ԱՊՐԻԼԻ 20, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կորոնավիրուսի ընթացքում մեր հավատակիցները նվիրատվությունները օնլայն են անում
Հաշվի առնելով համաշխարհային առողջապահական ճգնաժամը՝ այժմ բազմաթիվ երկրներում մեր հավատակիցները այլ կերպերով են անում իրենց հոգևոր գործերը։ Շատ վայրերում Թագավորության սրահում տեղի ունեցող հանդիպումները փոխարինվել են վիրտուալ հանդիպումներով, որոնք անցկացվում են տեսակապի միջոցով։ Բացի այդ՝ մեր քույրերն ու եղբայրները փոխել են նաև նվիրատվություններ անելու կերպը. այժմ նրանք համաշխարհային քարոզչական գործին աջակցում են օնլայն եղանակով։
Ավելի քան 112 երկրներում Եհովայի վկաները իրենց դեբետային կամ կրեդիտային քարտերով կարող են donate.pr418.com կայքում էլեկտրոնային եղանակով նվիրատվություններ անել։
Քանի որ քարոզիչների մեծ մասը չի կարող Թագավորության սրահում նվիրատվություն անել, շատերը իրենց քարտը կցել են donate.pr418.com կայքին, որպեսզի ամեն ամիս քարտից ավտոմատ կերպով գումար գանձվի պարբերական նվիրատվությունների համար։ ԱՄՆ-ից 74-ամյա Սյուզան Կոհենը, որն օգտվում է պարբերական նվիրատվությունների ֆունկցիայից, ասում է. «Դա այնքան հեշտ է։ Եթե ես կարողանում եմ անել, բոլորն էլ կկարողանան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ այս պայմաններում կարողանում եմ նվիրատվություն անել»։
Եղբայր Էդուարդո Պայվան, որը բնակվում է Բրազիլիայում, նախկինում կարծում էր, որ donate.pr418.com կայքը ընդամենը նվիրատվություն անելու հավելյալ միջոց է։ Նա ասում է. «Սակայն այժմ հասկանում եմ, որ դա հիանալի միջոց է, որ շարունակենք աջակցել համաշխարհային գործին արտակարգ իրավիճակների ու դժվարությունների ժամանակ և դրանով մեր սերն ու երախտագիտությունը արտահայտենք այս վերջին օրերում»։
Եղբայր Գայուս Գլոքենթինը, որը Եհովայի վկաների գլխավոր վարչության (Ուորվիք, Նյու Յորք) ֆինանսների բաժնի վերակացուն է, ասում է. «Քաջալերական է տեսել, թե որքան պատրաստակամ են մեր եղբայրները Թագավորության գործին աջակցելու հարցում։ Մենք թանկ ենք գնահատում նրանց նվիրատվությունները և անընդհատ վերանայում ենք մեր ծախսերը, որ հասկանանք, թե ինչպես կարող ենք խնայել նվիրաբերված միջոցները»։ Թեև այս օրերին ոմանք ստիպված են եղել պակասեցնել իրենց նվիրատվությունները, սակայն Եհովայի կազմակերպությանը աջակցելու նրանց պատրաստակամությունը չի նվազել (2 Կորնթացիներ 9։7)։