Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ քարոզիչները ծառայում են Գերմանիայում, Մեքսիկայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները վերսկսում են տնետուն ծառայությունը

Եհովայի վկաները վերսկսում են տնետուն ծառայությունը

2022 թ. սեպտեմբերի 1-ին Եհովայի վկաները վերսկսեցին երկար սպասված տնետուն ծառայությունը, որով ճանաչված են ամբողջ աշխարհում։ Սեպտեմբերին Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու հատուկ քարոզարշավը կրկնապատկեց նրանց ոգևորությունը։ Որոշ եղբայրների և քույրերի համար դա նշանակում էր վերադառնալ բնականոն և սիրելի ծառայության ձևին, իսկ մյուսները առաջին անգամ էին անձամբ այցելելու և բարի լուրը հայտնելու իրենց հարևաններին։ Այժմ տեսնենք, թե ամբողջ աշխարհում 2023 թ. ծառայողական տարին ինչ ոգևորիչ դեպքերով է սկսվել։

Գերմանիա

2022 թ. սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզի Պետերսհագեն քաղաքում Նիկոլ և Թինա անունով երկու քույրեր գնացին տնետուն ծառայության, սակայն ոչ ոքի տանը չհանդիպեցին։ Շենքից հեռանալիս նրանք լսեցին, թե ինչպես է մի երիտասարդ կին կանչում իրենց հետևից։ Կինն ասաց, որ դուռը թակելու պահին չէր կարողացել բացել, ու խնդրեց, որ վերադառնան և խոսեն Աստվածաշնչից։ Երբ քույրերը մտան այդ կնոջ բնակարան, նրանք նկատեցին, որ սեղանի վրա դրված է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» մաշեցրած մի օրինակ։ Կինը բացատրեց, որ ստացել էր այն 3 տարի առաջ, երբ դեռ Իտալիայում էր, սակայն համավարակի ընթացքում՝ Գերմանիա տեղափոխվելուց հետո, կորցրել էր կապը Եհովայի վկաների հետ։ Քույրերը այդ կնոջ հետ փոխանակվեցին կոնտակտային տվյալներով և ժողովի հանդիպման հրավիրեցին։ Երկու օր անց այդ կինը իր երկու երեխաների հետ գնաց ժողովի հանդիպման։ Քայլեր ձեռնարկվեցին, որ նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։

Գվատեմալա

Մանուել և Կարոլ Գաստելումները, ովքեր ծառայում են որպես հատուկ ռահվիրաներ մամ լեզվով խոսող դաշտում, մի բարեհամբույր կնոջ հանդիպեցին։ Նա նրանց տուն հրավիրեց։ Այդ կինը չգիտեր, որ Աստված անուն ունի, ուստի նրանք սկսեցին քննարկել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 4-րդ դասը՝ «Ո՞վ է Աստված»։ Երբ նրանք կարդացին Եսայիա 42։8-ը, այդ կինը ապշեց՝ իր Աստվածաշնչում տեսնելով «Եհովա» անունը։

Այդ կինը սկսեց լաց լինել և ասաց, որ հիմա հասկանում է, որ միայն Աստվածաշունչ ունենալը բավական չէ, պետք է նաև իմանա, թե այն ինչ է սովորեցնում, և ապրի դրա համաձայն։ Նրան շատ դուր եկավ այն, ինչ քննարկեցին, ու ասաց, որ իր սովորածը կպատմի ամուսնուն։ Գաստելումները պայմանավորվեցին, որ շարունակեն աստվածաշնչյան թեմաների շուրջ քննարկումները:

Ճապոնիա

Յոկոհամայից եղբայր և քույր Նուկամորիները ծառայության ընթացքում մոտեցան մի տան, որի դռան մոտ խոսասարք կար։ Նրանց մի կին ողջունեց։ Զույգն ասաց, որ իրենք Եհովայի վկաներ են։ Կինը խնդրեց, որ սպասեն։ Շատ չանցած՝ նա բացեց դուռը և ասաց. «Սպասում էի, թե Վկաները երբ են ինձ այցելելու»։

Կինը պատմեց, որ Նագասակիում սկսել էր Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Համավարակի ընթացքում նա տեղափոխվել էր Յոկոհամա, բայց շարունակում էր Zoom-ի միջոցով ուսումնասիրել։ Մի քանի օր առաջ նրան ուսուցանողն ասել էր. «Սեպտեմբերին քարոզարշավ է լինելու։ Հաստատ Վկաները քո դուռն էլ կթակեն։ Կխնդրես, որ նրանք ուսումնասիրեն քեզ հետ»։ Կինը շատ էր զարմացել, որ Եհովայի վկաները այդքան շուտ այցելեցին։ Նա ցանկություն հայտնեց ներկա գտնվել ժողովի հանդիպումներին և պայմանավորվեց, որ նրանց օգնությամբ շարունակի ուսումնասիրությունը։

Ճապոնիայում քարոզիչները մասնակցում են տնետուն ծառայությանը

Մեքսիկա

Երբ մի կին ամուսնական զույգից Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկ ստացավ, ասաց, որ տարիներ առաջ ուսումնասիրել է Վկաների օգնությամբ և նույնիսկ ժողովների է գնացել։ Հետո նա կորցրել է Վկաների հետ կապը, բայց ամաչել է վերականգնել այն, քանի որ չի ապրում աստվածաշնչյան չափանիշների համաձայն։ Դա պատմելուց հետո նա սկսեց լաց լինել։ Զույգը կնոջ համար կարդաց Սաղմոս 10։17-ը, հավաստիացրեց, որ Եհովան չի մոռացել նրան, ու գովեց, որ ցանկանում է Եհովայի չափանիշներով ապրել։ Կինը համաձայնեց ուսումնասիրել և ասաց, որ իր 16-ամյա որդին նույնպես հետաքրքրված է Աստվածաշնչով։

Երբ հաջորդ օրը զույգը վերադարձավ, կինը և իր որդին սպասում էին նրանց։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի 1-ին դասը քննարկելուց հետո զույգը նրանց հրավիրեց շաբաթավերջի հանդիպմանը, և նրանք ընդունեցին հրավերը։ Թե՛ կինը, թե՛ նրա որդին շարունակում են ուսումնասիրել և հաճախել հանդիպումներին։

Պուերտո Ռիկո

Պուերտո Ռիկոյում զույգը մի կնոջ առաջարկում է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը

Ռեյմոնը դադարից հետո առաջին անգամ տնետուն ծառայության գնալիս աղոթեց, որ հանդիպի մեկին, ում կհետաքրքրի բարի լուրը։ Երբ նա թակեց առաջին դուռը, կիսաբաց դռան արանքից երևաց մի կին։ Ռեյմոնը ողջունեց և ներկայացավ։ Մինչ նա կսկսեր մատուցումը, կինն ասաց. «Չեք պատկերացնի՝ որքա՜ն երկար եմ սպասել այս օրվան։ Ես աղոթում էի, որ գաք իմ տուն»։

Կինը պատմեց, որ մի քանի տարի առաջ է հանդիպել Վկաներին և ժողովի հանդիպման մասնակցել, սակայն տեղափոխվելուց հետո կորցրել է Վկաների հետ կապը։ Ռեյմոնը բացատրեց, որ համավարակի ժամանակ մեր տնետուն ծառայությունը կասեցվել էր, ապա կարդաց Սաղմոս 37։29-ը և ներկայացրեց, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Կինը մեծ սիրով համաձայնեց ուսումնասիրել։ Ռեյմոնը հոգ տարավ, որ մի քույր այցելի նրան։

Այս դեպքից հետո Ռեյմոնն ասում է. «Համոզվեցի, որ Եհովան ու հրեշտակները ուղղորդում են մեզ դեպի այն մարդկանց, ովքեր ցանկանում են լսել բարի լուրը»։

ԱՄՆ

Երբ Քենտուկի նահանգից Քեթլին Թոմսոնը ծառայության ժամանակ մոտեցավ մի տան, նկատեց, որ փոստարկղի վրա աստվածաշնչյան համարներ են գրված, իսկ բակում «Հիսուսը սիրում է քեզ» խոսքերով փոքրիկ ցուցանակ կա։ Նա թակեց դուռը, որը բացեց մի կին։ Քեթլինը ներկայացավ և ասաց, որ COVID-19 համավարակի պատճառով Եհովայի վկաները չէին կարողանում այցելել իրենց հարևանությամբ ապրող մարդկանց։ Նաև նշեց, որ Վկաները համավարակի ընթացում քաջալերելու ու մխիթարելու համար նամակներ են գրել ու զանգահարել մարդկանց։ Քեթլինը հետաքրքրվեց, թե այդ կինը և նրա ընտանիքը ինչպես են։ Կինն ասաց, որ համավարակի ժամանակ կորցրել է հորը։ «Ես ստացել եմ Վկաների ուղարկած նամակներից,— ասաց նա։— Այնպիսի զգացում ունեի, որ Աստված ինձ շարունակ տալիս էր այն, ինչի կարիքն ունեի»։ Քեթլինն ասաց, որ խորապես ցավում է, և նրա հետ քննարկեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի 2-րդ դասը։ Նրանք ուշադրություն դարձրին դասում նշված այն համարներին, որոնք վերաբերում էին հարության հույսին։ Կինը սկսեց լաց լինել և ասաց, որ այդ օրը իր հոր մահվան տարելիցն է։ Կինը Քեթլինին տվեց իր կոնտակտային տվյալները և պայմանավորվեց նորից հանդիպել։ Ավելի ուշ նա Քեթլինին հաղորդագրություն ուղարկեց, որտեղ ասվում էր. «Շնորհակալ եմ, այսօր նման քաջալերանքի կարիք շատ ունեի»։

Անխոս, Եհովան օրհնել է տնետուն ծառայությունը վերսկսելու մեր ջանքերը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու քարոզարշավը։ Անհամբերությամբ սպասում ենք նոր պատմությունների (Հովհաննես 4։35

 

Բահամյան կղզիներ

Կամերուն

Պանամա

Ֆիլիպիններ

Հարավային Կորեա

ԱՄՆ