ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաժողով, որը հեռարձակվեց համաշխարհային մասշտաբով
2020 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում միլիոնավոր եղբայրներ ու քույրեր հետաքրքրվողների հետ միասին դիտեցին 2020 թ. համաժողովի ծրագիրը։
Բոլորը սպասում էին «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովին, որը պետք է տեղի ունենար 240 երկրների համաժողովների սրահներում, համաժողովի կենտրոններում և մարզադաշտերում։ Սակայն առողջապահական նկատառումներից ելնելով՝ Կառավարիչ մարմինը որոշեց տարածաշրջանային համաժողովը դարձնել վիրտուալ համաշխարհային իրադարձություն։ Մենք սկսել ենք համաժողովներ անցկացնել 1897 թ.-ից, և սա առաջին համաժողովն էր, որ անցկացվեց օնլայն հարթակում։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը ասաց. «Երբ շրջանային համաժողովները չեղարկվեցին, մեր նպատակն էր կազմակերպել մի համաշխարհային իրադարձություն, որին բոլոր ցանկացողները կկարողանային մասնակցել միաժամանակ։ Մենք գիտեինք, որ չորս ամսից էլ քիչ ժամանակահատվածում ծրագիրը պետք է թարգմանվեր հարյուրավոր լեզուներով։ Սովորաբար այս ծավալի աշխատանք կազմակերպելու և իրականացնելու համար պետք է ծախսել մեկ տարուց էլ ավել ժամանակ։ Ի՜նչ ուրախություն էր տեսնել, որ համաժողովի առաջին մասը 2020 թ. հուլիսի 6-ին արդեն հասանելի էր մոտ 400 լեզուներով։ Ակնկալում ենք, որ ծրագիրը հետագայում հասանելի կլինի 511 լեզուներով»։
Այս վիրտուալ ծրագրի մասին մի քույր, որը մենակ է մեծացնում իր երեք երեխաներին, այսպես արտահայտվեց. «Չնայած կարոտում ենք մեր ընկերներին, սակայն այս նախաձեռնությունը շատ օգտակար էր երեխաների համար։ Ծրագիրը կարճ հատվածներով դիտելը օգնել է նրանց, որ չշեղվեն։ Եթե ընդմիջման կարիք ունենան, կարող ենք կանգնեցնել տեսանյութը, որ ոչ մի րոպե բաց չթողնենք։ Ուրբաթ օրվա ծրագրում ընդգծվում էր, որ երեխաները նետերի նման են, որոնց պետք է ուղղորդել Եհովային ծառայելուն, ինչը նրանց ուրախ և բավարարվածությամբ լի կյանք կպարգևի։ Այս վիրտուալ համաժողովը ինձ շատ օգնեց այս հարցում» (Սաղմոս 127։4)։
Այս պատմական համաժողովը գրավեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը։ Ռոբերտ Հենդրիքսը, որը հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներն է կոորդինացնում ԱՄՆ-ի մասնաճյուղում, նշում է. «Շատ լրագրողներ են անդրադարձել այս վիրտուալ համաժողովին։ Նրանք դրական են արտահայտվել այն փաստի առնչությամբ, որ մեր կազմակերպությունը ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ շարունակում է անցկացնել համաժողովները՝ միևնույն ժամանակ կարևորելով բոլորի անվտանգությունը»։
2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովի ժամանակ մենք նոր տեսանկյունից բացահայտեցինք Եհովային՝ որպես Մեծ Ուսուցչի (Եսայիա 30։20)։