ԱՊՐԻԼԻ 28, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաջին անգամ Ռահվիրայական ծառայության դպրոցը անցկացվեց վիրտուալ կերպով
Համավարակի պատճառով 2021 թ. ծառայողական տարվա Ռահվիրայական ծառայության դպրոցները առաջին անգամ անցկացվեցին տեսակապի միջոցով։ Երախտագիտությունից մղված՝ մասնակիցները ամեն ջանք ներդրեցին, որ բաց չթողնեն դպրոցի գեթ ոչ մի օր։ Ստորև բերված օրինակները ցույց են տալիս, թե Եհովան ինչպես է օգնել նրանցից ոմանց հաղթահարել առանձնահատուկ դժվարություններ և մասնակցել այդ դպրոցին։
Ճապոնիայում բնակվող քույր Միեկո Յոշինարին արդեն 30 տարի է՝ ծառայում է որպես ռահվիրա (տես բացման նկարը)։ Թեև նա լավ չի կարողանում օգտվել էլեկտրոնային սարքերից և ունի տեսողական խնդիրներ, սակայն վճռեց տեսակապով մասնակցել Ռահվիրայական դպրոցին։ Քույր Միեկոն ասում է. «Մեկնաբանություններս նախօրոք էի պատրաստում և մեծ տառերով գրում էի թղթի վրա, որ կարողանամ հեշտությամբ կարդալ։ Այս դպրոցի միջոցով Եհովան ինձ շատ զորացրեց և քաջալերեց»։
Քույր Անետա Կիրեուկեն, ով ապրում է Քենիայի՝ Նայրոբի քաղաքից ոչ հեռու գտնվող մեկ այլ քաղաքում, աշխատում է որպես կոսմետոլոգ։ Դպրոցին մասնակցելու համար նա ստիպված էր մեկ շաբաթով կանգնեցնել իր բիզնեսը։ Թեև Անետան սկզբում անհանգստանում էր, սակայն վստահ էր, որ Եհովան կօգնի։ Նա ասում է. «Ես աղոթեցի Եհովային, բեռս գցեցի նրա վրա և շարունակեցի իմ ծառայությունը»։ Դպրոցին նախորդող հանգստյան օրերին Անետան բավականին մեծ գումար վաստակեց, սակայն դեռ 30 դոլար պակասում էր իր ծախսերը հոգալու համար։ Չնայած այդ հանգամանքին՝ նա դադարեցրեց իր աշխատանքը և որոշեց մասնակցել դպրոցին։ Չորեքշաբթի Անետայի հաճախորդներից մեկը, ով պարտք էր նրան, զանգահարեց և այնքան գումար փոխանցեց Անետայի հաշվին, որը բավարար էր բոլոր ծախսերը փակելու համար։
Հոնդուրասի Յորո քաղաքում բնակվող քույր Լորեն Մադրիգալասի տանը Էտա և Յոտա փոթորիկների պատճառով մոտ մեկ մետր բարձրությամբ ցեխ էր լցվել։ Նրա ընտանիքը կորցրել էր իր ողջ ունեցվածքը և ժամանակավորապես տարհանվել։ Հենց այդ ժամանակ Լորենը ստացավ Ռահվիրայական դպրոցում սովորելու հրավեր։ Նա շատ ուրախ էր այդ առնչությամբ, սակայն անհանգստանում էր, թե արդյոք կհասցնեն մաքրել իրենց տունը։ Լորենը պատմում է. «Մենք վաղ առավոտյան սկսում էինք մաքրել և ավարտում էինք ուշ գիշերը և այդպես շատ օրեր։ Ես ուժասպառ էի։ Մտածում էի, որ դպրոցին պատրաստվելու համար ուսումնասիրություն անելու ուժ չունեմ, և ցանկանում էի մերժել հրավերը»։ Քույրը աղոթքով պատմեց Եհովային, թե ինչ դժվար իրավիճակում է հայտնվել։ Ի զարմանս Լորինի՝ դպրոցը սկսվելուց մի քանի օր առաջ աղետից տուժածներին օգնելու կոմիտեի եղբայրները օգնություն առաջարկեցին։ Այդ օգնության շնորհիվ նա հնարավորություն ունեցավ նախապատրաստվել և մասնակցել դպրոցին։
Եղբայր Սպենսեր Ստեշը և նրա կինը՝ Ալեքսանդրան, ծառայում են ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում որպես ռահվիրա։ Դպրոցին մասնակցելու հրավեր ստանալուց հետո Սպենսերի հայրը՝ Ռոբերտը, հայտնվեց հիվանդանոցում։ Սպենսերն ու իր կինը վստահ չէին, որ կկարողանան մասնակցել դպրոցին։ Սակայն Ռոբերտը նրանց խրախուսեց ընդունել հրավերը։ Ցավոք, դպրոցը սկսվելուց 2 օր առաջ նա մահացավ։ Չնայած ծանր էմոցիոնալ վիճակին՝ Սպենսերն ու Ալեքսանդրան մասնակցեցին դպրոցին՝ բաց թողնելով միայն առաջին օրը։ Ջերմեռանդորեն աղոթելը նրանց տվել էր անհրաժեշտ ուժ, որ շարունակեին ուսումը։ Սպենսերն ասում է, որ ներքուստ խաղաղ էին՝ իմանալով, որ վարվում են իր հոր կամքի համաձայն։ Նա նաև նշում է. «Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ հորս կկարողանանք ասել, որ մասնակցել ենք դպրոցին, և հետաքրքիր բաներ կպատմենք։ Շատ շնորհակալ եմ մեր համադասարանցիներին և դասավանդողներին իրենց աջակցության համար»։
Հարավային Կորեայում բնակվող եղբայր Ջունգ Դա-սիկը արդեն տասը տարի է՝ ապրում է ծերանոցում։ Կաթվածից հետո նա տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ։ Եղբայր Ջունգը նախկինում հրավիրվել էր մասնակցելու Ռահվիրայական դպրոցի, սակայն իր առողջական վիճակի պատճառով միայն մեկ օր էր հաճախել։ Երբ նա հրավեր ստացավ օնլայն մասնակցելու դպրոցին, շատ ուրախացավ։ Նա պատմում է. «Այնքան շնորհակալ էի այս առանձնաշնորհման համար, որ չկարողացա զսպել արցունքներս։ Այլ կերպ ես չէի կարողանա մասնակցել Ռահվիրայական դպրոցին։ Անչափ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել այս դասընթացին»։
Եղբայր Էդդի Էլ Բայեն և նրա կինը՝ Շերիզը, ապրում են Ավստրալիայի՝ Նոր Հարավային Ուելս նահանգում։ Շերիզն ասում է. «Այնպիսի զգացողություն ունեի, որ ծառայությունս միապաղաղ է դարձել, և տեղում դոփում եմ. ունեի հոգևոր գրաֆիկ, բայց եռանդս պակասել էր։ Սակայն Ռահվիրայական դպրոցի շնորհիվ ես տեսա, թե որ ոլորտներում կարող եմ ընդլայնել ծառայությունս նույնիսկ սահմանափակ հանգամանքներում»։ Այո՛, Ռահվիրայական դպրոցը հենց այն էր, ինչի կարիքը նա ուներ։
Էդդին նույնպես պատմում է, թե դպրոցը ինչպես է քաջալերել իրեն. «Ինձ զգում էի Ամենակարողի գրկում։ Կարծես թե նա ձեռքը դրել էր ուսիս և ասում էր. «Մի հանձնվիր, ես քեզ հետ եմ։ Ես սիրում եմ քեզ, և դու ինձ համար շատ թանկ ես»»։
Այս տարի ևս մի քանի դպրոցներ են անցկացվելու տեսակապով։ Ի՜նչ քաջալերական է տեսնել, որ Եհովան շարունակում է կրթել իր ժողովրդին՝ չնայած դժվար հանգամանքներին։ Սա մեզ հիշեցնում է Հոբի խոսքերը. «Ահա Աստված մեծափառությամբ է գործի դնում իր զորությունը, ո՞վ է նրա պես ուսուցիչ» (Հոբ 36։22)։
Հետևյալ նկարներում պատկերված են տարբեր երկրներից Ռահվիրայական դպրոցներին մասնակցած դասավանդողներ և ուսանողներ, ովքեր նույնպես օգուտներ են քաղել այս նախաձեռնությունից։
ԱՐԳԵՆՏԻՆԱ։ Ուսանողները վիրտուալ ֆոն են օգտագործում, որպեսզի ցույց տան, թե ինչպես կարելի է վկայություն տալ հանրային տրանսպորտում։
ԿԱՄԵՐՈՒՆ։ Եղբայր Գայ Լեյտոնը, ով ռահվիրայական դպրոցի դասավանդողներից է և 12 տարի է՝ ծառայում է որպես միսիոներ, ուսանողներին ցույց է տալիս Մեռյալ ծովի ձեռագրերի կրկնօրինակը։
ՀՈՒՆԱՍՏԱՆ։ Եղբայր Տակիս Պադուլասը, ով շրջանային վերակացու է Հունաստանում, դասավանդում է Ռահվիրայական դպրոցում։
ԻՏԱԼԻԱ։ Իտալիայում անգլերեն անցկացված հինգ ռահվիրայական դպրոցներից մեկը։
ՄԵՔՍԻԿԱ։ Մի քանի ռահվիրաներ, որոնք մասնակցել են Ռահվիրայական դպրոցին տզոտզիլ լեզվով թարգմանված նոր դասագրքով։ Այս լեզվով հիմնականում խոսում են Չիապաս նահանգում։ Սա նաև առաջին դպրոցն էր, որն ամբողջությամբ անցկացվեց տզոտզիլ լեզվով։
ՇՐԻ ԼԱՆԿԱ։ Եղբայր Նիշանտա Գունավարդանը և նրա կինը՝ Շիրոմալան, հատուկ ռահվիրաներ են և մասնակցում են Ռահվիրայական դպրոցին։
ՏԱՆԶԱՆԻԱ։ Զանզիբարից Ուիլիամ Բունդալա անունով մի երեց իր բակում է նստել, քանի որ այդտեղ Wi-Fi կապը ավելի կայուն է։