Անցնել բովանդակությանը

Քարտեզ. նշված մասերը Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող երկրներն են՝ Քենիան, Հարավային Սուդանը, Սուդանը և Տանզանիան։ Ձախից աջ՝ Բուգարիկայի հին Թագավորության սրահը և նորը (Տանզանիա)

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրացել է Արևելյան Աֆրիկայում Սրահների արագացված շինարարության 25 տարին

Արդեն կառուցվել է շուրջ 1 000 Թագավորության սրահ

Լրացել է Արևելյան Աֆրիկայում Սրահների արագացված շինարարության 25 տարին

2024 թ.-ին լրացավ 25 տարին, ինչ Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում իրականացվում է Թագավորության սրահների արագացված շինարարություն։ Ներկայումս այդ տարածքն ընդգրկում է Քենիան, Հարավային Սուդանը, Սուդանը և Տանզանիան։

1999 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն էր տվել, որ սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար նախատեսված հատուկ ծրագիր a գործեր, որը կարագացներ Թագավորության սրահների շինարարությունը 88 զարգացող երկրներում։ Ըստ այդ ծրագրի՝ ավելի շատ միջոցներ ունեցող մասնաճյուղերը առատաձեռնորեն իրենց ունեցածից բաժին էին հանում՝ սահմանափակ միջոցներով երկրներում շինարարությանը աջակցելու համար (2 Կորնթացիներ 8։13-15)։ Բացի այդ՝ Սրահների կառուցման փորձ ունեցող Վկաները գնում էին այլ երկրներ, որ սովորեցնեն տեղի եղբայրներին ու քույրերին։ Անհրաժեշտ ուսուցում ստանալուց հետո տեղի հավատակիցները կարողանում էին տվյալ տարածաշրջանում առաջ տանել շինարարության գործը։ Այս ծրագրի արդյունավետության վառ ապացույց է Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում իրականացվող Սրահների շինարարությունը։

1999 թ.-ին այդ մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում քարոզիչների թիվը ավելի քան 23 000 էր, բայց ընդամենը 51 Թագավորության սրահ կար։ Ժողովների մեծ մասը հանդիպումներն անում էր դրսում, տներում կամ այլ վայրերում։ Նախքան սահմանափակ միջոցներով երկրների համար նախատեսված ծրագրի մեկնարկը, որտեղ որ հնարավոր էր Սրահ կառուցել, եղբայրները օգտագործում էին ձեռքի տակ եղած նյութերը՝ փայտե սյուներ, ցեխ, մետաղական ծալքաթիթեղներ և նույնիսկ կովի չորացրած թրիք, որը խառնում էին մոխրի հետ։ Քենիայի Էմբու քաղաքի «Քինգսփոսթ» ժողովից մի քույր՝ Նենսի Ռուիտան, պատմում է. «Մեր սրահը մետաղյա թիթեղներից էր պատրաստված։ Երբ շոգ էր, ոնց որ ջեռոցում լինեինք, իսկ երբ անձրև էր գալիս, այնպիսի աղմուկ էր բարձրանում, որ հռետորին չէինք լսում։ Այնքա՜ն ուրախ ենք, որ հիմա մետաղյա թիթեղների փոխարեն քարե պատեր են։ Այժմ պայմաններն ավելի նպաստավոր են սովորելու համար։ Մեր գեղեցիկ Թագավորության սրահը մեր մասին լավ կարծիք է ստեղծում համայնքում»։

Ձախ կողմում՝ Կայոլե համայնքի հին Թագավորության սրահը (Նայրոբի, Քենիա)։ Մեջտեղում՝ 1999 թ.-ին Կայոլեում կառուցված Սրահը, որը առաջինն էր սահմանափակ միջոցներով երկրների համար նախատեսված ծրագրի շրջանակներում։ Աջ կողմում՝ Կայոլեի վերանորոգված Սրահը

Սահմանափակ միջոցներով երկրների համար նախատեսված ծրագրի շրջանակներում Արևելյան Աֆրիկայի առաջին սրահը կառուցվել էր Նայրոբիում՝ Քենիայի մայրաքաղաքում։ Հաջորդ 25 տարիների ընթացքում մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում Թագավորության սրահների թիվը 51-ից հասավ շուրջ 1 000-ի։

Արևելյան Աֆրիկայում ավելի ու ավելի շատ մարդիկ են դրական արձագանքում Թագավորության մասին լուրին, ուստի այդ տարածքում նորանոր Սրահների կարիք է առաջանում։ Եղբայր Թիմոթի Սթեֆենսը, ով Արևելյան Աֆրիկայի նախագծման/շինարարության տեղի բաժնի վերակացուի օգնականն է, ասում է. «2024 թ. դրությամբ 126 նոր Սրահի կարիք ունենք, իսկ ավելի քան 200 Սրահներում էլ պետք է մեծամասշտաբ վերանորոգումներ իրականացնենք։ Ակնկալվում է, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում Սրահների կարիքը ավելի կմեծանա»։

Ձախից աջ՝ Լոգոլոյի նոր Թագավորության սրահը և հինը (Հարավային Սուդան)

Անչափ գնահատում ենք մեր եղբայրների ու քույրերի ջանասեր աշխատանքը և բազմաթիվ զոհողությունները, որ արել են՝ Արևելյան Աֆրիկայում և աշխարհի մյուս մասերում մեր հավատակիցներին աջակցելու համար։ Մինչ Թագավորության սրահների շինարարությունը մեծ թափով առաջ է ընթանում, վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել մեզ, որ առաջ տանենք մաքուր երկրպագությունը և այդպիսով փառք ու պատիվ բերենք իրեն (Եսայիա 2։3

a 2014 թ.-ին սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար նախատեսված ծրագրի փոխարեն սկսեցին գործել նախագծման/շինարարության տեղի բաժինները։