՍԻ 7, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամբողջ աշխարհի Բեթելներում վերսկսվում են շրջայցերը
2023 թ. հունիսի 1-ին աշխարհի տարբեր մասերում գտնվող Բեթելի շատ շինություններ կրկին բացեցին իրենց դռները՝ շրջայցերի համար։ COVID-19 համավարակի պատճառով ավելի քան երեք տարի մեր մասնաճյուղերում շրջայցերը դադարեցված էին։ Դա հատուկ օր էր Բեթելի համաշխարհային ընտանիքի և հազարավոր մարդկանց համար, ովքեր եկել էին շրջայցի։
Երբ այցելուները ժամանեցին, բեթելցիները նրանց դիմավորեցին ողջույնի պաստառներով, երգերով, ջերմ ժպիտներով և գրկախառնություններով։ Էլիս Բոթը, ով համավարակի ժամանակ է սկսել ծառայել Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունում, ասում է. «Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչպես էին բազմաթիվ բեթելցիներ, ընդունարանի դիմաց շարքով կանգնած՝ ողջույնի պաստառները ձեռքներին, սպասում այցելուներին։ Ուրախության այն բազմաթիվ արցունքները, որ տեսա, հիշեցրին ինձ, թե իրականում որքան յուրահատուկ վայր է Բեթելը»։ Ալեքսիս Ալեքսանդրը, ով ոչ լիաժամ համագործակից է, անչափ ոգևորված էր, որ մասնակցեց շրջայցի եկածներին ողջունելու և ջերմորեն հյուրընկալելու գործին։ Նա ասում է. «Իրոք առանձնահատուկ էր տեսնել, թե մեր հավատակիցները որքան են սիրում Եհովային ու նրա տունը»։
Մի-յոն Ջոն շատ ուրախ էր, որ վերջապես կարողացավ իր ութամյա որդուն՝ Յունին, բերել Հարավային Կորեայի մասնաճյուղ՝ շրջայցի։ Յունն այնքան էր ոգևորվել Բեթել գնալու կապակցությամբ, որ նախորդ գիշեր չէր կարողացել քնել։ Մի-յոնն ասում է. «Հենց արթնացանք, լսեցինք Բեթել այցելելու մասին Կարենի ու Սոնայի երգը։ Անգամ մասնաճյուղ գնալու ճանապարհին մեքենայում միացրինք այն»։ Յունին այնքան դուր եկավ շրջայցը, որ ասաց. «Դրախտ դառնալու համար Բեթելին միայն կենդանիներն են պակասում»։
Կանադայի Ալբերտա նահանգից մի երիտասարդ՝ Նոյ Ջոնսենը, ով տառապում է ողնաշարի մկանային ատրոֆիայով, միշտ ցանկացել է այցելել Նյու Յորքի (ԱՄՆ) Բեթելի մասնաշենքեր: Քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ինքնաթիռով ճանապարհորդել, Նոյի ծնողները մեքենայով մոտ 4 100 կմ (2 500 մղոն) ճանապարհ անցան, որպեսզի Ուոլքիլի Բեթելում շրջայց կատարեն։ Անդրադառնալով իր շրջագայությանը՝ Նոյն ասում է. «Այդ ամբողջը կարող եմ նկարագրել մեկ բառով՝ սեր։ Ես զգացի Եհովայի և եղբայրների սերը»։
76-ամյա Ֆյոդոր Ժիտնիկովը և նրա կինը՝ Յուլիտան, ոգևորվեցին՝ շրջելով Ղազախստանի Բեթելում գտնվող թանգարանում։ Թանգարանի մի հատվածում ներկայացված է մի քանի եղբայրների և քույրերի պատմությունը, ովքեր տասնամյակներ շարունակ հավատարմորեն դիմացել են դժվարություններին: Այս ցուցադրությունը հատկապես թանկ է Ֆյոդորի համար, քանի որ նա ծառայել է այդ հավատակիցներից շատերի հետ: Ֆյոդորը իր երախտիքի խոսքը հայտնեց ցուցասրահի համար։ Նա ասաց. «Եթե մեր եղբայրների համար կարևոր է հիշել, թե ծառայության մեջ ինչ ենք արել այս տարիների ընթացքում, ապա առավել ևս Եհովան է հիշում ու գնահատում մեզանից յուրաքանչյուրի աշխատանքը»։
Ուրախ ենք, որ ամբողջ աշխարհի Բեթելներում կարող ենք կրկին ողջունել մեր այցելուներին։ Անհամբերությամբ սպասում ենք, որ դիմավորենք հազարավոր մարդկանց (Սաղմոս 122։1)։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ մեր հավատակիցների՝ Բեթելի շինություններ և թանգարաններ կատարած շրջայցերից։
Արգենտինա
Բելգիա
Բրազիլիա
Դոմինիկյան Հանրապետություն
Էկվադոր
Ֆրանսիա
Ղազախստան
Նոր Կալեդոնիա
Նիգերիա
Հարավային Կորեա
Միացյալ Նահանգներ (Ուոլքիլ, Նյու Յորք)
Միացյալ Նահանգներ (Ուորվիք, Նյու Յորք)