Անցնել բովանդակությանը

1946 թ. անցկացված «Ուրախ ազգեր» համաժողովը Քլիվլենդում (Օհայո, ԱՄՆ)

ՕԳՈՍՏՈՍԻ 2, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին միջազգային մեծ համաժողովի 75-րդ տարելիցը

Պատմական «Ուրախ ազգեր» համաժողովը նախադեպ դարձավ

Առաջին միջազգային մեծ համաժողովի 75-րդ տարելիցը

2021 թ. օգոստոսի 4-ին լրացավ Եհովայի վկաների առաջին մեծամասշտաբ «Ուրախ ազգեր» միջազգային համաժողովի 75-ամյակը։ Համաժողովը անց էր կացվել Քլիվլենդի (Օհայո, ԱՄՆ) քաղաքային մարզադաշտում և դրա մոտ գտնվող լսարանում 1946 թ. օգոստոսի 4–11-ն ընկած ժամանակահատվածում։

Եղբայրները այս համաժողովը կազմակերպեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց։ Այնտեղ միանգամայն այլ ոգի էր տիրում՝ հակառակ այն ոգուն, որը տիրում էր աշխարհում պատերազմի ժամանակ։ Աշխարհի տարբեր մասերից հազարավոր եղբայրներ և քույրեր ներկա գտնվեցին համաժողովին։ Տարբեր ռասաների և տարբեր ծագում ունեցող մարդիկ խաղաղ և հանգիստ շփվում էին իրար հետ, մինչդեռ Միացյալ նահանգների տարբեր մասերում դեռ շարունակվում էր խտրականությունը սևամորթների և սպիտակամորթների մեջ։

«Ուրախ ազգեր» համաժողովի ժամանակ առաջին անգամն էր, որ 80 000-ից ավել Վկաներ հավաքվել էին մեկ վայրում։ Պատերազմի տարիներին եղբայրներն ու քույրերը չէին կարողանում կապ պահել միմյանց հետ, սակայն այժմ նրանք վայելում էին ջերմ շփում։ Համաժողովին ներկա էին 302 պատվիրակներ 32 երկրներից։ Համաժողովի վերջին օրը՝ կիրակի, Նաթան Նորը ներկայացրեց «Խաղաղության իշխանը» ելույթը։

Քաղաքային մարզադաշտի պատին փակցված է եղբայր Նորի ելույթի վերնագիրը

Համաժողովը շատ լավ էր կազմակերպված, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ։ Հենց առաջին օրը այցելուների հետ կապված մեծ խնդիր առաջացավ։ Մարզադաշտը արդեն լիքն էր, սակայն մարդկանց հոսքը չէր դադարում։ Եղբայրները որոշեցին օգտագործել նաև հարակից մարզադաշտը, որպեսզի բոլորը կարողանան լսել երեկոյան ծրագիրը, որը սկսվելու էր 19։45-ին։ Բայց մի խնդիր կար. 2-րդ մարզադաշտում բեյսբոլի խաղեր էին անցկացվելու մինչև 18։30։

Սակայն երկրորդ խաղի ժամանակ անսպասելի անձրև ու ամպրոպ սկսվեց, և այցելուները մինչև խաղի ավարտը ազատեցին մարզադաշտը։ Քիչ անց եղանակը փոխվեց, և մոտ 50 000 Վկաներ գնացին մարզադաշտ՝ լսելու երեկոյան ծրագիրը։

Եղբայր Նորը հայտարարում է «Թող Աստված ճշմարիտ լինի» գրքի լույսընծայման մասին

«Ուրախ ազգեր» համաժողովի ընթացքում հայտարարվեց նոր ամսագրի՝ «Արթնացե՛ք»-ի, և Աստվածաշնչի ուսումնասիրության նոր ձեռնարկի՝ «Թող Աստված ճշմարիտ լինի» գրքի լույսընծայման մասին։ Բացի այդ՝ եղբայր Նորը հայտարարեց, որ ծրագրեր կան ընդլայնելու տպարանները Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ) և 6 այլ մասնաճյուղերում։

Համաժողովի կարևորագույն մասերից էր մկրտությունը։ Մարզադաշտից ոչ շատ հեռու գտնվող Էրի լճում մկրտվեց 2 602 հոգի՝ 903 եղբայր և 1 699 քույր։ Ուշագրավ էին նաև «Դիտարանի» ուսումնասիրության և Աստվածապետական ծառայության դպրոցի ցուցադրությունները, ինչպես նաև 160 երաժիշտներից բաղկացած նվագախմբի կատարումները։

Մեր եղբայրներն ու քույրերը պատրաստվում են մկրտվել

Այս համաժողովից հետո որոշ բաժիններ մինչ այժմ գործում են, օրինակ՝ սպասարկուների, առաջին օգնության, գտնված իրերի և տեղակայման բաժինները, ինչպես նաև համաժողովի նախագահի գրասենյակը։

Եղբայր Ռոն Լիթլը, որը երեց է ծառայում Փենսիլվանիա նահանգում, 11 տարեկան էր, երբ մասնակցեց համաժողովին հոր և եղբոր հետ։ Համաժողովի ութ օրերին նրանք քնել էին իրենց հոր բեռնատարում։

Եղբայր Լիթլը շատ լավ է հիշում «Արթնացե՛ք» պարբերագրի լույսընծայումը։ Նա ասում է. «Երբ հայտարարվեց «Արթնացե՛ք» պարբերագրի լույսընծայման մասին, բոլորը, պարբերագիրը ձեռքներին, այստեղից այնտեղ էին վազում ու առաջարկում նրան, ում ձեռքին, որ չէին տեսնում»։

Եղբայր Լիթլը, որն այժմ 86 տարեկան է, հիշում է, թե ինչ հիացմունքով էր լցվել՝ տեսնելով այդքան Վկաների՝ միասին հավաքված։ Նա ասում է. «Հիշում եմ, որ չէի ուզում՝ այդ ամենն ավարտվեր։ Այնքա՜ն ուրախ էինք»։

Մենք երախտապարտ ենք Եհովային մեր «սուրբ հավաքույթների» համար (Ղևտական 23։2

 

1946 թ. օգոստոսի 4–11-ն անցկացված «Ուրախ ազգեր» համաժողովի ծրագիրը (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ)։

Երկու ձայնափողով մեքենաներ, որոնց վրա վահանակներ կան՝ գրված «Կարդացեք «Դիտարանը» և «Մխիթարությունը»»։ Մեքենայի դռան վրա հանրային ելույթի վերնագիրն է՝ «Խաղաղության Իշխանը»։

Ձայնափողով մեքենայի առջև երկու աղջիկ են կանգնած և նրանց մայրը։ Աղջիկների ձեռքին 1946 թ. «Ուրախ ազգեր» համաժողովին լույս ընծայված «Արթնացե՛ք» պարբերագրի առաջին թողարկումն է։ Նրանց մայրն էլ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության հրատարակած «Պատգամաբեր» թերթի թողարկումներից մեկն է բռնել։

Հայրը՝ երկու որդիների հետ։ Նրանց հեծանիվի վրա «Խաղաղության Իշխանը» ելույթի վերնագիրն է։

Համաժողովի պատվիրակները 1946 թ. «Ուրախ ազգեր» համաժողովին ազդագրեր են ստանում, որ մարդկանց հայտնեն «Խաղաղության Իշխանը» ելույթի մասին։

Եղբայրներն աշխատում են սննդի սպասարկման բաժնում։

Համաժողովի մասնակիցները՝ ընդմիջման ժամանակ։

Համաժողովի մասնակիցների ձեռքերում նոր թողարկված «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքն է։

Եղբայրները նկարվում են։ Նրանցից շատերը ազատազրկված են եղել իրենց հավատի համար։ Նրանց մեջ է նաև եղբայր Դանիել Սիդլիկը (առաջին շարքի աջ կողմի ծայրամասում), որը հետագայում ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ։

Մկրտության թեկնածուները նստել են առաջին շարքերում։

Մկրտություն Էրի լճում։